Ասիական զարգացման բանկը պատրաստակամ է ընդլայնել Հայաստանի հետ իրականացվող ծրագրերի շրջանակը

Armenpress 18:44, 2 Հունիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հունիսի 2-ին ընդունել է Ասիական զարգացման բանկի փոխնախագահ Շիխին Չենին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմից, ողջունելով հյուրին՝ նախագահ Խաչատուրյանը նշել է, որ Ասիական զարգացման բանկը Հայաստանի առանցքային գործընկերներից է և 2005 թվականից սկսած երկրի սոցիալ-տնտեսական զարգացման, ենթակառուցվածքային ծրագրերի, կրթական, առողջապահական, բարձր տեխնոլոգիաների ոլորտներում բարեփոխումների իրականացման գործում նշանակալի ներդրում ունի: Նախագահը նշել է, որ Ասիական զարգացման բանկի աջակցությունը բարձր է գնահատում ոչ միայն Հայաստանի կառավարությունը, այլ նաև քաղաքացիները:

Ասիական զարգացման բանկի փոխնախագահ Շիխին Չենը նշել է, որ Հայաստանը վստահելի գործընկեր է և բանկը պատրաստակամ է ընդլայնել Հայաստանի հետ իրականացվող ծրագրերի շրջանակը: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am