Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ըստ ռազմական փորձագետների` Արցախում ցածր ինտենսիվությամբ մարտերը կարող են դեռ ամիսներ շարունակվել

Ըստ ռազմական փորձագետների` Արցախում ցածր ինտենսիվությամբ մարտերը կարող 
են դեռ ամիսներ շարունակվել

ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ավելի ցածր ինտեսիվությամբ մարտերը, ժամանակ առ ժամանակ թեժանալով, կարող են դեռ ամիսներ շարունակվել։

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ռազմական փորձագետ, Razm.info մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը։

«Դժվար է ինչ-որ հստակ ժամկետ մատնանշել, թե երբ կավարտվեն հարձակողական մարտերը, առավել ևս, չեմ կարծում, թե մարտերում մեծ կորուստներ կրած ստորաբաժանումների համալրումը դադարել է։ Այսինքն` ժամանակի ընթացքում Ադրբեջանը մարտի դաշտ նոր ստորաբաժանումներ նետելու ռեսուրս դեռ ունի` չհաշված Մերձավոր Արևելքից ներգրավվող վարձկաններին:Մարտերը դեռ երկար կշարունակվեն և մոտ ապագայում կարող են ավարտվել միայն երկու սցենարով. առաջին` եթե ընդունենք Ադրբեջանի ուլտիմատումը, երկրորդ` եթե արտաքին ուժեր խառնվեն»,- ասաց Վրթանեսյանը:

Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանն ընգծեց, որ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ետևում կանգնած է Թուրքիան, և հենց այդ պետության պատճառով են խափանվել նախկինում ձեռք բերված հրադադարի երեք պայմանավորվածությունները:

«Միանշանակ, այստեղ Թուրքիան է որոշում կայացնողը, և պետք է նկատի ունենանք, որ նրա գերնպատակն էր դառնալ բանակցող կողմ կամ, գոնե, միջնորդ կողմ: Այնպես որ, այս երեք հրադադարի ձախողման պատճառը հենց Թուրքիան է: Ես բացառում եմ նաև, որ միջազգային որևէ ճնշման ներքո Ադրբեջանի նախագահը կգնա հումանիտար հրադադարի: Պարզապես, պետք է ռազմական գործողություններն այնպես դասավորվեն, որ արդեն ինքը ցանկություն հայտնի գնալ զինադադարի»,- նշեց փորձագետը:

Անդրադառնալով Ադրբեջանի ներսում տեղի ունեցող իրադարձություններին, երբ իշխանությունները կորոնավիրուսի անվան տակ սահմանափակումներ են մտցնում մի խումբ բնակավայրերում՝ Հովհաննիսյանը նշեց, որ այդ քայլով նրանք փորձում են պաշտպանվել իրենց իսկ բնակիչներից և Սիրիայից բերված վարձկան-ահաբեկիչներից:

«Կորոնավիրուսի հետ կապված՝ քաղաքների կամ խոշոր բնակավայրերի ելքերը և մուտքերը փակելուց հետո Ադրբեջանն անցել է նաև կարևոր ռազմավարական նշանակություն ունեցող օբյեկտների մուտքերն ու ելքերը փակելուն: Այսինքն՝ կարելի է ենթադրել, որ այստեղ ոչ մի կապ չկա կորոնավիրուսի հետ: Վերջին շաբաթների ընթացքում ի սկզբանե ակնհայտ էր, որ նրանք ահաբեկչական գործողությունների վտանգ էին զգում: Միայն այս համատեքստում կարելի է այս հանգամանքը դիտարկել, այլ ոչ թե կորոնավիրուսի»,- ասաց Հովհաննիսյանը:

Արցախի դեմ սեպտեմբերի 27-ից սանձազերծած լայնածավալ ագրեսիայի և ռազմական գործողությունների արդյունքում Ադրբեջանն ունեցել է կենդանի ուժի 6 997 կորուստ: Հակառակորդը կորցրել է ընդհանուր առմամբ 241 ԱԹՍ, 16 ուղղաթիռ, 25 ինքնաթիռ, 669 միավոր զրահատեխնիկա, 6 ՏՕՍ:

Արցախի դեմ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի` Թուրքիայի և վարձկան-ահաբեկիչների աջակցությամբ սանձազերծած ռազմական գործողությունների ընթացքում երեք անգամ` հոկտեմբերի 10-ին Ռուսաստանի, հոկտեմբերի 18-ին Ֆրանսիայի, հոկտեմբերի 26-ին ԱՄՆ-ի միջնորդությամբ հայտարարվել է հրադադարի մասին, սակայն ուժի մեջ մտնելուց րոպեներ անց Ադրբեջանը խախտել է դրանք, ձեռնարկել դիվերսիոն գրոհներ, հրետակոծել առաջնագիծն ու խաղաղ բնակավայրերը։

Էլեն Ավետիսյան, Մարիամ Թեյմուրազյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]