Ադրբեջանն ավիառումբեր է մատակարարել Ուկրաինային. Տելեգրամի ալիքներում սկանդալային փաստաթղթեր են շրջանառվում

Armenpress 20:20, 30 Հուլիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսական սոցցանցային հարթակներն ու տարբեր երկրների լրատվամիջոցներ ողողված են տեղեկությամբ, ըստ որի` Ադրբեջանը, ռուս-ուկրաինական կոնֆլիկտում, առերես չեզոք դիրք գրավելով, ավիառումբեր է մատակարարել Ուկրաինային: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ Տելեգրամի Wings of war («Крыля войны») ռուսական ալիքը սկանդալային տեղեկություններ է հրապարակել այդ մասին՝ վկայակոչելով իրաքյան Sabereen News Տելեգրամ ալիքի կողմից հրապարակված փաստաթղթերը, որոնց համաձայն՝ Ադրբեջանը 2022 թ. ապրիլին գաղտնի զինամթերք է մատակարարել Ուկրաինայի զինվորականներին:

Ըստ այդ փաստաթղթերի՝ Ադրբեջանի Հանրապետության ՊՆ-ին կից գործող CIHAZ արդյունաբերական ասոցիացիան ավիառումբեր է ուղարկել ուկրաինական «Ուկրսպեցէքսպորտ» պետական ընկերությանը: Բեռնափոխադրումն իրականացրել է «Մերիդիան» ավիաընկերությունը՝ Սուդանի Խարտում քաղաքից դեպի Լեհաստան, այնտեղից էլ՝ Ուկրաինա:

«Այսպիսով, Ադրբեջանը (և որոշ չափով նաև Թուրքիան) ուղղակիորեն մասնակցել են Ուկրաինայի զինված ուժերը բարձր ճշգրտության ավիառումբերով զինելուն՝ չնայած Ուկրաինայում զինված հակամարտության նկատմամբ պաշտոնական չեզոքությանը: Մնում է երկու հիմնական հարց՝ քանի՞ այդպիսի ռումբ է կիրառվել Ռուսաստանի Դաշնության և Լուգանսկի ու Դոնեցկի ժողովրդական հանրապետությունների դեմ, և Ադրբեջանի ինչի՞ն է պետք նման կեղտոտ պատմությունը: Հանուն կասկածելի օգուտների՞», - եզրափակում է ռուսական Տելեգրամ ալիքը:

Ուկրաինայում ռազմական գործողության հենց նախօրեին՝ 2022 թ. փետրվարի 22-ին, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը Ռուսաստանի և Ադրբեջանի միջև «դաշնակցային փոխգործակցության մասին» հռչակագիր էին ստորագրել:

Պատրաստեց Արամ Սարգսյանը



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am