Քրեական ոստիկանության ծառայողները բացահայտել են թմրավաճառության դեպքեր

Armenpress 21:05, 29 Հունիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները ստացել են թմրավաճառության վերաբերյալ հերթական օպերատիվ տեղեկությունը, որն իրացրել են Արաբկիրի քրեական հետախույզների հետ համագործակցելով: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից։

«Հունիսի 23-ին մայրաքաղաքի Հրաչյա Քոչարի փողոցից նրանք բերման ենթարկեցին 30 և 33 տարեկան երկու տղամարդու՝ «Մերսեդեսով» հանդերձ: Արաբկիրի բաժնում նրանք խուզարկվեցին։ Հայտնաբերվեցին տարբեր քաշով կոկաին, մեթամֆետամին, հերոին ու գաղտնի փականով դանակ: Օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվեցին, որոնց արդյունքում պարզվեց նաև, թե նրանք որտեղ և ումից են ձեռք բերել թմրամիջոցները:

Թմրամիջոց իրացնողը, որը Երևանում բնակվող 45-ամյա տղամարդ է, ևս հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց բաժին։ Նույն օրը խուզարկություն կատարվեց նրա բնակության վայրում: Հայտնաբերվեց 7 գրամից ավելի կոկաին և մոտ 90 գրամից ավելի մեթամֆետամին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ հարուցվել է քրեական գործ: Գնորդները ձերբակալվել են, իրացնողները` կալանավորվել: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am