1000х90.jpg (78 KB)

Այստեղի հայկական համայնքը մեր պարծանքներից մեկն է. Աննա Հակոբյանին հյուրընկալել են Նիցցայի քաղաքապետարանում

Armenpress 14:58, 28 Հունիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիա կատարած այցի շրջանակներում հունիսի 28-ին ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանին ընդունել են Նիցցայի քաղաքապետարանում։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ առաջին փոխքաղաքապետ Անտոնի Բորրեն, ողջունելով Աննա Հակոբյանի այցը, տեղեկացրել է, որ քաղաքապետ, պատգամավոր, Նիցցայի Մետրոպոլիսի նախագահ Քրիստիան Էստրոզին աշխատանքային այցով գտնվում է Փարիզում՝ նշելով, որ այդ բացակայության պատճառով փոխանցում է քաղաքապետի ներողությունը: Նա վստահություն  է հայտնել, որ նման հանդիպումները նոր շունչ են հաղորդում հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերություններին։

Քաղաքապետարանում  կայացել է  հանդիպում-քննարկում, որին մասնակցել են նաև քաղաքապետի խորհրդական Պիեր Ֆիորին, փոխքաղաքապետ  Մագալի Ալթունյանը,  հայկական համայնքի ներկայացուցիչներ, անվանի բժիշկներ։  

Փոխքաղաքապետ Բորրենը  իր ելույթում նշել է, որ  թեև Նիցցան և Երևանը  քույր քաղաքներ են, սակայն Նիցցայի ամուր  կապը Հայաստանի հետ հաստատվել է 1988թ-ի երկրաշարժից հետո։

«Նիցցայի հայկական համայնքը մեր պարծանքներից մեկն է, որովհետև հայ բնակիչները, լինելով Ֆրանսիայի լիարժեք և օրինապաշտ քաղաքացիներ, պահպանում են իրենց հայկական արժեքները, արմատները, ինչի վառ ապացույցը Պարսամյան դպրոցն է»,- ընդգծել է  առաջին փոխքաղաքապետն՝ առանձնահատուկ շեշտելով հայ համայնքի ներկայացուցիչներ SOS-Armenie Cote d'Azur ասոցիացիայի նախագահ Սամսոն Օզարարատի և Պարսամյան համալիրի կառավարման խորհրդի նախագահ Կիրկոր  Աժդերհանյանի հետ համագործակցության կարևորությունը։ Փոխքաղաքապետի խոսքով՝  վերջինների հետ համագործակցությունը սկսվել է 1988թ-ի երկրաշարժից հետո, և նրանց միջոցով Նիցցան բազմաթիվ ծրագրեր իրականացրել է Հայաստանում, և դրանք վստահաբար շարունակվելու են։

Անտոնի Բորրենը հավելել է նաև, որ իրենք բարձր են գնահատում կոռուպցիայի վերացմանն ուղղված վարչապետ Փաշինյանի ջանքերը, և նրա ընտրվելուց հետո  ակներև է Հայաստանում ժողովրդավարության զարգացումը։

Հանդիպմանը  ելույթով հանդես  է եկել նաև  Սիմյե հիվանդանոցի բժիշկ, պրոֆեսոր Պիեր Մարտինին, պատմելով, որ դեռևս 2005թ-ին Նիցցայի քաղաքապետի գլխավորած պատվիրակության կազմում այցելել է Հայաստան, եղել Գյումրիում ՝ քաղաքային հիվանդանոցներից մեկին բժշկական սարքավորումներ նվիրաբերել։

Վարչապետի տիկինն  իր ելույթում շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝   շեշտել է, որ  հայ-ֆրանսիական հարաբերություններն օրինակելի են բոլոր ոլորտներում՝ քաղաքական, դիվանագիտական, կրթական, մշակութային, առողջապահական։

«Կարծում եմ՝ Կոդ դ'Ազուրի շրջանի հետ համագործակցությունն ընդլայնելու և խորացնելու մեծ ներուժ կա հատկապես զբոսաշրջային փորձի փոխանակման և նորագույն տեխնոլոգիաների ոլորտում, որոնք Հայաստանում ևս սրընթաց զարգացում են ապրում: Լիահույս եմ, որ Նիցցայի արևասեր բնակիչները նոր փորձառություններ և հարուստ տպավորություններ կունենան Հայաստանը որպես զբոսաշրջային ուղղություն ընտրելիս»,- ընդգծել է Հակոբյանը։

Աննա Հակոբյանը շնորհակալություն է հայտնել քաղաքային իշխանությանը  Նիցցայի հայ համայնքի հանդեպ հատուկ հոգածության համար։

«Տեղի հայ համայնքի ներկայացուցիչները, իրապես, լինելով Նիցցայի օրինապաշտ քաղաքացիներ, ամուր կապված են նաև իրենց հայրենիքին, լեզվին, պատմությանը: Նրանք Հայաստան-Նիցցա կամուրջն են, որը, վստահ եմ, կամրանա նոր նախաձեռնություններով և արդյունավետ հանդիպումներով», - իր ելույթը եզրափակել է Աննա Հակոբյանը՝  Նիցցայի քաղաքային իշխանության ներկայացուցիչներին  և հանդիպման մասնակիցներին հրավիրելով Հայաստան։

Հանդիպման ավարտին Աննա Հակոբյանը այցելել է  քաղաքապետարանի հարևանությամբ գտնվող Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հավերժացման համար ստեղծված   պուրակ։ Հայ համայնքի ներկայացուցիչների խոսքով՝  Նիցցայի ամենակենտրոնական հրապարակներից մեկում գտնվող պուրակը դարձել է  համայնքի յուրահատուկ հավաքատեղին, իսկ Նիցցայի քաղաքապետարանը այն առաջիկայում հիմնանորոգելու է։  



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am