Չինական ազգային հագուստը հնարավորություն ունի դառնալ համաշխարհային նորաձևության մասնիկը. լրագրողները հյուրընկալվեցին «Jixiang Zhai» բրենդի խանութում

Armenpress 14:29, 26 Հուլիս, 2022

ՊԵԿԻՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինական ազգային հագուստները մասսայականություն են վայելում երիտասարդների շրջանում և մեծ հեռանկար ունեն համաշխարհային շուկայում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ի թղթակիցը, Չինաստանի միջազգային մեդիա հաղորդակցության կենտրոնի նախաձեռնած ծրագրին մասնակցող լրագրողների համար «Jixiang Zhai» բրենդի խանութում կազմակերպված հատուկ ընդունելության ժամանակ նման կարծիք հայտնեց խանութի տնօրեն Շի Նանան:

«Կարող եմ ասել, որ չինուհիների հետաքրքրությունը ազգային հագուստի նկատմամբ մեծանում է՝ լինի պարմանուհի, թե հասուն կին: Երիտասարդներն ազգային հագուստով փորձում են մեր պատմության մասը դառնալ»,-ասաց Շի Նանան:

Նա շեշտեց, որ այժմ արտադրվող հագուստներն իրենց մեջ կրում են տարբեր դինաստիաների առանձնահատկությունները, մանր զարդանախշերն էլ բացառիկ գեղեցկություն են հաղորդում հագուստին:

«Չինական ազգային հագուստը գերող է: Այն հնարավորություն ունի դառնալ համաշխարհային նորաձևության մի մասնիկը»,-առանձնացրեց նա:

«Jixiang Zhai» բրենդը հիմնադրվել է 2002 թվականին և արդեն 20 տարվա պատմություն ունի: Բրենդի հիմնադիրը Յանգ Ֆանն է: Բրենդի հիմնադրման միտքը երիտասարդ դիզայների մոտ ծագել է տարիներ առաջ` եվրոպական քաղաքներում շրջելիս: Նա նպատակ է ունեցել աշխարհում հանրահռչակելու չինական ազգային հագուստը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am