1000х90.jpg (78 KB)

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հյուրընկալել է Փարիզի գործընկերոջը

Armenpress 16:50, 28 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյին: Ընդլայնված կազմով հանդիպմանը մասնակցել են Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը, Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանը, «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը և Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջունելով գործընկերոջը՝ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ընդգծել է, որ Երևանը մեծապես կարևորում է գործակցության խորացումը ֆրանսիական գործընկեր քաղաքների ու ռեգիոնների հետ և այս համատեքստում Փարիզն առանձնակի նշանակություն ունի:

«Տիկին Իդալգո, տեղյակ եմ, որ բազմիցս եղել եք Երևանում, ինչը ևս մեկ անգամ փաստում է Ձեր առանձնահատուկ վերաբերմունքը մեր մայրաքաղաքի ու երկուստեք հարաբերությունների հարցում: Ֆրանկոֆոն քաղաքապետների միջազգային ասոցիացիայի (AIMF) հետ գործակցության շրջանակում ունենք առաջընթաց և առաջիկայում նախանշում ենք նոր ծրագրերի իրագործում: Առանձնակի ուզում եմ շնորհակալություն հայտնել 2020թ. պատերազմական գործողությունների ժամանակ ցուցաբերած աջակցությա համար: Մենք մեծապես կարևորում ենք ապակենտրոնացված համագործակցության համաժողովների անցկացումը, և հերթական համաժողովին, որը տեղի է ունենալու այս տարի հունիսին Լիոնում, մասնակցություն կունենամ նաև ես»,- ընդգծել է Երևանի քաղաքապետն ու համոզմունք հայտնել, որ Փարիզի քաղաքապետի այցը նոր թափ կհաղորդի երկու մայրաքաղաքների միջև հաստատված գործակցության ընդլայնմանն ու համատեղ ծրագրերի իրականացմանը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն իր հերթին նկատել է, որ Հայաստանի և Ֆրանսիայի մայրաքաղաքների միջև իսկապես առկա է փոխգործակցության լայն դաշտ, ինչը հնարավորություն կտա է՛լ ավելի ընդլայնել համատեղ ծրագրերը:

«Երևանի և Փարիզի հարաբերությունները չափազանց սերտ են, և սա իմ երրորդ այցն է Երևան: Մենք արդեն իսկ ունենք շատ կարևոր ծրագրեր, որոնք դարձել են իրականություն. Երևանի ներշնչմամբ կարողացել ենք «Թումո» կենտրոն բացել նաև Փարիզում: Այսօր մենք նախանշում ենք նաև ավելի ընդլայնված գործակցություն, մասնավորապես՝ ժառանգության պաշտպանության հարցերով, և այս ուղղությամբ աշխատանքներին Երևանի մասնակցությունը ևս կլինի համապարփակ: Ես շատ եմ սիրում այս քաղաքը և երջանիկ եմ, որ այսօր մենք Երևանի հետ նոր ծրագրերի հիմքեր ենք դնում»,- ընդգծել է Փարիզի քաղաքապետը:

Հանդիպման շրջանակում կողմերը մտքեր են փոխանակել նաև ընթացիկ ծրագրերի և նախանշված աշխատանքների իրականացման շուրջ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am