Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ՏՏ ընկերություններին տրվող դրամաշնորհները կխթանեն ոլորտի նորարարական գաղափարների զարգացումը

ՏՏ ընկերություններին տրվող դրամաշնորհները կխթանեն ոլորտի նորարարական 
գաղափարների զարգացումը

ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 17-րդ միջոցառման աջակցության շրջանակում տրամադրելու է երեք տեսակի դրամաշնորհներ՝ նորարարական, կայացած ընկերությունների և համաֆինանսավորվող:

«Արմենպրես»-ի հետ զրույցում՝ այս մասին ասաց ԲՏԱ նախարարի օգնական, Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 17-րդ միջոցառման համակարգող Արփի Աբրամյանը:

«Միջոցառման հիմնական նպատակն է եղել COVID-19 համավարակի պայմաններում բարձր տեխնոլոգիական ընկերություններին տրամադրել աջակցություն, որպեսզի գործատուները կարողանան պահպանել իրենց աշխատատեղերը: Նպատակ ենք ունեցել նաև խթանել ոլորտի նորարարական գաղափարների զարգացմումն ու առևտրայնացումը: Աջակցությունը տրամադրվում է դրամաշնորհի ձևով՝ մրցույթի արդյունքներով հաղթող տնտեսավարողներին: Դրամաշնորհը բաղկացած է 3 մասից՝ նորարարական դրամաշնորհ, կայացած ընկերությունների դրամաշնորհ, ինչպես նաև համաֆինանսավորվող»,- նշեց Աբրամյանը:

Աջակցության շահառու կարող են լինել ոլորտի այն տնտեսավարողները, որոնք համապատասխանում են «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» ՀՀ օրենքում նշված չափանիշներին, հայտը ներկայացնելու օրվա դրությամբ վերջին 12 ամսվա ընթացքում չունեն հարկային և վարկային ժամկետանց պարտավորություններ, ինչպես նաև հայտը ներկայացնելու օրվա դրությամբ վերջին 12 ամսվա ընթացքում դրամաշնորհ չեն ստացել ԲՏԱ նախարարության կողմից։

«Նորարարական դրամաշնորհ կարող են ստանալ վերջին 2 տարում ստեղծված ընկերությունները: Դիմել է 141 տնտեսավարող, որոնցից վավեր են ճանաչվել 117-ը, սակայն դրանցից էլ երկրորդ փուլ է անցել 35 հայտ: Այս դրամաշնորհով մենք տրամադրում ենք մինչև 10 մլն դրամ: Կայացած ընկերությունների դրամաշնորհ կարող են ստանալ 2 տարուց ավելի ՀՀ-ում գրանցված և ծառայություններ մատուցող տեխնոլոգիական ընկերությունները, որոնք պատրաստ են մշակել պրոդուկտներ տրամադրում ենք: Տրամադրվում է մինչև 20 մլն դրամ, ընդհանուր առմամբ ստացել ենք 148 հայտ, որոնցից վավեր են ճանաչվել 143-ը, սակայն երկրորդ փուլ է անցել 46-ը: Համաֆինանսավորման դրամաշնորհներ տրամադրվում են այն տնտեսավարողներին, որոնք  կներգրավեն փաստաթղթավորված և հաստատված ներդրումներ։ Տրվում է մինչև 30 մլն, և հայտերն ընդունելու ենք մինչև այս տարվա դեկտեմբերի 1-ը: Դեռևս ստացել ենք 2 հայտ, որոնք գնահատման փուլում են»,- ասաց 17-րդ միջոցառման համակարգողը և հավելեց, որ ընկերություններին դեռևս գումար չի փոխանցվել, քանի որ 1-ին և 2-րդ դրամաշնորհներին դիմածների համար օգոստոսի 20-ին անց է կացվելու երկրորդ փուլ:

Հայտերի գնահատումն իրականացնում են Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի հրամանով հաստատված անկախ մասնագիտական մրցութային հանձնաժողովները, որոնք կազմված են ոլորտի ասոցիացիաներից, մասնագետներից և պետական շահառու գերատեսչությունների ներկայացուցիչներից։

«Դրամաշնորհների հայտերը մեր հանձնաժողովների անդամները ստուգել են՝ հիմնվելով հատուկ չափորոշիչների վրա: 1-ին և 2-րդ դրամաշնորհների համար մենք նախատեսել ենք գնահատման 7 չափորոշիչ՝ արտադրանքը, թիմը, շուկան, նորարարությունը, բիզնես պլանը, ռիսկերը և ֆինանսական կողմը: Ամեն չափորոշիչ ունեցել է իր կշիռը, օրինակ՝ նորարարական դրամաշնորհի դեպքում շեշտը հիմնականում դրվել է նորարարության վրա, իսկ կայացած ընկերությունների դրամաշնորհի դեպքում ավելի մեծ կշիռ է ունեցել արտադրանքը: Դրամաշնորհները պետական բյուջեից են, և մենք փորձել ենք աջակցել բոլորին, այդ պատճառով ֆինանսական կողմն ունի անցողիկ շեմ: Եթե որևէ կազմակերպություն չի անցել 5-ից բարձր շեմը, ապա դուրս է մնացել մրցույթից»,- նշեց Աբրամյանը:

Հայտերը գնահատվել են օնլայն տարբերակով, այսպիսով հանձնաժողովը մեծ ուշադրություն է դարձրել նաև ներկայացնելու ձևին, հիմնավորումներին, հետևաբար ոչ լիարժեք լինելու դեպքում ժյուրին չէր կարող բարձր գնահատել հայտը:

Լիլիթ Դեմուրյան

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]