Թումոյի «42 Երևան» դպրոցը Համաշխարհային լավագույն 100 նորարարական համալսարանների ցանկում 8-րդ տեղում է

Armenpress 16:39, 28 Հունիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թումոյի «42 Երևան» ծրագրավորման անվճար դպրոցն ընդգրկվել է Համաշխարհային լավագույն 100 նորարարական համալսարանների 2022 թ. ցուցակում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ MIT-ի, Սթենֆորդի և Բերքլիի համալսարանների հետ նույն շարքում «42 Երևանը» 8-րդ տեղում է։

Ծրագրավորման դպրոցը նաև առաջինն է WURI-ի «Թոփ 50 Էթիկական արժեք ունեցող համալսարանների» վարկանիշային ցուցակում: Իրական ազդեցություն ունեցող աշխարհի համալսարանների հանձնաժողովը գնահատում է իրական ներդրումները հասարակության մեջ և կարևորում հետազոտական ու կրթական ծրագրերի նորարարական մոտեցումները:

42 Երևանը ծրագրավորման անվճար դպրոց է, որի նպատակն է կրթել ոլորտի ապագա լավագույն մասնագետներին: Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող ԵՄ Թումո ինժեներական և կիրառական գիտությունների համալիրի գլխավոր նախագծերից մեկի` Թումո լաբորատորիաների մաս կազմող կենտրոնն իր տեղն է գտել ֆրանսիական առաջատար 42 ծրագրավորման դպրոցների ցանցում, որում արդեն իսկ ընդգրկված են Սեուլը, Ռիո դե Ժանեյրոն, Մոսկվան, Ամստերդամը և 26 այլ քաղաքներ ամբողջ աշխարհում:

«42» կրթական ծրագիրը հիմնված է խաղային դիզայն ունեցող, ինքնուսուցողական պլատֆորմի վրա, որտեղ ուսանողները իրականացնում են գործնական առաջադրանքներ և կատարելագործում իրենց հմտությունները:

Ուսումնական պլանն առաջարկում է 150-ից ավելի նախագիծ, որոնք անընդհատ թարմացվում են` համապատասխանեցվելով ոլորտի նորագույն պահանջներին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am