1000х90.jpg (78 KB)

Բուհերը պետք է զերծ լինեն քաղաքական որևէ պարտադրանքից. Դավիթ Ափոյան

Armenpress 17:06, 15 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերջին շրջանում շատ է քննարկվում բուհերի և ուսանողական խորհուրդների կուսակցականացվածության թեման: Այս հարցի շուրջ «Արմենպրես»-ը զրուցել է ԵՊՀ ՈւԽ նախագահ Դավիթ Ափոյանի հետ:

Մի շարք ուսանողների կողմից իրականացվում է մի նախաձեռնություն, որի նպատակն է բուհերի ղեկավար կազմում կուսակցական անդամների բացառումը: Ի՞նչ կարծիք ունեք այս հարցի վերաբերյալ:

Անկասկած, բուհերը պետք է զերծ լինեն քաղաքական որևէ պարտադրանքից: Հարցն այն է, թե ինչպես ենք մենք դա պատկերացնում: Եթե ցանկանում ենք օրենսդրական լուծում տալ և ամրագրել, որ բուհերի ղեկավար կազմի անդամները չպիտի լինեն որևէ կուսակցության անդամ, արդյո՞ք դա չի սահմանափակում նրանց քաղաքացիական իրավունքները, արդյո՞ք խելամիտ է բուհերի ղեկավար կազմի անդամներին հավասարեցնել դատավորների մակարդակին, կամ կուսակցական չլինելու հանգամանքը բացառելու՞ է քաղաքական քարոզչությունը կամ ուղղորդումը: Հարցը շատ բարդ է և մասնագիտական լայն քննարկման կարիք ունի: Իմ կարծիքով քաղաքական քարոզչությունից, պարտադրանքից կամ ուղղորդումից զերծ պահող մեխանիզմների մշակման փորձը կարող է շատ հարցերի պատասխաններ տալ:

Վերջին շրջանում ակտիվացան տարբեր բուհերի ուսանողական խորհրդների կուսակցականացվածության և քաղաքականացվածության շուրջ խոսակցությունները, որից անմասն չմնաց նաև ԵՊՀ ուսանողական խորհուրդը: Ի վերջը կուսակցականացված կամ քաղաքականացվա՞ծ է ԵՊՀ ուսանողական խորհուրդը:

ԵՊՀ ուսանողական խորհրդի կանոնադրությամբ ամրագրված է, որ ուսանողական խորհուրդը ապակուսակցական և ապաքաղաքական կազմակերպություն է: Ամրագրված է նաև այն, որ ուսանողը, ով ունի որևէ կուսակցական պատկանելիություն, չի կարող նույնիսկ առաջադրվել ԵՊՀ ՈւԽ նախագահի պաշտոնին: Ես կարող եմ փաստել, որ ԵՊՀ ուսանողական խորհրդի ղեկավար կազմում չկան կուսակցական մարդիկ: Ղեկավար կազմ ասելով նկատի ունեի ինձ, փոխնախագահներին, քարտուղարին, ֆակուլտետային ՈւԽ նախագահներին, հանձնաժողովի նախագահներին և  նախագահության մյուս անդամներին:

Իսկ ինչ վերաբերում է ապաքաղաքական լինելուն, ապա բոլորը տեսան, որ ուսանողական խորհուրդը որպես կառույց չմասնակցեց ներքաղաքական գործընթացներին: Դա կառույցի ապաքաղաքական լինելու լավագույն ապացույցն է: Բոլորն էլ կփաստեն, որ ուսանողների նկատմամբ չի եղել որևէ սահմանափում կառույցից դուրս իրենց քաղաքական հայացների համաձայն գործունեություն ծավալելու հարցում: Կան շատ ֆակուլտետային ՈւԽ նախագահներ, հանձնաժողովի նախագահներ, ովքեր ակտիվ մասնակցել են ցույցներին: Դա իրենց քաղաքացիական իրավունքն է, և ոչ ոք չի կարող դա սահամափակել: Կան նաև մարդիկ, ովքեր չեն կիսել այդ տեսակետները, կամ կիսել են, բայց իրենց խառնվածքից ելնելով չեն մասնակցել այդ ամենին: Դա ևս իրենց իրավունքն է: Կարծում եմ քաղաքական պարտադրանքից ազատ ուսանողական միջավայր ենք մենք բոլորս ուզում: Մենք մեր թիմով ենք պատասխանատու այդ միջավայրի պահպանման համար: Դրանից ելնելով ես՝ որպես քաղաքացի, նույնիսկ իմ անձնական տեսակետը չեմ հայտնել, որպեսզի այն չասոցացվի ընդհանուր կառույցի հետ և որևէ ուղղորդող նշանակություն չունենա ուսխորհրդականների համար:

Շարժման ընթացքում եղան նաև մարդիկ, ովքեր ձեզ մեղարդեցին ոստիկանության կողմից ուսանողների նկատմամբ ուժի կիրառմանը չարձագանքելու վերաբերյալ: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս ամենը:

Մենք պետք է հստակ տարբերակենք, թե որոնք են ուսանողի իրավունքները և շահերը, և որոնք են քաղաքացու իրավունքները: Ուսանողի իրավունքները հստակ են. դրանք սահմանված են ԵՊՀ կանոնադրությամբ:  Իսկ ուսանողի շահ կարող ենք դիտարկել այն բոլոր հարցերը, որոնք ուղղակիորեն բխում են մարդու՝ ուսանող կարգավիճակից: Եթե ուսանողին անհարկի պատճառներով թույլ չեն տվել մասնակցել քննություններին, դա ուսանողի շահ է, և մենք պարտավոր ենք այդ հարցով զբաղվել: Իսկ եթե Մաշտոցի պողոտայում կամ նույնիսկ ԵՊՀ բակում ոստիկանության կողմից ուսանողի նկատմամբ ուժ է կիրառվել, դա քաղաքացու իրավունքների հարց է անկախ նրանից, թե այդ մարդը սովորում է ԵՊՀ-ում, թե՝ ոչ: Դրա համար գոյություն ունեն այլ մարմիններ՝ Մարդու իրավունքների պաշտպան, դատարան և այլն:  Հետևաբար մենք մարդու-քաղաքացու իրավունքների խախտումներով զբաղվելու ոչ լիազորություն ունենք, ոչ էլ գործիքակազմ: Մենք պարտավոր ենք ուսանողի իրավունքները պաշտպանել համալսարանի ղեկավար մարմիններում: Դրա ապացույցն հենց այն է, որ մենք ամեն ինչ արեցինք, որ մոտ երեք շաբաթ ընդհատված դասապրոցեսից հետո ուսանողը որևէ լուրջ խնդրի առաջ չկանգնի համալսարանում: Մեր առաջարկով հարգելի համարվեցին ուսանողների բացակայությունները, քննաշրջանը հետաձգվեց, իսկ դասերը երկարացվեցին մեկ շաբաթով: Սա այն է, ինչ անվանում են ուսանողների իրավունքների և շահերի պաշտպանություն:   

Նշեցիք, որ պաշտպանում եք ուսանողների շահերը համալսարանում: Հայտնի է, որ ԵՊՀ-ում ցույցերի ժամանակ մի քանի անգամ դռներ են փակվել: Արդյո՞ք դա ուսանողների ազատ տեղաշարժվելու և ակցիաներին մասնակցելու իրավունքի սահմանափակում չէ:

Կարծում եմ ակնհայտ է, որ դռները փակվել են քաղաքական բովանդակության երթի դեմ: Ըստ երևույթին, դա նախ և առաջ արվել է անվտանգության նկատառաումներով, ինչպես նաև բուհը քաղաքական քարոզչությունից զերծ պահելու համար: Տեսե՛ք, շատերը բուհին մեղադրում են քաղաքականացված լինելու մեջ, միևնույն ժամանակ զայրանում են, երբ ԵՊՀ-ում քաղաքական քարոզչության ակցիաների դեմ դռներ են փակվում: Ո՞րն է մեր ուզածը: Մենք ուզում ենք ապաքաղաքակա՞ն բուհ, թե՞ քաղաքականացված, բայց մեր հայացքներին համապատասխան քաղաքականացված: Կարծում եմ սկզբունքը մեկը պիտի լինի:

Բացի դա, մի դեպք դիտարկենք. եթե ուսանողը լսարանում դաս է անում, և միջանցքում քաղաքական բովանդակության  կոչեր են արվում, արդյո՞ք դա չի ոտնահարում լսարանում իր դասապրոցեսով հետաքրքրված ուսանողի իրավունքը: Ինչու՞ հարցերին նաև այս տեսանկյունից չենք նայում:

Լսել եմ նաև այնպիսի տեսակետներ, թե դռները փակվում են, որպեսզի ուսանողները չմիանան ակցիաներին: Ես այդ մեկնաբանությունը անտրամաբանական եմ համարում, քանի որ վստահ եմ, որ եթե ուսանողը ցանկանում է միանալ որևէ շարժմանը, ապա դուռը 5-10 րոպե փակելը նրան ոչնչով չի կասեցնի, և դա բոլորն են հասկանում:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am