Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Պետականության հետ` հայության համար. «ԻՆՏԵՐԿԱՊ» բարեգործականի 30-ամյա ճամփաները

Պետականության հետ` հայության համար. «ԻՆՏԵՐԿԱՊ» բարեգործականի 30-ամյա 
ճամփաները

ԵՐԵՎԱՆ,  27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Համահայկական խճանկարի հասարակական կյանքի ուշագրավ երևույթներից մեկը՝ ««Ինտերկապ» բարեգործական կենտրոն» հասարակական կազմակերպությունը, նշում է հիմնադրման 30-ամյա հոբելյանը, իմի բերում տասնամյակների մարզական ու մշակութային, բարեգործական, ռազմահայրենասիրական, ազգային արժեքների պահպանմանն ուղղված  բեղուն գործունեության արդյունքները, պետականաշինության ամրապնդմանն ու հայրենի ժողովրդին սատար լինելու կամավորականների ջանքերը:

Կազմակերպության, նրան անդամագրված ու համակիր մի քանի տասնյակ նվիրյալների հայրենանվեր գործերի մասին մեր երկրում և նրա սահմաններից դուրս քիչ չի գրվել, նկարահանվել է ««Ինտերկապի» ճամփաներով» փաստավավերագրական ֆիլմերը, տպագրվել են հարյուրավոր հոդվածներ, շնորհակալական նամակներ, ուղերձներ, խոսուն լուսանկարներ:

Առկա է կազմակերպության պատկառելի և ուսանելի, քաղաքացիական հասարակության իմաստն ու գործառույթը իրական նշանակության ըստ ամենայնի խտացնող օղակի կենսագրություն, որ նորանկախ մեր հայրենիքի կենսագրության մի մասն է, նոր երևույթ և նոր որակ պետության ու հանրույթի համար:

Դա քաղաքացիականկան արիության, երկրի ու ժողովրդի բարօրությամբ շահագրգիռ համախոհների կազմակերպության հիշարժան գործերի տարեգրություն է, որ յուրօրինակ դասագիրք կարող է դառնալ նոր հերթափոխի համար՝ չխարխափելու, նոր ժամանակներում հաստատուն լինելու համար: Ակնբախ է, որ կենտրոնի ստեղծումով կայացած մի շարք այլ կազմակերպությունների ընդհանրական աշխատանքի բերմամբ հայ հասարակությունն իր ինքնության զարգացման նոր, դրական ազդակներ ստացավ, օգնեց հաղթահարելու զարգացման նախորդ շրջանին ներհատուկ մեկուսացվածությունը, օգնեց կապեր հաստատելու եվրոպական պետական և ոչ պետական կառույցների, մարզական, մարդասիրական, մշակութային կազմակերպությունների հետ և դրանով իսկ նոր շունչ ու հայացք, խնդիրների լուծման նորարարական մոտեցումներ բերել Հայաստան, հարազատ  Վանաձոր:

Գնում էին չտրորված արահետներով՝ հընթացս հաղթահարելով դժվարությունները, նոր փորձն իմաստավորելով ու անծանոթ միջավայրում դրսևորվելով, հաստատելով անհրաժեշտ կապեր, ձեռք բերելով կարևոր բարեկամներ: «Ես մի զարկն եմ քո բազկի, ես մի ծիլն եմ քո դաշտի» հայտնի երգի տողերը տվյալ դեպքում արդեն մարմին ու հոգի սնող թեկուզ և փոքր, սակայն բաբախուն երակի իմաստ էին ստանում նրանց մոտ, ովքեր կանգնեցին «Ինտերկապ» բարեգործականի հիմնադիր նախագահ,  մարզաշխարհում իր աշխատանքներով աչքի ընկած Նորայր Զուլոյանի կողքին: Ավերիչ երկրաշարժից հետո աշխարհի բազմաթիվ երկրների պետական ու հասարակական կառույցներ օգնության ձեռք մեկնեցին վիրավոր Հայաստանին, և նրանք էլ՝ գաղափարի շուրջը համախմբված համախոհներն ու համակիրները, մարզաշխարհի ու մշակույթի, մտավորականների ու բարերարների մի շարք վաստակաշատ այրեր հասկացան, որ «Ինքն իրեն օգնողին Աստված էլ է օգնում»: Դրամաշնորհներ էլ չէին սպասում և չստացան. օտարները եկան օգնելու, իրենք էլ պիտի կարողանային օգնել:

Այն մութ ու խավար, վտանգավոր տարիներին բեռնատարների շարասյուններով հազարավոր կիլոմետրեր անցնել են եվրոպական երկրների օտար ճանապարհներով, լինելով հայաշատ բազմաթիվ գաղթօջախներում, շփվելով գերմանացի, իտալացի, ֆրանսիացի, բուլղար, հոլանդացի  ամենատարբեր մակարդակի պետական, կրոնական, մարզական, մշակութային ու գործնական շրջանների հետ: «Ինտերկապ» բարեգործականն այդ ճանապարհներին բարեկամության սերմեր է ցանել, Հայաստանի հետ կամրջել տասնյակ մարզական, մշակութային ու բարեգործական կազմակերպություններ: Այդ առաքելության մեջ «Ինտերկապին» գործուն աջակցություն են ցուցաբերել ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունները, գերմանացիներ` ճարտարագետ, գործարար և բարերար Ռայներ Քոզելը, Հերբերթ Հոֆֆմանը, Զիգֆրիդ Հերմաննպեռգերը, Անտոն Մարտինը, Հելմութ Վեսսելը, իտալացի Վաշինգտոն Ալտինին ու Գուիդո Գոլլինին, ֆրանսահայ բարերարներ Սամվել Զենյանը, Անդրանիկ Քեշիշյանը, Շարլ Ձիրանյանը, Պատրիկ Չիլյանը, Անտուան Ակոպյանը Բելգիայից Գագիկ Դավթյանը  և շատ ուրիշներ (մանրամասն`տես կայքում):

Հիրավի հիմնաշեն են «Ինտերկապի» ճանապարհները: Պատերազմի մեջ գտնվող երկրի համար կարևոր էր (և է՛) երկրապահների ու զինվորականների ընտանիքներին ու բուժհիմնարկներին տրվող աջակցությունը՝ հագուստից և սննդամթերքից սկսած մինչև դեղորայք ու բուժսարքավորումներ, միանվագ սրսկիչներից սկսած մինչև թանկարժեք սոնոգրաֆիկ ու վիրահատական  սարքեր: Արցախի մի շարք բնակավայրերում, Հայաստանի հիվանդանոցներում ու հոսպիտալներում, դպրոցներում, պատերազմի, թշնամու մահաբեր կրակի տակ երկիր պահողները երախտագիտությամբ և հպարտությամբ են տալիս կազմակերպության անունը: Եվ դա բնական ու հասկանալի է. կազմակերպությունն ամրապնդում էր պատերազմողների թիկունքը:

Գործունեության մեջ կարևորվել են նաև մարզական ու մշակութային, կրթական միջոցառումները, մարզագույքի կարիք ունեցող ակումբներին ու կազմակերպություններին օգնելը, նրանց միջազգային ու եվրոպական այլևայլ մրցաշարերին մասնակից դարձնելը, վանաձորյան պարարվեստի խմբերի համերգներ և ցուցահանդեսների կազմակերպելը Եվրոպայում:

«Ինտերկապի» ջանքերով Վենետիկի Մխիթարյան միաբանության Մուրադ-Ռաֆայելյան վարժարանը 1991-1996 թթ. ընդունել և անվճար կրթություն է տվել Լոռու մարզի 10 պատանիների, նրանցից հինգն  ուսումը շարունակել են Իտալիայի և Ֆրանսիայի համալսարաններում: 1990-2001 թվականներին խաչքարագործ Վարպետներ` վանաձորցի Սերգեյ ԴԱՆԻԵԼՅԱՆԻ,  Հայկ ԶԱԼՅԱՆԻ եւ գյումրեցի Գրիգոր ԿԻՐԱԿՈՍՅԱՆԻ կերտած եւ ,ԻՆՏԵՐԿԱՊե-ին նվիրած տասնմեկ խաչքար-հուշարձանները, կազմակերպության միջոցներով ու բեռնատարներով Վանաձորից տեղափոխվել եւ  տեղադրվել են  Գերմանիայում /Վյուռցբուրգ-Հյոչբերգ/; Ֆրանսիայում /Թուլուզ, Կլամառտ, Ռոմանս, Վիլ.Թոլոզան, Գրենոբլ և Մեծն Շարլ Ազնավուրին/; Իտալիայում /ք.Բանյակավալլո և բարերար Ալիս Թաշջյան-Պոլգռոսսի/; Հոլանդիայում /ք.Ասսեն/; Ռումինիայում /ք.Բուխարեստ/` ի նշան բարեկամության, երախտագիտության  և  1915թ.  Հայոց Եղեռնի զոհերի հիշատակին: Միայն լուսանկարներում այդ մասին ծավալուն նյութ է ամբարված, իսկ եվրոպական ու հայաստանյան մամուլի արձագանքներն ավելի քան պերճախոս են: Հավելենք, որ խաչքարերը, դրվելով օտար հողերում, նպաստում են գաղթօջախների համախմբմանը և հայրենասիրությանը, հայության մշակութային ժառանգության հանրահռչակմանը:

Երեսնամյա հայրենանվեր գործունեության յուրահատուկ պսակը դարձան վերջին երկու ընդգրկուն և խորիմաստ միջոցառումները: Առաջինը՝ Վանաձորում հերթական բարեգործական առաքելությամբ Հայաստան եկած Ռայներ Քոզելի գլխավորած գերմանական պատվիրակության հետ նշվեց գերման ժողովրդի արժանավոր զավակ, հումանիստ և հնագետ, հայ ժողովրդի մեծ բարեկամ, հայ-գերմանական բարեկամների ընկերության հիմնադիր Յոհան Լեփսիուսի 160-ամյակը: «Գերմանացին, ում սիրտը ցավում էր հայերի համար» զեկուցումով հանդես եկավ տողերիս հեղինակը: Զեկուցման տեքստը թարգմանվել էր գերմաներեն և բաժանվել հյուրերին: Վանաձորի կենտրոնական գրադարանում բացվել էր Յ. Լեփսիուսին նվիրված գիտական և հուշագրական գրքերի ցուցահանդես: Տպավորությունն ավելի քան ոգևորիչ էր:

«Դուք հրաշք ժողովուրդ եք, ինչպիսի մշակույթ, խոր պատմություն և հիշողություն ունեք,- նշեց Լեփսիուսի հայանպաստ գործերը շարունակող «Ինտերկապ-Գերմանիա» կազմակերպության նախագահ Ռայներ Քոզելը,- չեք մոռանում և բացառիկ պատվի եք արժանացնում նրանց, ովքեր «ձեր պատմության ծանր ժամանակներում նրանց, ովքեր եղել են ձեր կողքին: Որպես գերմանացի՝ խորապես զգացված եմ և հիացած հայ ժողովրդի տոկունությամբ ու մշակութային ձեռքբերումներով»:

Գերմանացիները հաճելիորեն զարմացած էին, որ հենց պաստոր Յոհան Լեփսիուսի մերկացնող փաստերն էին օգնել Բեռլինի դատարանին կայացնելու արդար դատավճիռ և ազատ արձակել հայ ժողովրդի դահիճ Թալեաթին ոչնչացրած հայրենասեր Սողոմոն Թեհլերյանին: Գերմանացիները հաճելիորեն զարմացած էին նաև, երբ իմացան, որ Ֆրիդրիխ Բարբարոսան եղել է Հայաստանում, իսկ նրա հաջորդ Հենրիխ Վեցերորդը արքայական թագ է շնորհել Կիլիկիայի հայոց արքա Լևոն Երկրորդ Մեծագործին:

«Ինտերկապ-Գերմանիա» կազմակերպության նախագահ,  «Լոռվա ասպետ» Ռայներ Քոզելը հայ-գերմանական բարեկամության ամրապնդման գործում ներդրած ջանքերի, երկար տարիներ Հայաստանում բարեգործական-մարդասիրական ծրագրերի իրականացման համար Վանաձորի ավագանու որոշումամբ արժանացել է Վանաձորի պատվավոր քաղաքացու կոչման:

Հավելենք, որ «Գերմանացին, ում սիրտը ցավում է հայերի համար» զեկուցումը և գեղանկարիչ Աշոտ Հախոյանի՝ Սողոմոն Թեհլերյանի դատավարությանը նվիրված «Լեփսիուսը Բեռլինի դատարանում» գրաֆիկական աշխատանքը տեղ են գտել Պոտսդամի (ԳԴՀ) «Յոհան Լեփսիուս» թանգարանում:

Ահա այսպիսի հերթական մի կամուրջ, որը բացվեց «Ինտերկապի» ջանքերով: Ընդգծենք, որ այսպիսի քայլերն են բարեկամություն ծնում, շաղկապում հզոր մշակույթ ունեցող ժողովուրդներին: Իսկ նման կամուրջներ «Ինտերկապն» իր կենսագրության ընթացքում քիչ չի կառուցել:

Իրադարձային էր նաև Վանաձորում Մեծն զորավար Անդրանիկի առաջին բրոնզաձույլ շուրջ 8–մետրանոց հուշարձանի կանգնեցնելը: Այն հայրենապաշտ կազմակերպության երեսնամյա գործունեության, հիրավի, կարևոր և խորհրդանշական հանգրվանն է: Համաժողովրդական հերոսի արձանը վեր է հառնել քաղաքապետարանի աջակցությամբ և համաժողովրդական նվիրատվություններով՝ ընդգրկելով Դադիվանքի հոգևոր հովիվ տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանից սկսած մինչև Գուգարաց թեմի առաջնորդ գերաշնորհ տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյան, կաթոլիկ եկեղեցու Նիկարագուայի հոգևոր առաջնորդ, գերապատվելի Արիել Օբրեգոն, Վանաձորի թիվ 2 դպրոցի աշակերտուհի Գայանե Ղարաբեկյանից սկսած մինչև փառաբանված մարզիկ, մարզաշխարհի լեգենդ Նիկիտա Սիմոնյան ու այլք. իսկապես, աննախադեպ մասշտաբների երևույթ, իսկ նվիրատվությունների մասնակիցների աշխարհագրությունը տպավորիչ է` Կիպրոսից մինչև Ռուսաստան, Եվրոպայից մինչև ԱՄՆ, Բրազիլիայից մինչև Իրան, Սինգապուրից մինչև Արգենտինա…: Բավական է նշել, որ միայն արձանի  կշիռը 1 260 կգ է: Երիտասարդ շնորհալի քանդակագործ Գեղամ Բեկջանյանը իրականացրեց  «Ինտերկապ»-ի գաղափարը. նրա կերտած արձանը խորհրդանշում է լեռների միջից հառնող հայոց դյուցազնին, ում սուրը կիսով չափ է դրված պատյան՝ հիշեցնելով Անդրանիկի «Գործս կիսատ մնաց» պատգամը: Հոկտեմբերին կլրանա հուշարձանի տեղադրման մեկ տարին, և շրջակա պուրակն արդեն յուրատեսակ ուխտատեղի է դարձել վանաձորցիների համար. մոտ երկու տասնյակ երիտասարդ ամուսնական զույգեր են եկել և Զորավարի հայացքի ներքո միմյանց հավատարմության, ազգային ավանդույթներին հետևելու երդում տվել: Մարմնացում է գտնում հազարավոր հայ որբեր փրկած զորավարի իղձերից մեկը:

«Ինտերկապ» բարեգործականը՝ որպես Անդրանիկյան ուխտի զինվոր, այսպես է գործել ու մտադիր է գործել վաղը նույնպես: Կազմակերպության ձեռնարկումների տարեգրությունը համառոտ թվարկման մեջ անգամ հիացմունք ու ճանաչում է բերել նրան ինչպես ՀՀ-ում, այնպես էլ արտասահմանյան շուրջ չորս տասնյակ երկրներում: Այդ ձեռնարկումները հիմնաշեն են՝ ուղղված պետություն - հասարակություն կապերի ամրապնդմանը, պետության հզորացմանը: Գործելով պետության և հասարակության միջակայքում՝ կազմակերպությունն արժանապատվորեն է կատարում իր առաքելությունը:

Շնորհավոր 30-ամյա հոբելյանդ, համախոհների արժանապատիվ կամավորական միություն:

ՌՈՒԲԵՆ ՊԱՐՍԱՄՅԱՆ

«Լոռու մարզ» թերթի խմբագրությունը նույնպես շնորհավորում և նորանոր հաջողված նախաձեռնություններ է մաղթում «Ինտերկապին»:

ԱՐՄԵՆՊՐԵՍ գործակալությունը պատասխանատվություն չի կրում այս բաժնում և ժապավենում տեղ գտած մամուլի հաղորդագրությունների բովանդակության համար։ Բաժնի նյութերի բովանդակության համար պատասխանատվությունը կրում է բացառապես մամուլի հաղորդագրության հեղինակը։ ԱՐՄԵՆՊՐԵՍԸ չի կարող համարվել պատասխանատու այս բաժնում հրապարակված հաղորդագրությունների հեղինակների կողմից ներկայացված տեղեկատվության անճշտությունների / սխալների համար։
ԱՐՄԵՆՊՐԵՍՆ իրեն իրավունք է վերապահում չհրապարակել այն հաղորդագրությունները, որոնք պարունակում եմ այլոց նկատմամբ վիրավորական արտահայտություններ, կամ մեղադրանքներ, կամ մտքեր, որոնք խախտում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ սահմանված այլոց իրավունքները։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]