Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   4 Հուլիս 2022

Ադրբեջանական մամուլն օպերատիվ օգտագործեց իտալացիների այցերը իր կատաղի քարոզչության մեջ

Ադրբեջանական մամուլն օպերատիվ օգտագործեց իտալացիների այցերը իր կատաղի 
քարոզչության մեջ

ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սփյուռքի հայկական համայնքները քվեներ չեն տալու նրանց, ովքեր թաքցնում են Ադրբեջանի եւ Թուրքիայի հանցագործությունները Հայաստանում եւ Արցախում: Իտալացի եւ եվրոպացի քաղաքական գործիչները վերստին դավաճանեցին հայ ժողովրդի արդար դատը՝ համոզված լինելով, որ կարող են հավասարաչափ հույս ունենալ հայ համայնքի ձայների վրա, միեւնույն ժամանակ էլ աչքով անել հայերի դարավոր թշնամուն:

Պատասխանատվության մի մաս, այնուհանդերձ, պետք է կրի նաեւ հայկական սփյուռքը՝ այդքան մեծաթիվ, այդքան մեծ հնարավորություններ ունեցող, մշակութային եւ գրական այդպիսի հսկայական ունակություններ ունեցող, ամենանշանավորն աշխարհում, որը, սակայն, թվում է, թե չի կարողանում երկխոսություն վարել եվրոպացի քաղաքական գործիչների հետ, որոնք մեծ հաշվով տեղյակ չեն հայ-ադրբեջանական բարդ հարաբերությունների մասին: Մենք բոլորս ականատես եղանք, թե ինչպես էր ադրբեջանա-թուրքական դաշինքը Արցախում ռազմական հանցագործություններ անում, այդ թվում՝ գլխատումներ, դաժան վերաբերմունք գերեվարված ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց հանդեպ, դիակների պղծում: Գործողություններ, որոնք պահանջում են Հաագայի միջազգային դատարանի անհապաղ միջամտությունը:

Մենք տեսել ենք, թե ինչպես է ադրբեջանցի զինվորականների մի խումբ գլխատում մարդու: Ադրբեջանի դրոշով եւ այլ տարբերանշաններով հագուստ կրող զինվորը դանակով կտրում է գերու վիզը: Վերջում հնչում են ծափահարություններ եւ հրճվանքի այլ դրսեւորումներ:

Ի՞նչ էր այդ պահին անում ժողովրդավարական Իտալիան՝ հայ բնակչության եւ Արցախի համար: Մարդասպաններին էր պարգեւատրում: Հայերի նոր սպանդից մի քանի օր անց մեկնարկում է իտալական պատվիրակության այցն Ադրբեջան: Սկզբում խորհրդարանականները, այնուհետեւ ԱԳ նախարարն այցելում են Ադրբեջան: Այսպիսով՝ Իտալիան կարող է արդարացիորեն գլուխ գովել, որ ինքն առաջին արեւմտյան երկիրն է, որն այցելել է Ադրբեջան նախ խորհրդարանական պատվիրակությամբ, այնուհետեւ՝ կառավարության անդամի տեսքով: Այս պատվիրակություններն այցելում են Ադրբեջանի կողմից Արցախի բռնազավթած տարածքներ, այսպիսով՝ Իտալիային կցելով երկրորդ ոչ նախանձելի ռեկորդը՝ առաջին երկիրը Թուրքիայից հետո, որը հանցագործներին շնորհ է արել: Այսպիսով՝ մոռանալով նաեւ, որ Էրդողանի եւ Ալիեւի տարածապաշտական նկրտումները մեծ սպառնալիքի տակ են դնում Հարավային Կովկասը՝ այն վերածելով իրական դժոխքի՝ համաշխարհային հետեւանքներով:

Թուրքական եւ ադրբեջանական մամուլը, փաստացի, օպերատիվ կերպով օգտագործեց իտալացիների այցերը իր կատաղի քարոզչության մեջ: Նման նողկալի առաքելություններով Իտալիան ցույց է տալիս, որ ինքը հավասար հարթության վրա է դնում ժողովրդավարական Հայաստանն այն երկրի հետ, որտեղ դեռ ծաղկում է Ստալինի հետնորդների անառարկելի գաղափարախոսությունը: Քաղաքական գործիչները, հավանաբար, շատ տգետ են կամ օպորտունիստ, որպեսզի հասնական, որ հայկական հնագույն Արցախը մի տարածք է, որտեղ քրիստոնեության առաջին արմատներն են գցվել:

Հայերն ու խաղաղության աջակիցները ամբողջ աշխարհում պետք է հասկանան, որ մեծ է վտանգը, որ Արցախում հայերի հազարամյա ներկայությունը կչեղարկվի, այնպես, ինչպես եղավ Թուրքիայում՝ Հայոց ցեղասպանությունից հետո:

Իհարկե, վաղ, թե ուշ բռնազավթիչների նկատմամբ կյանքի կկոչվի դիմադրություն, ինչպես ցույց է տալիս պատմությունը, բայց դիմադրություն, որը կպահանջի քաղաքական, ֆինանսական, բարոյական եւ գործնական աջակցություն: Հայկական սփյուռքն աշխարհում մեծաթիվ է, Իտալիայում եւս քիչ չեն եւ սփյուռքի աջակցությունը Հայաստանին պետք է հստակեցվի: Կան առավել սակավաթիվ ու պակաս ազդեցիկ համայնքներ, որոնք ստանում են շատ՝ զուտ իրենց քվեների համար: 

Թալալ Խրայիս








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]