1000х90.jpg (78 KB)

Պոլիտեխնիկական համալսարանում տեղի ունեցավ դիպլոմների հանձնման արարողությունը. ներկա էր ՀՀ վարչապետ Փաշինյանը

Armenpress 23:47, 3 Հուլիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի բակում տեղի ունեցավ շրջանավարտների 89-րդ ավարտական երեկոն, որը ուղեկցվեց  դիմպլոմների հանձնման հանդիսավոր արարողությամբ:

 «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ, հանդիսավոր միջոցառմանը ներկա էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, ՀԱՊՀ խորհրդի նախագահ Տիգրան Ավինյանը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ, հոգաբարձուներ, բուհի բարերարներ, հայտնի շրջանավարտներ, պրոֆեսորադասախոսական անձնակազմը, այս տարվա շրջանավարտներն ու նրանց ծնողները:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորեց շրջանավարտներին ընդգծելով, որ չափազանց կարևորել է ժամանակակից տեխնոլոգիաների զարգացումը հանրապետությունում:

«Երրորդ հանրապետության պատմության մեջ առկա պրոբլեմների մի հսկայական մասը կապված է տեխնոլոգիական այն բացերի հետ, կամ տեխնոլոգիական ժամանակակից պահանջներից և թրենդներից հետ մնալու հետ, որը, ցավոք, մենք ունեցանք: Ես ուզում եմ և հույս ունեմ, որ այս նոր ժամանակներում Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը, ավելի ճիշտ՝ նրա շրջանավարտները կվերագտնեն այն երբեմնի գործառույթը՝ ամեն օր Հայաստանն ավելի ու ավելի տեխնոլոգիական երկիր դարձնելու, որ ժամանակին ունեցել է այս համալսարանը և ընդհանրապես՝ մեր բուհական համակարգը: Կարծում եմ՝ մենք Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը, ընդհանրապես, մեր բուհական համակարգը պետք է դիտարկենք այս տեսանկյունից, որ Հայաստանը մեր բուհական համակարգի միջոցով պիտի օր առաջ դառնա առավել մրցունակ հենց տեխնոլոգիական ոլորտում»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նա ընդգծեց, որ այսօր կառավարությունը հռչակել է Հայաստանը տեխնոլոգիական երկիր դարձնելու ուղեգիծը, և սա չափազանց կարևոր է: Հենց Ազգային պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտների ամենակարևոր առաքելությունն է՝ հաղթահարել այն պոտենցիալ վախերը, որ կարող են դեռ գոյություն ունենալ տեխնոլոգիաների նկատմամբ, որովհետև  տեխնոլոգիաները գալիս են մարդկանց, հասարակություններին ծառայելու:

«Հարգելի շրջանավարտներ, ես շնորհավորում եմ ձեզ և ուզում եմ հավատալ, որ բուհից դուրս եք գալիս Հայաստանն ամեն օրվա հետ ավելի լավը դարձնելու առաքելությամբ, Հայաստանը շարունակաբար տեխնոլոգիական զարգացող և ի վերջո՝ զարգացած երկիր դարձնելու առաքելությամբ: Ես ուզում եմ ձեզ կանաչ ճանապարհ, բարի երթ մաղթել այս հիրավի դարակազմիկ առաքելությունն իրականացնելիս»,- նշեց վարչապետը:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, դիմելով շրջանավարտներին, շեշտեց, որ այն բուհը, որը իրենք ավարտել են, Հայաստանի տեխնոլոգիական կյանքում ամենակարևոր ներդրումն ունեցող բուհն է:

«Ես վստահ եմ, որ այսօր այս շարքերում նստած են շրջանավարտներ, ովքեր ապագայում կդառնան տարբեր ոլորտներում հատնի գործիչներ: Ես ցանկանում եմ, որ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը հզորանա և աշխարհի տեխնոլոգիական համալսարանների վարկանիշային ցուցակում արժանի տեղ գրավի, իսկ դրա համար մենք բոլորս մեծ աշխատանք պետք է տանենք: Պոլիտեխնիկը պետք է դառնա մեր երկրի տեխնոլոգիական առաջատարը և հզորացնի մեր երկիրը, քանի որ հզորանալու լավագույն միջոցը կրթությունն է» - ասաց նախարարը:

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի  ռեկտոր Գոռ  Վարդանյանն ասաց, որ կրթությունն իր ձևով և տեսակաով մշակույթ է, և այս միջոցառումը նույնպես պոլիտեխնիկի պատմության մեջ մի նոր մշակույթ է:

«Ես լիահույս եմ, որ այս մշակույթը ձեզ աջակցելու է, որ դուք լինեք պոլիտեխնիկի հետ է՛լ ավելի ամուր կապված և է՛լ ավելի ներգրավված կլինեք մեր ծրագրերում: Ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել նաև մեր բուհի բարերարներին, ովքեր այսօր ներկա են այս միջոցառմանը և հավատում են բուհի ապագա ծրագրերին և հավատում են, որ այդ ծրագրերը կարող են փոխել և ավելի մրցունակ դարձնել ինժեներական կրթությունը պոլիտեխնիկում» -եզրափակեց ռեկտորը: 

Միջոցառման ընթացքում նաև հանձնվեցին ՀՀ վարչապետի հուշամեդալներ, պատվոգրեր և մրցանակներ:

Ինչպես նաև ցուցադրվեցին բուհի վարչակազմի և հոգաբարձուների հագուստները, որոնք մոդելավորվել և մշակվել են Պոլիտեխնիկի 90-ամյա հոբելյանի նախաշեմին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am