1000х90.jpg (78 KB)

Երաժիշտ, որը հուզում էր մի նոտայով. պանթեոնում կտեղադրվի Ջիվան Գասպարյանի կիսանդրին

Armenpress 10:24, 28 Հունիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դուդուկահար, կոմպոզիտոր Ջիվան Գասպարյանը տարիներ շարունակ ծիրանափողի մեղեդիները տարածել է աշխարհով մեկ՝ հանրահռչակելով դուդուկն ու հայկական երաժշտությունը: Գասպարյանը, որը համերգային շրջագայություններով եղել է աշխարհի բազմաթիվ երկրներում, նվագել հեղինակավոր բեմերում, մահկանացուն կնքել է 2021-ի հուլիսի 6-ին ԱՄՆ-ում: 

Ջիվան Գասպարյանի մահվան առաջին տարելիցին Կոմիտասի անվան պանթեոնում, որտեղ ամփոփվել է երաժշտի մարմինը, կբացվի դուդուկահարի կիսանդրին, որի հեղինակը քանդակագործ Ալեքսան Բաբայանն է:

Ջիվան Գասպարյանի թոռը՝ դուդուկահար Ջիվան Գասպարյան կրտսերը, «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասում է՝ չի բացառվում, որ նվագի  կիսանդրու բացմանը՝ փորձելով շնորհակալություն հայտնել իր պապին, որը նաև իր վարպետն էր:

«Պապս ասում էր, որ կարևոր է, թե ինչպես մարդ կհեռանա կյանքից: Ուրախ եմ, որ նա վերջին հանգրվանը գտավ պանթեոնում: Պապս ասում էր, որ պանթեոնում թաղված շատ մեծերի հետ է հաղորդակցվել, ընկերություն արել: Այդտեղ հանգրվանել են մեծեր, որոնց հետ նաև ես եմ շփվելու պատիվն ունեցել: Նրանցից են Գեղամ Գրիգորյանը, Յուրի Վարդանյանը: Բոլորի հետ կապված հետաքրքիր պատմություններ կան»,- պատմում է կրտսեր Գասպարյանը:

Ջիվան Գասպարյանին նվիրված մի շարք միջոցառումներ, համերգային ծրագրեր և այլ նախաձեռնություններ կյանքի կկոչվեն ոչ միայն Հայաստանում, այլև Ռուսաստանում: Սեպտեմբերին Ջիվան Գասպարյան կրտսերը, համագործակցելով Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ, որի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորը Սերգեյ Սմբատյանն է, համերգային ծրագրով կներկայանա Երևանում:

Լուսանկարը՝ Ջիվան Գասպարյան կրտսերի «Ֆեյսբուքի» պաշտոնական էջից

Երիտասարդ դուդուկահարը հորը կորցրել է տասը տարի առաջ: Ասում է՝ պապի կորուստը նման էր երկրորդ անգամ հայր կորցնելուն: «Քսան տարի Ջիվան Գասպարյանի հետ շրջագայել եմ աշխարհում: Նա ասում էր, որ ինձ մարդկանց ներկայանալու հնարավորություն է ընձեռում և վստահ է, որ կարող եմ ըստ արժանվույն հանդես գալ, հակառակ դեպքում չէր բարդացնի իմ կյանքը: Ասում էր՝ պետք է կամ լավը լինել, կամ չնվագել առհասարակ: Դա ինձ համար մեծ պատասխանատվություն էր: Նրա վստահությունն ինձ ոգևորում էր, թևեր էր տալիս»,- նշում է Ջիվան Գասպարյան կրտսերը:

Ջիվան Գասպարյանը ոչ միայն կարևորել է բարձրակարգ երաժիշտ լինելը, այլև մարդկային բարձր հատկանիշներն ու արժեքները, որոնց շնորհիվ նա մեծ հարգանք է վայելել շրջապատում:

«Կան լավ երաժիշտներ, երգիչներ, դերասաններ, սակայն ոչ բոլորն են հարգված ու սիրված: Ինձ հաճախ են հարցնում, թե պապիս անունն ինձ չի՞ խանգարում: Զարմանում եմ, թե ինչու պետք է խանգարի: Ջիվան Գասպարյանի անունն ու ազգանունն ինձ համար դռներ են բացում, ձեռքերի վրա են ընդունում ինձ, քանի որ պապս ոչ միայն հրաշալի երաժիշտ էր, այլև հրաշալի մարդ»,- նշում է դուդուկահարի թոռը:

Նրա խոսքով՝ Ջիվան Գասպարյանին վերաբերող հսկայական արխիվային նյութեր, տեսանյութեր կան, որոնց միջոցով տեսնում, բացահայտում է, թե ինչպես է պապը նվագել տարբեր տարիքներում: Երբ հավաքում է նյութերը, նորովի է ճանաչում պապին: Չգիտի՝ կլինե՞ն երաժշտության նման մեկնաբաններ, թե՞ ոչ:

«Նրա կատարումներն ու երաժշտությունը բոլորին տակնուվրա էին անում: Ջիվան Գասպարյանի հետ նվագել եմ բազմաթիվ փառատոններում, Անգլիայի թագուհու, Նելսոն Մանդելայի համար: Երեք անգամ Ստամբուլում ենք ելույթ ունեցել: Թուրքերը մոտենում ու նրա տարազն էին համբուրում, սակայն նա չէր բարձրաձայնում այդ մասին: Նա երաժիշտ էր, որը հուզում էր մի նոտայով»,- ասում է դուդուկահարը:

Ջիվան Գասպարյան կրտսերը հիշում է՝ երբ պապի հետ սկզբնական շրջանում բեմ է բարձրացել ու Ջիվան Գասպարյանը կատարել է «Մամա» ստեղծագործությունը, ինքը հուզվել է: «Պապս ասում էր, որ իր մորը չի հիշում, չգիտի, թե որտեղ է նրա գերեզմանը: Նա նվագում էր իր պատկերացրած մոր մասին: Ես երբեք չեմ կարողանա անել այն, ինչ նա է արել, և չեմ ցանկանա կրկնել նրան: Դուդուկը շատ գաղտնիքներ ունի, որոնք պետք է բացահայտել: Եթե Ջիվան Գասպարյանը ժամանակին ներկայացներ այն, ինչը լսել էր, հաջողություն չէր ունենա: Նա այդ օրվա խոսքն է ասել ու զարգացրել է այն: Մենք էլ պետք է մեր խոսքն ասենք»,- հավաստիացնում է կրտսեր Ջիվանը:

Նա իր ընկերոջ՝ դաշնակահար Սաշա Շլեյնի հետ ալբոմ է թողարկել՝ նվիրված Ջիվան Գասպարյանին: Այն կոչվում է Devotion (Նվիրվածություն): Երաժիշտները հետաքրքիր գործիքավորմամբ են ներկայացրել հայկական ստեղծագործությունները: «Շատ բան պետք է անել և կարող եմ անել, որովհետև դա իմ առաքելությունն եմ համարում»,- եզրափակում է Ջիվան Գասպարյան կրտսերը:

Անժելա Համբարձումյան

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am