1000х90.jpg (78 KB)

Orion Summit-ի շրջանակում տրվեց «Թվային Ջուղա ցանցի»-ի պաշտոնական մեկնարկը

Armenpress 18:05, 22 Հունիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Orion Summit 2022 տեխնոլոգիական գագաթնաժողովի շրջանակում տրվեց «Թվային Ջուղա ցանց»-ի՝ (Digital Julfa Network) որպես համահայկական մտավոր, տեխնոլոգիական, առևտրային ու մշակութային ուժը համախմբող նախաձեռնության, պաշտոնական մեկնարկը: «Արմենպրես»-ը Թվային Ջուղա ցանի մասին զրուցել է գագաթնաժողովի գլխավոր բանախոս, ներդրումային բանկերի և ֆինանսական խորհրդատվության ոլորտում ճանաչված մասնագետ, «Հայկական ընկերակիցների միության» խորհրդի անդամ Մարկ Չենյանի հետ:

« Ջուղա բառը գալիս է մեր պատմությունից, երբ Շահ Աբասի «ձեռքով» Իրան փոխադրվեցին հայեր և վաճառական կենտրոն դարձրին Սպահանի շրջանը: Վաճառական կենտրոնը մի կողմից հասավ մինչև Ֆիլիպիններ, մյուս կողմից՝ մինչև Եվրոպա»: «Թվային Ջուղան» այսօրվա իրականությունում սիմվոլ է, որ մեր տնտեսությունը ոչ միայն տեղական, այլ նաև միջազգային տնտեսություն լինի»,-ասաց Չենյանը:

Այսպիսով` նա ընդգծեց՝ ինչպես ժամանակին Նոր Ջուղայի վաճառական ցանցը միայն Նոր Ջուղայի ժողովրդի համար վաճառական ցանց չէր, այլ համաշխարհային ցանց էր, այդ ձևով էլ Թվային Ջուղան միջազգային ցանց է՝ տեխնոլոգիական ուղղվածությամբ: Գաղափարն այն է, որ Հայաստանում հիմնված, կենտրոնացած ընկերությունների ծառայությունները, արտադրանքը արժեք ունենան նաև միջազգային շուկայում, Հայաստանում ստեղծված ընկերությունները արտադրեն, սպասարկեն միջազգային շուկայի համար: «Այդ ձևով մեր երկիրը տնտեսապես շատ օգուտներ կարող է ունենալ»,-ասաց Չենյանը:

Եվ վերջում նա հիշեցրեց՝ այս դեպքում Ջուղա անունը սիմվոլ է, սիմվոլի իմաստը այն է, որ ցանցը խարսխված է հայկական հողի վրա, բայց իր թևերը սփռում է ամբողջ աշխարհում:

                                                                                      

                                              

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am