1000х90.jpg (78 KB)

Հիմա բանակցություններ ընթանում են բանակցություններ սկսելու ձևաչափի ու պարամետրերի մասին. Փաշինյան

Armenpress 19:10, 25 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեծապես կարևորում է Արցախի դիրքորոշումն այն հարցում, թե Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման օրակարգը պե՞տք է տարանջատել ԼՂ հիմնախնդրի կարգավորման օրակարգից, թե՞ հարաբերությունների կարգավորման թեման պետք է լուծի նաև ԼՂ-ի հիմնախնդիրը. այս հարցով դիրքորոշում ձևավորելու համար Հայաստանում քննարկումներ են ընթանում, իսկ այս պահին բանակցություններ ընթանում են միայն բանակցություններ սկսելու ձևաչափի, պարամետրերի մասին:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանն այս մասին ասաց ԱԺ նիստում կառավարության անդամների հետ հարցուպատասխանին:

ՔՊ խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը հիշեցրեց, որ Բրյուսելի եռակողմ հանդիպումից հետո ԵԽ նախագահի հրապարակած հայտարարությունում հիշատակում չի եղել խաղաղության բանակցությունների համար Ադրբեջանի առաջարկների և դրան ի պատասխան Հայաստանի առաջարկների մասին: Իսկ Ադրբեջանի նախագահը հայտարարել էր, թե խաղաղության պայմանագրի պատրաստման հարցում հիմնական դեր են խաղալու Ադրբեջանի առաջարկած 5 սկզբունքները:

«Շահարկումների տեղիք տված որոշ ձևակերպումներ իրականում այն մասին են, որ Հայաստանի և Ադրբեջանի առաջարկած սկզբունքները պետք է դառնան խաղաղության պայմանագրի ընդհանուր հենասյուները: Գուցե ոչ ճշգրիտ է ձևակերպված, ոչ հաջող, բայց իրականում դրա մասին է խոսքը»,-վստահեցրեց Փաշինյանը:

 Միջազգային հանրության շրջանում կա շատ կարևոր հայեցակարգային բանավեճ, Փաշինյանը նկատեց, որ այդ բանավեճը հասել է նաև Հայաստանի Հանրապետություն, և քննարկում կա: «Կա հարցադրում, թե արդյոք հարաբերությունների կարգավորման թեման պետք է լուծի նաև ԼՂ-ի հիմնախնդիրը, թե՞ ԼՂ հիմնախնդիրը պետք է տարանջատվի հարաբերությունների կարգավորման հիմնախնդրից և դիտվի որպես առանձին հարց: Այս հարցը ծագել է մեր արձագանքից: Ադրբեջանն ասում է՝ «իրար նկատմամբ տարածքային պահանջների բացակայություն», մենք ասում ենք, որ դա ընդունելի է, որովհետև մեզ համար Ղարաբաղի հարցը երբեք տարածքի խնդիր չի եղել, դա իրավունքի խնդիր է: Եվ ԵԽ նախագահի հայտարարության մեջ հղում է արված իրավունքին՝ հենց այդ կոնտեքստն ըստ ամենայնի ընդգծելու համար»,-ասաց Փաշինյանը:

Փաշինյանը նկատեց, որ ընդդիմության ներկայացուցիչները նույնպես զարգացնում են այդ օրակարգը, ասում են՝ հարաբերությունների կարգավորման օրակարգը տարանջատել ԼՂ հիմնախնդրի կարգավորման օրակարգից: Վարչապետը սա համարեց լեգիտիմ և գոյության իրավունք ունեցող տեսակետ: Նա կարևորեց այս ընթացքում քննարկումները՝ ընդգծելով, որ ընդդիմադիր մի շարք գործընկերներ հրաժարվում են այդ քննարկումներից: «Բայց քաղաքական այլ շրջանակների հետ մենք այդ քննարկումներն ունենում ենք, ընդ որում՝ նաև Արցախի իշխանությունների հետ ենք քննարկում, թե այնուամենայնիվ  ճամփաբաժանին ո՞ր մարտավարական մոտեցումն է ավելի լավը»,-ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ ինքն իր դիրքորոշումն ունի, սակայն այդ դիրքորոշման հարցում կկոնկրետանան ավելի լայն շրջանակների հետ քննարկումներից հետո:

Նա ընդգծեց, որ այդ հարցում Արցախի դիրքորոշումը շատ կարևոր և էական է լինելու:

«Ըստ էության, հիմա բանակցություններ ընթանում են բանակցություններ սկսելու ձևաչափի պարամետրերի մասին: Այն, ինչ քննարկում ենք, հենց դրա մասին է»,-ասաց վարչապետը:

Իսկ, թե բուն բանակցությունները երբ կլինեն, վարչապետը չի կարող ասել: Երկու երկրների ԱԳ նախարարություններն աշխատում են իրար հետ: «Կան այսպիսի հարցեր, որոնք էական են, և չի բացառվում, որ ի վերջո այս օրակարգի դասակարգման և դասավորման վերաբերյալ ձևավորվի որոշակի ըմբռնում, և այդ ընդհանուր ըմբռնման շրջանակում մենք առաջ գնանք: Այդ հարցը կա, և ես տեսնում եմ, որ այդ հարցի մասին սկսել է խոսել նաև ընդդիմությունը, բայց այդ հարցն արդեն մի քանի ամիս կա դիվանագիտական, միջազգային և մեր ներքին քննարկումների օրակարգում»,-եզրափակեց Փաշինյանը:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am