Պատմության հետագծով

Armenpress 08:40, 26 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: 451 թ. մայիսի 26-ին ապստամբ հայկական ուժերի եւ պարսկական բանակի միջեւ տեղի ունեցավ Ավարայրի ճակատամարտը:

-451 թ. մայիսի 26-ին նահատակվել է Վարդան Մամիկոնյանը՝ սպարապետ, Ավարայրի հերոս:

-451 թ. մայիսի 26-ին նահատակվել է Խորեն Խորխոռունին:

-451 թ. մայիսի 26-ին նահատակվել է Ներսեհ Քաջբերունին:

-Սարդարապատի ճակատամարտ. տեղի է ունեցել 1918 թ. մայիսի 21-29-ը՝ հայկական կանոնավոր զորամասերի, աշխարհազորի եւ Արեւելյան Հայաստան ներխուժած թուրքական զորաբանակի միջեւ։ Սարդարապատի հերոսամարտը հաճախ անվանում են «20-րդ դարի Ավարայր»:

-1896 թ. մայիսի 26-ին Նիկոլայ 2-րդը դառնում է Ռուսաստանի ցար:

-1918 թ. մայիսի 26-ին ստեղծվում է Վրաստանի առաջին հանրապետությունը:

-1928 թ. մայիսի 26-ին ՖԻՖԱ-ն որոշում է ընդունում չորս տարին մեկ ֆուտբոլի աշխարհի առաջնություն անցկացնելու մասին:

-1986 թ. մայիսի 26-ին Եվրոպական տնտեսական համագործակցությունն ընդունեց Եվրոպայի դրոշը:

-1842 թ. մայիսի 26-ին ծնվել է Գեորգի Ծերեթելին՝ վրացի գրող եւ բանաստեղծ:

 

Հետաքրքրական է

Ֆուտբոլի ասոցիացիաների միջազգային ֆեդերացիա կամ ՖԻՖԱ (FIFA)՝ միջազգային  սպորտի ղեկավարման մարմին, որը կառավարում է ֆուտբոլը, ֆուտզալը եւ լողափնյա ֆուտբոլը։ ՖԻՖԱ-ն կազմակերպում է ֆուտբոլի գլխավոր միջազգային մրցումները, այդ թվում Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը, որն անցկացվում է 1930-ից, եւ Կանանց ֆուտբոլի աշխարհի առաջնությունը, որն անցկացվում է 1991-ից։

Միջազգային հանդիպումների աճը 20-րդ դարի սկզբին ֆուտբոլային եզակի կառավարող մարմնի պահանջ առաջացրեց։ ՖԻՖԱ-ն հիմնադրվեց Փարիզում 1904 թ. մայիսի 21-ին։ Ֆրանսիական անվանումն օգտագործվում է նաեւ ոչ ֆրանսախոս երկրներում։ ՖԻՖԱ-ի հիմնադիր անդամներն էին Բելգիան, Դանիան, Ֆրանսիան, Նիդերլանդները, Իսպանիան (ներկայացնում էր «Ռեալ Մադրիդը», քանի որ ֆեդերացիան հիմնադրվել է 1913 թ.), Շվեդիան եւ Շվեյցարիան։ Նաեւ նույն օրը Գերմանիայի ֆեդերացիան հայտարարեց իր պատրաստակամության մասին հեռագրի միջոցով։

ՖԻՖԱ-ի կազմակերպած առաջին միջոցառումը 1908 թ. Oլիմպիական խաղերի ֆուտբոլի մրցումներն էին Լոնդոնում, որն ավելի հաջող էր, քան դրան նախորդած մրցությունները։ ՖԻՖԱ-ի անդամակցությունն ընդարձակվեց Եվրոպայից դուրս, եւ կազմակերպությանը միացան Հարավաֆրիկյան Հանրապետությունը (1909 թ.), Արգենտինան (1912 թ.), Կանադան ու Չիլին (1913 թ.), Միացյալ Նահանգները (1914 թ.)։

Ա. Հ.



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am