1000х90.jpg (78 KB)

Դեսպան Մկրտչյանը Հունաստանի ՄԻՊ-ի հետ քննարկել է իրավական տարբեր ոլորտներում երկու երկրների համագործակցության հարցեր

Armenpress 18:47, 1 Հուլիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը hուլիսի 1-ին հանդիպել է Հունաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան, Միջերկրականի օմբուդսմենների ասոցիացիայի նախագահ, Օմբուդսմենի միջազգային ինստիտուտի (IOI-Եվրոպա) տարածաշրջանային կառույցի նախագահ Անդրեաս Պոտակիսի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հունաստանում Հայաստանի դեսպանությունը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են դատական, դատաիրավական, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում երկու երկրների միջև համագործակցությանը վերաբերվող մի շարք հարցեր: Զրուցակիցներն ընդգծել են ինստիտուտների միջև փորձի փոխանակման, փոխադարձ այցերի, համագործակցության խորացման կարևորությունը:

«Կողմերն անդրադարձել են Հունաստանի տարածքում մշտապես կամ ժամանակավոր բնակվող ՀՀ քաղաքացիների իրավունքներին, խնդիրներին:

Հանդիպման ընթացքում նախանշվել է Հայաստանի Հանրապետության և Հունաստանի ՄԻՊ ինստիտուտների միջեւ հարաբերությունների խորացման անհրաժեշտությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ զրուցակիցները վերահաստատել են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում երկրների միջև համագործակցելու և համագործակցության ոլորտներն ընդլայնելու պատրաստակամությունը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am