Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   27 Հոկտեմբեր

Տնտեսական խաղաղ խաչակրաց արշավանքն առաջնահերթություն է 

Տնտեսական խաղաղ խաչակրաց արշավանքն առաջնահերթություն է 

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ինչպես հին հայկական ասացվածքն է ասում. «Եթե մենք ուս ուսի տանք, կարող ենք սարեր շուռ տալ»: Ամերիկյան «New York Post» հանդեսի հեղինակ Ռոբերտ Նիկոլսոնը, ով «Ֆիլոսի ծրագրի» հեղինակն է, կազմակերպություն, որը հանդես է գալիս Մերձավոր Արեւելքի գործերում քրիստոնյաների ակտիվ մասնակցության աջակցության դիրքերից, ԱՄՆ-ին կոչ է արել մշակել նոր ռազմավարություն՝ օգնելու Մերձավոր Արեւելքում բնակվող քրիստոնյաներին: Չէ՞ որ հազարավոր քրիստոնյաների են սպանում աշխարհում, իսկ Արեւմուտքը դա չի տեսնում կամ պարզապես չտեսնելու է տալիս:

«Կովկասում վերջերս տեղի ունեցած պատերազմի ողջ իմաստն արտացոլված է մի տխուր տեսանյութում, որում լեռներում տեղակայված վանքում հավաքված մի քանի հայեր վերջին անգամ շարական են երգում, նախքան այդ տարածքից հեռանալը: Ամերիկայի երկու դաշնակիցների՝ Ադրբեջանի եւ Թուրքիայի գործողությունների միջոցով փոքր քրիստոնյա ազգի այս նվաստացումը ցույց է տալիս Միացյալ Նահանգների կարողությունների սահմանները, ինչպես նաեւ Մերձավոր Արեւելքում բնակվող քրիստոնյաներին օգնելու նոր ռազմավարության անհրաժեշտությունը:

Քրիստոնյաները, որոնք ժամանակին մեծամասնություն էին կազմում, այսօր հայտնվել են գերազանցապես մահմեդական երկրներում բնակչության նվազող կղզյակներում, իսկ այդ երկրները չեն կարող եւ երբեմն էլ մտադիր չեն պաշտպանել դրանք: Արեւմտյան խաչակրաց արշավանքների հնագույն պաշտպանական մոդելը հնացել է, եւ, ամեն դեպքում, այն երբեք արդյունավետ չի եղել: Մարդու իրավունքների լոբբիստական գործունեության մեր նոր մոդելը նույնիսկ ավելի քիչ է հաջողակ»,-գրել է Նիկոլսոնը:

Սովորաբար, խոսքն այսպիսի իրավիճակի մասին է. քրիստոնյա բնակչությունը ենթարկվում է հարձակման, իրավապաշտպան կազմակերպությունները քաղաքագետներից գործողություններ են պահանջում, իսկ քաղաքագետները, որոնք միայն խոսքերով են պաշտպանում ամերիկյան արժեքները, մերժում են այդ խնդրանքները՝ վախենալով նախապաշարմունք ունեցողի տպավորություն թողնել կամ չցանկանալով զայրացնել տեղի բռնակալներին: Նրանց դիրքորոշումը որոշակի իմաստ ունի. ԱՄՆ-ն իրականում քրիստոնեական պետություն չէ, բայց մենք՝ ակտիվիստներս եւ իրավապաշտպաններս, տարեցտարի շարունակում ենք առանց խոչընդոտների կատարել մեր աշխատանքը՝ հուսալով այլ արդյունք ստանալ:

Միեւնույն ժամանակ քրիստոնեական արշիպելագը շարունակում է դանդաղ սուզվել մահմեդական նվաճումների ծովը:

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը շատ ավելին է արել կրոնական փոքրամասնությունների համար, քան երկրի պատմության մեջ ցանկացած այլ նախագահ: Սակայն պատերազմի վեց շաբաթվա ընթացքում նա ոչ մի քայլ չձեռնարկեց Ադրբեջանին եւ Թուրքիային կանգնեցնելու ուղղությամբ, առավել եւս` օգնության չհասավ հայերին: Շեշտելով այդ հանգամանքը՝ Նիկոլսոնը ենթադրել է, որ նրա դիրքորոշումը պարզ էր. արտաքին քաղաքականությունը հիմնված է շահերի վրա, եւ ազդեցիկ մեծամասնության ներկայացուցիչների հետ հարաբերությունները, ինչպես թղթախաղում, միշտ «խփում» են թույլ փոքրամասնությունների իրավունքներին: Իրավապաշտպան գործունեությունը ոչ մի արդյունք չի տալիս, կապվում է կառավարությունների գործողությունների հետ, որոնք երբեք չեն նյութականանում:

Դա չի նշանակում, որ ամերիկյան ուժն անօգնական է, մանավանդ, երբ խոսքը վերաբերում է այնպիսի կամակոր պետությունների, ինչպիսին Թուրքիան է:

Անկախ նրանից՝ խոսքն ինչի՞ մասին է՝ Հունաստանին վախեցնելուն, Կիպրոսի բռնազավթմանը, Սիրիա եւ Լիբիա ներխուժմանը, Հյուսիսային Իրաքի ռմբակոծմանը, ՀԱՄԱՍ-ին աջակցությանը կամ Արեւմուտքի նկատմամբ ատելություն սերմանմանը, ամենուր երեւում է թուրք քաղաքական գործիչ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որը, դատելով ամեն ինչից, ցանկանում է դառնալ ամենամեծ սպառնալիքը տարածաշրջանային կայունության համար:

Եթե մի կողմ թողնենք բարոյական հիմնավորումները, ապա պետք է ասել, որ մեր ազգային հետաքրքրությունները պահանջում են, որպեսզի Վաշինգտոնը զսպի Անկարայի՝ նոր կայսրություն ստեղծելու մտադրությունները:

Մերձավոր Արեւելքում քրիստոնեության համար ապագա ապահովելու միակ միջոցը նրա տնտեսական հիմքերի ամրապնդումն է: Հորդանան գետի արեւմտյան ափին եւ Գազայի հատվածում պաղեստինցի քրիստոնյաների շրջանում «Փիլոս» ծրագրի կողմից 2020 թ. կատարված հետազոտությունը ցույց տվեց, որ նրանց մոտ կեսը չի կարողանում ապահովել առօրյա կարիքները, մեկ երրորդը հայտնել է արտագաղթելու ցանկության մասին, այդ թվի երկու երրորդը պատճառների թվում նշել է ֆինանսական գործոնը:

Նույն իրավիճակը նկատվում է ամբողջ տարածաշրջանում: Այն բանից առաջ, երբ «Իսլամական պետության» գրոհայինները քանդեցին Իրաքն ու Սիրիան, այն բանից առաջ, երբ «Հըզբոլլահը» խեղդեց Լիբանանը, քրիստոնյաների դիրքերն արդեն թուլացել ու խոցելի էին դարձել:

«Հիմա ժամանակն է մեր ուշադրությունը կենտրոնացնել պետական իշխանությունից դեպի մասնավոր ներդրումներ, որոնք Արեւմուտքի քրիստոնյա գործարարներին կկապեն Մերձավոր Արեւելքի գործարարների հետ, ինչը հնարավորություն կտա ստեղծել նոր ընկերություններ, զարգացնել շինարարական ոլորտը եւ տեղի արտադրանքը հանել շուկա,- եզրակացրել է Նիկոլսոնը: -Դա գոյատեւման ռազմավարություն է հին եկեղեցու համար, որի անդամները միավորում են սեփականությունը հանուն ընդհանուր շահերի: Նման մոտեցումը պահանջում է ավելի շատ ստեղծագործականություն եւ վճռականություն, քան ներկայիս մոդելները, բայց այն ավելի լավ եւ ավելի կայուն արդյունքներ է խոստանում:

Տնտեսական խաղաղ խաչակրաց արշավանքն առաջնահերթության կվերածի քրիստոնեական համայնքները, որոնք ներդրումների համար ունեն նպաստավոր միջավայր: Այս տարբերակի դեպքում Հայաստանի կարեւորությունն ակնհայտ կդառնա: Հայաստանը ոչ միայն բարձր տեղ է զբաղեցնում Համաշխարհային բանկի՝ բիզնեսի վարման թեթեւության ինդեքսում, այլ նաեւ ունի բարձր տեխնոլոգիաների զարգացող ոլորտ, ինչպես նաեւ թանկ, բայց որակավորված աշխատուժ:

Հայաստանի քրիստոնյաները ունեն այն, ինչի մասին տարածաշրջանի մյուս քրիստոնյաները կարող են երազել՝ քաղաքական ինքնիշխանություն, իսկ դա ուժեղացնում է ցանկացած ներդրում երեք հարթությունում: Ուժեղ տնտեսությունը նշանակում է հավանական դաշնակիցների ավելի ակտիվ մասնակցություն, ինչպես նաեւ մեծ դիմացկունություն տեղական թշնամիների հետ հակամարտության դեպքում: Այսպիսի տնտեսությունը Հայաստանը դարձնում է անվտանգ ապաստան տարածաշրջանի քրիստոնյաների համար, ովքեր ավելի լավ տարբերակներ են փնտրում: Բացի այդ, նման տարբերակը, անհրաժեշտության դեպքում, Հայաստանին կդարձնի ժամանակավոր ապաստան տարածաշրջանի այլ հավատացյալների համար»:

Իհարկե, դեռ ուշ չէ օգնություն ցուցաբերել Հայաստանին, սական հին մոտեցումը՝ «փամփուշտների» տրամադրման տեսքով, բավարար չի լինի: Անհրաժեշտ է Արեւմուտքում քրիստոնեական զանգվածային մտահոգությունը շոշափելի ներդրումների վերածել: Ինչպես ասում է հին հայկական ասացվածքը. «Եթե մենք ուս ուսի տանք, կարող ենք սարեր շուռ տալ»:

   Պատրաստեց Իշխան ՔԻՇՄԻՐՅԱՆԸ








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]