1000х90.jpg (78 KB)

Գեղարքունիքի մարզպետն ընդունել է ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատարին

Armenpress 17:42, 16 Հունիս, 2022

ԳԱՎԱՌ, 16 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունել է  Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Լիլա Փիթրս Յահիային, Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության ներկայացուցչի օգնական Գայանե Նասոյանին ու ՄԱԿ-ի այլ փորձագետների։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, Գեղարքունիքի մարզպետը ողջունել է  հյուրերին՝  կարեւորելով ՄԱԿ-ի կողմից Գեղարքունիքի մարզում մեկնարկած եւ ընթացքի մեջ գտնվող ծրագրերի դերը  հատկապես սահմանամերձ բնակավայրերի գյուղացիական տնտեսությունների սոցիալական վիճակի բարելավման հարցում։ Կողմերը տեսակետներ են փոխանակել  պարենի, էներգիայի եւ ֆինանսական միջոցների ներկայիս ճգնաժամին արձագանքելու նպատակով ձեռնարկվող միջոցառումների, ինչպես նաեւ մարզում կայուն զարգացման նպատակների իրականացմանն ու կլիմայի փոփոխության դիմագրավմանն ուղղված գործողությունների վերաբերյալ։

Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Լիլա Փիթրս Յահիան խոսել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության եւ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հետ համագործակցությամբ 2021 թվականից մեկնարկած հրատապ աջակցության ծրագրի մասին, որի նպատակն է՝ օգնել 2020 թվականին Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդյունքում Հայաստան տեղափոխված խոցելի խմբերին։ Ծրագրի հիմնական նպատակը ճգնաժամից հետո ստեղծված փխրուն իրավիճակում գտնվող տեղահանված եւ հյուրընկալող համայնքների գոյության միջոցների պաշտպանությունն է, վերականգնումը կամ ստեղծումը: Այդ նպատակով հրատապ աջակցության ծրագիրը աջակցություն է տրամադրում՝ պաշտպանելու եւ վերականգնելու կենսապահովման համար կարեւոր նշանակություն ունեցող միջոցները, ինչը կօգնի՝ բարելավել գյուղատնտեսական արտադրանքը եւ, ի վերջո, պարենային ապահովվածությունն ու սնուցումը։ Աջակցությունը ներառում է մարզ տեղափոխված խոշոր եղջերավոր կենդանիներին անասնակերի տրամադրում, հավերի տրամադրում այն ընտանիքներին, որոնք չեն կարողացել տեղափոխել իրենց ֆերմայի  կենդանիներին, շինանյութ՝ հավանոցների վերանորոգման համար, անասնապահության լավագույն փորձի վերաբերյալ դասընթացներ եւ անասնաբուժական ծառայություններ։

Այնուհետ ՄԱԿ-ի ներկայացուցիչը նշել է, որ Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպությունը նախաձեռնել է հրատապ աջակցության մեկ այլ ծրագիր՝ ցորենի պաշարների պակասի ռիսկերը մեղմելու նպատակով օժանդակելու աշնանացան ցորենի բարձրորակ սերմերի ներմուծմանը: Ծրագիրն առավել խոցելի փոքր ֆերմերային տնտեսություններին կտրամադրի բարձրորակ ցորենի սերմեր եւ անհրաժեշտ տեխնիկական խորհրդատվություն՝ ցորենի արտադրության եւ կառավարման բարելավման վերաբերյալ:

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը բարձր է գնահատել կազմակերպության տարբեր կառույցների, այդ թվում՝ Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության կողմից ցուցաբերված աջակցությունը։ Նա նաեւ պատրաստակամություն է հայտնել՝ առավել ընդլայնելու  համագործակցության ոլորտները։

Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության ներկայացուցչի օգնական Գայանե Նասոյանն իր հերթին ներկայացրել է Գեղարքունիքի մարզում կազմակերպության կողմից 2021-25 թվականների առաջնահերթություններն ու իրականացվող աջակցության ծրագրերը։

Այցի ընթացքում ՄԱԿ-ի ներկայացուցիչները հանդիպումներ են ունեցել  նաեւ Վարդենիս համայնքի Սոթք բնակավայրի ֆերմերների եւ շահառուների հետ, ովքեր ներկայացրել են  կլիմայի փոփոխության, սերմերի եւ պարարտանյութերի սակավության ազդեցությանը դիմագրավելու իրենց ռազմավարությունները:

 

Խոսրով Խլղաթյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am