1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Վարձկանների «վարակը» Հյուսիսային Կովկասի ուղղությամբ տարածվելու ռիսկը մեծ է. Վահրամ Պետրոսյան

Վարձկանների «վարակը» Հյուսիսային Կովկասի ուղղությամբ տարածվելու ռիսկը մեծ է. 
Վահրամ Պետրոսյան

ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի ազդեցության գոտի է ներթափանցում Թուրքիան: Եվ ղարաբաղյան գործընթացներում այնքան է խորանում, որ այսօր Ադրբեջանում գործ ունենք դոմինանտ Թուրքիայի հետ:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին նշեց ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի վարիչ Վահրամ Պետրոսյանը՝ նշելով, որ հրադադարների խախտման գործում մեծ է Թուրքիայի դերը:

«Ցանկացած հրադադարի պատասխան մենք ստացել ենք ոչ թե Բաքվից, այլ Անկարայից: Այն քարոզչությունը, որ տարվում է, մեծ մասամբ Բաքվինը չէ , այլ սցենար է, որ մշակվել է Անկարայում: Դեռ հրադադարն ուժի մեջ չմտած, արդեն պատրաստ է տեքստը, թե հայկական կողմը խախտել է պայմանավորվածությունը»,- ասաց Վահրամ Պետրոսյանը:

Նա նկատեց, որ այս ընթացքում թուրքական կողմից քարոզչական դաշտում աշխատանքներ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի դեմ՝ փորձելով փոխել այն: Վահրամ Պետրոսյանի խոսքով՝ այն, ինչ տեղի է ունենում, չի բխում Ռուսաստանի շահերից:

«Եթե վերցնենք հոկտեմբերի 10-ին Մոկսվայում հրադադարի մասին ձեռք բերված պայմանավորվածության փաստաթուղթը, ապա կտեսնենք, որ այն շեշտում է՝ բանակցային հարցում ձևաչափի փոփոխություն չի լինելու: Արդեն իսկ Արդբեջանը ստորագրել է, որ ձևաչափի փոփոխություն չի կարող լինել: Հետևաբար, անչափ բարդացել է փոփոխությունն այս կոնտեքստում»,- ասաց Վահրամ Պետրոսյանը՝ ընդգծելով, որ Թուրքիան շարունակում է  ցույց տալ, որ ինքը այսպես, թե այնպես  կողմ է և ցանկանում է խնդիրը կարգավորեն նաև իր մասնակցությամբ:

Ի պատասխան այն հարցին, թե որքանով է Թուրքիայի ակտիվությամբ պայմանավորված Ադրբեջանի նախագահը կորցնում պայմանավորվածության կողմ լինելու ունակությունը, Վահրամ Պետրոսյանը նշեց, որ այո, այսօրվա դրությամբ ունենք վտանգ, որ ինքնին որոշ հարցերի պատասխաները կգտնենք ոչ թե Բաքվում այլ Անկարայում: Դա հենց այն է, ինչին ձգտում է Անկարան:  

Վահրամ Պետրոսյանն ընդգծեց՝ Թուրքիայի միջնորդությամբ Ադրբեջան տեղափոխված ու Արցախի դեմ օգտագործվող վարձկանների գործոնը լուրջ ռիսկ է ներկայացնում ընդհանուր տարածաշրջանի համար: Դա քաջ գիտակցում է Ռուսաստանը: Վաղ թե ուշ պատերազմն ավարտվելու է, և այստեղ ներթափանցած վարձկանների վարակը տարածվելու է, և դա տեղի է ունենալու Հյուսիսային Կովկասի ուղղությամբ:

Անդրադառնալով վարձական ահաբեկիչների վերաբերյալ միջազգային հանրության արձագանքին՝ Վահրամ Պետրոսյանը նկատեց, որ նախ ընդունվեց այդ փաստը, այնուհետև նաև այն, որ դա մեծ է վտանգ է ներկայացնում: Որքան էլ հակառակորդը ձգտեց ցույց տալ, թե իբր հայկական կողմը վարձկանների է ներգրավում, միևնույն է, ոչ մի ապացույց չբերեց և դա չէր կարող լինել, որովհետև իրականում նման բան չկա:

«Ահաբեկիչների չեզոքացման հետ կապված՝ կան որոշակի քայլեր: Մասնավորապես, Ռուսաստանի կողմից կոնկրետ քայլեր կան սիրիական դաշտում: Եվ այն հարվածները, որոնք հասցվում են որոշակի բազաների, հավաքագրման կետերի, ուղղված են դրա դեմ»,-հավելեց Վահրամ Պետրոսյանը՝ ընդգծելով, թե պետք է աշխատենք, որ այս ամբողջ գործընթացին իրավական գնահատական տրվի: Ոչ միայն արձանագրենք, այլև կոնկրետ խնդիրներ դնենք:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]