STARMUS փառատոնը լուսաբանել ցանկացող լրագրողների հավատարմագրման գործընթացը մեկնարկել է

Armenpress 11:46, 3 Օգոստոս, 2022

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում սեպտեմբերի 5-10-ն անցկացվելիք միջազգային STARMUS VI փառատոնին մասնակցել և լուսաբանել ցանկացող լրագրողների հավատարմագրման գործընթացը մեկնարկել է: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, հայաստանյան զանգվածային լրատվամիջոցների համար գործում է հայերեն լեզվով առանձնացված էլեկտրոնային ձևաթուղթ, որի միջոցով ընդունվում են հայտերը՝ https://forms.gle/rG3UR5vuR26EnN9p7: Այն տեղադրված է նաև STARMUS-ի կայքում՝ https://www.starmus.com/media-accreditation, ուր առանձնացված տեղեկատվություն է առկա հայաստանյան և միջազգային ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար։ 

Ձևաթուղթը էկեկտրոնային լրացնելուց հետո հայտում լրացված փոստին 5-օրյա ժամկետում ուղարկվելու է հավատարմագրման հաստատման նամակը։

Փառատոնի ծրագրի մանրամասները ներկայացված են կայքում՝ www.starmus.com/program

STARMUS փառատոնի շնորհիվ Հայաստանը սեպտեմբերի առաջին տասնօրյակում կդառնա գիտության, տեխնոլոգիաների, արվեստի ու երաժշտության համաշխարհային կենտրոն՝ հյուրընկալելով մեծանուն գինտականների ու երաժշտության աստղերի։ Միջոցառումը լուսաբանվելու է նաև միջազգային լրատվամիջոցների կողմից, որոնք կանցնեն իրենց համար նախատեսված համատարմագրման գործընթացով։

STARMUS փառատոնը մինչ այս անցկացվել է Թեներիֆեում (Կանարյան կղզիներ, Իսպանիա), Նորվեգիայում, Շվեյցարիայում:

Հայաստանում STARMUS VI գիտության և արվեստի փառատոնը անց է կացվելու «STARMUS VI. 50 տարի Մարսի վրա» խորագրով և նվիրված է լինելու Մարսի վրա Մարս 3 տիեզերակայանի առաջին վայրէջքի 50-ամյակին: Հատկանշական է, որ Մարս 3-ը տեղափոխել է դեպի Կարմիր մոլորակ հայ մեծանուն ինժեներ  Ալեքսանդր Քեմուրջյանի Prop-M (փրոփ-էմ) ռոբոտը։

STARMUS աշխարհահռչակ փառատոնը կապված է Ստիվեն Հոքինգի, Բրայան Մեյի, Ալեքսեյ Լեոնովի և աշխարհահռչակ այլ հայտնի անունների հետ, անցկացվում 2011 թվականից և միավորում է գիտությունը, կրթությունը, արվեստն ու տեխնոլոգիաները։

STARMUS փառատոնը հիմնադրվել է աստղաֆիզիկոս Գարիկ Իսրաելյանի և լեգենդար Queen խմբի կիթառահար, աստղաֆիզիկոս Բրայան Մեյի կողմից՝ դառնալով համաշխարհային ճանաչում ունեցող գիտնականների, Նոբելյան մրցանակակիրների, տիեզերագնացների մտածողների, գիտության մշակույթի ու արվեստի գործիչների միավորող հարթակ, որի շրջանակներում նրանք հանրության հետ կիսվում են իրենց գիտելիքներով, փորձով ու նորագույն հայտնագործություններով։ Նրանց միավորումը մեկ հարթակի շուրջ հնարավոր է դարձնում մեր ժամանակների խնդիրների վերհանումն ու լուծումների շուրջ քննարկումները։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am