1000х90.jpg (78 KB)

Պատգամավորն Ադրբեջանի նախագահի հայտարարությունները համարում է ապակառուցողական

Armenpress 14:26, 14 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Արցախի վերաբերյալ ապակառուցողական հայտարարությունները չեն նպաստում խաղաղության գործընթացին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին փետրվարի 14-ին անդրադառնալով Ադրբեջանի նախագահի հայտարարությանը, թե Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի անբաժանելի մասն է, ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը:

«Կարծում եմ, որ ընդհանրապես այսպիսի հայտարարությունները ոչ մի կերպ չեն նպաստում խաղաղության գործընթացին, և չեն նպաստում արդյունավետ բանակցային գործընթացի մեկնարկին: Մեր դիրքորոշումն ընդհանրապես նույնն է մնում: Մենք կարծում ենք, որ, եթե ուզում ենք իրապես բովանդակային և արդյունավետ բանակցային գործընթաց և խաղաղության շուրջ երկխոսություն, պետք է համապատասխան մթնոլորտ: Այդ մթնոլորտն ապահովվում է ագրեսիվ հռետորաբանության և ագրեսիվ գործողությունների բացառմամբ: Հայկական կողմը երբևէ աչքի չի ընկել ագրեսիվ հռետորաբանությամբ ու գործողություններով: Եվ մենք հույս ունենք, որ Ադրբեջանը ևս կդադարի ագրեսիվ հռետորաբանության կիրառումը, բայց այս օրինակը, ցավոք, ցույց է տալիս, որ այդ հույսը դեռ չի արդարանում»,- ասաց Ռուբինյանը:



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am