1000х90.jpg (78 KB)

Շվեդիան և Թուրքիան ավելի սերտ երկխոսություն կսկսեն

Armenpress 14:27, 29 Հունիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շվեդիայի վարչապետ Մագդալենա Անդերսոնը  հայտարարել է, թե Շվեդիան և Թուրքիան ավելի սերտ երկխոսություն կսկսեն ահաբեկչության մեջ մեղադրվող անձանց թագավորությունից արտահանձնման շուրջ:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Հուշագիրը պարունակում է ահաբեկչության դեմ պայքարի հստակ համատեղ հանձնառություն PKK-ի դեմ։ Այս ոլորտում մենք Թուրքիայի հետ պայմանավորվել ենք ամրապնդել մեր համագործակցությունը և ավելի սերտ երկխոսություն հաստատել, այդ թվում՝ արտահանձնման հարցերի շուրջ։ Իհարկե, դա կիրականացվի ազգային և միջազգային օրենսդրության շրջանակներում։ Այսօրվա համաձայնագրով Շվեդիան ընթանում է ՆԱՏՕ-ին անդամակցելու հստակ ճանապարհով։ Ես ակնկալում եմ կառուցողական քննարկումներ Մադրիդի գագաթնաժողովի ընթացքում ՆԱՏՕ-ի շրջանակներում մեր ապագա համագործակցության և բոլոր դաշնակիցների անվտանգության գործում Շվեդիայի ներդրման վերաբերյալ»,- ասել է նա:

SVT-ին տված հարցազրույցում Անդերսոնը Թուրքիայի հետ համաձայնության հասնելու գործընթացը որակել է կառուցողական, սակայն չի պատասխանել այն հարցին, թե ով է արդյունքում մեծ զիջումներ արել։

Նա կարծում է, որ համաձայնագիրը Շվեդիայի համար շատ բան չի փոխի, սակայն ՆԱՏՕ-ին անդամակցելը նշանակում է նոր մոտեցում զենքի արտահանմանը։

Հունիսի 28-ին Մադրիդում տեղի ունեցած բանակցություններից հետո Թուրքիան համաձայնել է աջակցել Շվեդիայի ու Ֆինլանդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին: 

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը մեկնաբանել է բանակցությունների ընթացքը:

«Ուրախ եմ տեղեկացնել, որ մենք համաձայնության հասանք: Այս ամենը Ֆինլանդիայի և Շվեդիայի համար ճանապարհ է բացում դեպի ՆԱՏՕ։ Թուրքիան, Ֆինլանդիան և Շվեդիան համատեղ հայտարարություն են ստորագրել, որը հաշվի է առնում Թուրքիայի շահերն ու մտահոգությունները: Ներառված են նաև զենքի արտահանումը և ահաբեկչության դեմ պայքարը», - հայտարարել է Ստոլտենբերգը։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am