1000х90.jpg (78 KB)

Թեհրանը ձգտում է երկխոսության միջոցով Սիրիայի և Թուրքիայի միջև հարաբերությունների բարելավմանը. Աբդոլլահիան

Armenpress 16:42, 2 Հուլիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի արտաքին գործերի նախարար Հոսսեյն Ամիր Աբդոլլահիանը պաշտոնական այցով ժամանել է Սիրիա, որի ընթացքում բանակցություններ կանցկացնի իր գործընկեր Ֆեյսալ Ալ-Միկդադի հետ: Նախատեսված է հանդիպում Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հետ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Al Ekhbariya հեռուստաընկերությունը տեղեկացնում է, որ Իրանի արտաքին գործերի նախարարը Դամասկոսի օդանավակայանում լրագրողների հետ զրույցում նշել է, որ Թեհրանը «ձգտում է երկխոսության միջոցով Սիրիայի և Թուրքիայի միջև հարաբերությունների բարելավմանը»:

«Մենք մեր խնդիրն ենք համարում կանխել ճգնաժամի առաջացումը և փորձել շարժվել դեպի խաղաղություն, կայունություն և անվտանգություն՝ հաղթահարելով Իրանի հետ սերտ կապեր պահպանող երկու պետությունների միջև առկա տարաձայնությունները»,-նշել է նա։

Աբդոլլահիանն ընդգծել է, որ Թեհրանն ըմբռնումով է մոտենում Սիրիայի հյուսիսում տիրող իրավիճակի վերաբերյալ Թուրքիայի մտահոգություններին: «Թեպետ, մենք կտրականապես դեմ ենք ռազմական գործողության անցկացմանը եւ փորձելու ենք հարցը լուծել դիվանագիտական ճանապարհով»,-նշել է Իրանի ԱԳ նախարարը։

Իրանի արտաքին գործերի նախարար նշել է, որ մայիսին Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի՝ Թեհրան կատարած այցից հետո Սիրիայի հետ երկկողմ հարաբերություններում որակապես նոր փուլ է սկսվել: Նրա խոսքով՝ Իրանը հանդես է գալիս Սիրիայի հետ ռազմավարական կապերի ամրապնդման օգտին՝ առեւտրատնտեսական համագործակցության զարգացման միջոցով։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am