Team Telecom Armenia-ն Tech Week Gyumri-ի գործընկերն է

Armenpress 14:47, 1 Հուլիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Գյումրիում հուլիսի 2-4-ը կանցկացվի Tech Week Gyumri 2022 միջոցառումների շարքը, որը մեկ վայրում կհամախմբի Հայաստանում գործող ՏՏ ընկերություններին ու մասնագետներին։ Տեխնոլոգիական համայնքին և այդ ոլորտ նոր մուտք գործող երիտասարդներին աջակցելու նպատակով այս տարի միջոցառմանը որպես գործընկեր միացել է նաև Team Telecom Armenia-ն։

«Մեր ընկերության կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակներում մենք աջակցում ենք երկրում իրականացվող կրթական ու գիտական նախաձեռնություններին։ Վստահ եմ՝ Tech Week-ը կնպաստի Գյումրիում ՏՏ ոլորտի զարգացմանը, նոր թիմերի ստեղծմանն ու փորձի փոխանակմանը։ Բացի այս, միջոցառումը նպատակ ունի ապահովել մայրաքաղաքի ու մարզերի միջև համաչափ զարգացում, ինչը լիովին համապատասխանում է Team-ի տեսլականին»,- ասել է Team Telecom Armenia-ի տնօրենների խորհրդի նախագահ Ալեքսանդր Եսայանը:

Tech week Gyumri-ի պաշտոնական բացումը տեղի կունենա հուլիսի 2-ին Գյումրու Դրամատիկական թատրոնում։ Միջոցառման ընթացքում իրար կհաջորդեն մասնագիտական կոնֆերանսներ, մրցույթներ, ինչպես պանելային քննարկումներ ամենատարբեր թեմաներով՝ ապակենտրոնացումից մինչև բիզնեսում մարդկային ռեսուրսների ու ստարտափների համար առաջին հաճախորդների դերի կարևորություն։ Հուլիսի 3-ին ժամը 16:20-ին «Գործատուի բրենդը որպես հաջողակ թիմեր կառուցելու գրավական» թեմայով պանելային քննարկման ընթացքում Team Telecom Armenia-ի տնօրենների խորհրդի նախագահ Ալեքսանդր Եսայանը և Maeutica, Service Titan, AMD Armenia, Webb Fontaine, Instigate Mobile CJSC ընկերությունների ղեկավարները կկիսվեն բրենդեր ստեղծելու իրենց փորձով ու երջանիկ թիմեր ձևավորելու գաղտնիքներով։ Միջոցառման մուտքն ազատ է՝ նախապես գրանցումով։


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am