«Դիմադրություն» շարժումը երթ է անցկացնում Երևանի կենտրոնում

Armenpress 21:15, 1 Հուլիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ընդդիմադիր ուժերը շարունակում են անհնազանդության քաղաքական ակցիաները՝ հայտարարելով, որ իրենց պայքարը տանելու են մինչև վերջ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը՝ երեկոյան տեղի ունեցավ «Դիմադրություն» շարժման հերթական հանրահավաքը, որի ընթացքում խոսվեց ընդդիմադիր խմբակցության պատգամավորների՝ պաշտոններից հեռացվելու մասին:

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը նշեց, որ եթե իշխող խմբակցությունը միանա ընդդիմության «կարմիր գծերն» ամրագրող հայտարարությանը, որի կետերից մեկի համաձայն Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում, ապա իրենք պատրաստ են հրաժարվել և՛ նշված պաշտոններից, և՛ իրենց պատգամավորական մանդատներից: 

Իր ելույթի վերջում Իշխան Սաղաթելյանը առաջարկեց ցուցարարներին երթ անցկացնել Բաղրամյան-Պռոշյան փողոցներով, վերադառնալ ու ամփոփել հանրահավաքը: Այս պահին ցուցարարների երթը շարունակվում է:

Ավելի վաղ  Ազգային ժողովի արտահերթ նիստի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը 66 կողմ, 0 դեմ ձայներով կողմ քվեարկեց արդեն նախկին փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանի և Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Վահե Հակոբյանի պաշտոնազրկմանը:

Տարբեր մշտական հանձնաժողովների փոխնախագահի պաշտոնից հրաժարականի դիմումներ գրեցին «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արմեն Գևորգյանը, Թադևոս Ավետիսյանը, Արթուր Խաչատրյանը և «Պատիվ ունեմ»-ի քարտուղար Հայկ Մամիջանյանը:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am