Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ես հավատում եմ, իմ սիրելի ժողովուրդ, քաջությանդ. Գևորգ 5-րդ Սուրենյանցը՝ մեկ դար հեռավորությունից

Ես հավատում եմ, իմ սիրելի ժողովուրդ, քաջությանդ. Գևորգ 5-րդ Սուրենյանցը՝ մեկ 
դար հեռավորությունից

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լայն տարածում ստացած թյուր կարծիք կա, թե պատմագիտությունը հեռու է ճշգրիտ լինելուց։ Սակայն պատմությունը համակարգային իմացության տիրույթում է, այն լոկ փաստերի, թվերի եւ անունների շարադրանք չէ։ Պատմությունը անցյալի միջոցով  ներկայի արարումն է ապագայի լինելիության համար։ Կարդում ես Ամենայն հայոց կաթողիկոս Գեւորգ 5-րդ Սուրենյանցի խոսքը եւ համոզվում, որ պատմությունը սիրում է կրկնվել դրա դասերը չյուրացրած ժողովուրդների համար։

«Հայրենիքի պայծառ հորիզոնը նորից մթնեց, խաղաղ կյանքը նորից խանգարվեց. հայ արնաքամ ժողովուրդը սահմանների վրա տեղահան բաց երկնքի տակն է մնացեր. մեր սահմանների վրա նորից գոռում են թնդանոթները, դարձյալ երկու տարի առաջվա մղձավանջը տիրել է ամենուրեք, եւ ամենքի բերնից լսվում է «գալիս է թշնամին»։ Այո, Հայոց ժողովուրդ, գալիս է թշնամին, անգութ թշնամին, նա արդեն մեր դռան, մեր դեմ կանգնած է եւ յուր վերջին ուժերը հավաքած՝ հուսահատ կռիվ է մղում եւ ուզում է մեզ բոլորովին տանից-տեղից, հայրենիքից եւ ազատությունից զրկել եւ Իսրայելի նման մեր ոսկորներ անապատի մեջ ցիր ու ցան անել։ Ինչ ես մտածում դու անել. կռվել քաջաբար եւ մեռնել հերոսաբար, թե հավիտենական ստրուկ դառնալ կամ պարանոցդ թշնամու սրի առաջ պարզել եւ ոչնչանալ։ Հեռու, հեռու քեզանից այդ ինքնակործան միտքը։ Եթե քեզ համար թանկ է հայրենիքը, եթե դու սիրում ես ազատ ապրել, եթե քեզ համար նվիրական եւ սուրբ է հայի անունը, պատիվը, հայրերիդ ու պապերիդ արյունով ներկված եկեղեցին, ընտանեկան սրբությունը եւ օջախը, ապա ժամանակն է, որ դու զենքը ձեռքիդ պաշտպան հանդիսանաս վտանգված հայրենիքիդ։

... Երկու տարվա կյանքը մեզ սովորեցրեց, որ մենք պետք է պաշտպանենք մեր մայրենիքը, օտարը մեզ չօգնեց եւ չի օգնելու։ Հայ քաջարի զինվոր, դու քո քաջությամբ եւ անվեհերությամբ աշխարհք զարմացրիր, հավաքիր ուժերդ վերջին անգամ, տուր մի անգամ էլ քո մահացու հարվածը հայրենիքի եւ հայի ազատությունը ջնջել ցանկացող անողորմ թշնամուն։ Հավատա եւ հավատա, թե քո այդ վերջին հարվածով հավիտյանս կջարդես թշնամուն անկանգուն կերպով, որովհետեւ սա նրա վերջին հուսահատական կռիվն է, կամ ոչնչանալ հավիտյան եւ կամ ոչնչացնել քեզ։

... Գնացեք կռվեցեք քաջաբար եւ ձեր սրերով մաքրեցեք ձեր ճանապարհը դեպի ձեր մոխրացյալ վաթանը՝ Մուշն ու Սասուն, դեպի Ս. Կարապետ ու Աղթամար։ Իսկ դուք՝ Արարատյան աշխարհի հարազատներ, Վաղարշապատի, Օշականի, Աշտարակի, Սարդարապատի, Ապարանի, Շիրակի, Ծաղկաձորի եւ Գեղարքունյաց զավակներ, թողեք ծերերին, ձեր մայրերին եւ քույրերին ձեր տնային աշխատանքները, ձեր ազատության վտանգ է սպառնում, թռեք դեպի սահմանագլուխներ, հիշեցեք Զեյվան ու Սարդարապատ, որտեղ ցույց տվիք ձեր քաջությունը, որտեղից թշնամուն հալածական փախցրիք, ելեք ի հանդես, ներքին թշնամիները մաքրեցիր, մաքրիր քաջաբար եւ արտաքին թշնամուդ, որպեսզի Մասիսի գլխին տնկված Հայկական դրոշակն անսասան մնա։

... Ես հավատում եմ, իմ սիրելի ժողովուրդ, քո քաջությանը, ես հավատում են քո անշեղ հարվածին, ես հավատում եմ Հայաստանի հզոր Աստծուն եւ նրա սքանչելիքներին. նա ուժ տվեց ու կարողություն մեր մի բուռ քաջերին, երկու տարի անընդհատ հարվածելու հայրենիքի եւ եկեղեցու թշնամուն. նա այս անգամ եւս կտա հայրենիքի քաջերին փառավոր հաղթանակը եւ խրոխտացած թշնամուն խորտակված ցիր ու ցան կհալածե»։ (2 հոկտեմբերի, 1920 թվական, Վաղարշապատ։ «Էջմիածին» շաբաթաթերթ)։

Պատրաստեց Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆԸ

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]