1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Թուրք-ադրբեջանական զորավարժությունները սադրանք էին Հայաստանի և Ռուսաստանի դեմ

Թուրք-ադրբեջանական զորավարժությունները սադրանք էին Հայաստանի և Ռուսաստանի դեմ

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փետրվարի 12-ին ավարտվեցին դեռ փետրվարի 1-ին Կարսում մեկնարկած «Ձմեռ-2021» (“Kış-2021”) թուրք-ադրբեջանական զորավարժությունները: Ըստ տարբեր աղբյուրների՝ զորավարժություններին մասնակցում էր 1268 զինվորական, որից 66-ը՝ ադրբեջանցի (Նախիջևանի համազորային բանակից), ներգրավված էր 190 միավոր զինտեխնիկա, ինչպես նաև տարբեր տեսակի և տրամաչափի 218 զինատեսակ (տանկեր,    հրետանի, ուղղաթիռներ և այլն):  

Հարկ է ընդգծել է, որ զորավարժություններն ունեին հարձակողական բնույթ. մշակվել են գրոհներ ու օդային հարձակման գործողություններ: Թուրքիայի ՊՆ հաղորդագրության համաձայն՝  զորավարժության ընթացքում փորձարկվել են նաև  նոր սպառազինություններ:

Թուրք-ադրբեջանական զորավարժությունները դրանց հայտարարման պահից գտնվում էին հայաստանյան հանրային և  փորձագիտական շրջանակների ուշադրության կենտրոնում: Հաշվի առնելով այս հանգամանքը՝ ցանկալի է կատարել մի քանի արձանագրում:

«Ձմեռ-2021» զորավարժությունները, թեև ունեին ռազմական որոշ առանձնահատկություններ և  կազմակերպվել էին ԵԱՀԿ հանձնառությունների խախտումներով, աննախադեպ չէին: Նման զորավարժությունների կազմակերպումը վերջին տարիներին ստացել էր պարբերական բնույթ: Վերջին նման զորավարժությունները կայացել էին 2020թ․ հուլիս-օգոստոսին՝ Ադրբեջանի տարածքում։

Թերևս գաղտնիք չէ, որ զորավարժությունների անցկացումը, բացի ռազմական խնդիրներից, ունի նաև նաև քաղաքական բաղադրիչ: Այս առումով հատկանշական է, որ թուրք-ադրբեջանական զորավարժություններն անցկացվում են Արցախյան երկրորդ պատերազմից ընդամենը 3 ամիս անց և դրանց անցկացման վայրի ու ժամանակի ընտրությունը հազիվ թե կարելի է համարել պատահականություն: Կարելի  է ենթադրել, որ Բաքուն և Անկարան, Կարսում զորավարժություններ կազմակերպելով, նպատակ ունեին ճնշում գործադրել Հայաստանի վրա (նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթների իրականացման և տարածաշրջանային գործընթացների համատեքստում), ներազդել հանրային տրամադրությունների վրա՝ Հայաստանում տարածելով պարտվողականություն:

Հարկ է ընդգծել, որ այս զորավարժությունները մարտահրավեր էին նաև Հայաստանի ռազմավարական դաշնակցի՝ Ռուսաստանի համար: Մոսկվան բավական լուրջ ջանքեր է գործադրել 44-օրյա պատերազմի դադարեցման համար՝ մեծ պատասխանատվություն ստանձնելով տարածաշրջանային իրավիճակի կայունացման և խաղաղության ամրապնդման նպաստավոր միջավայրի ձևավորման հարցում: Հաշվի առնելով այս ամենը, ինչպես նաև պատերազմից հետո ձևավորված բավական զգայուն իրավիճակը՝ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից զորավարժությունների կազմակերպումը ոչ այլ ինչ, քան սադրանք՝ լարվածությունը մեծացնող ուժի ցուցադրություն էր, ինչը հակադրվում է  նաև Մոսկվայի կողմից ձեռնարկվող ջանքերին:

Այս ամենը չվրիպեց նաև Մոսկվայի ուշադրությունից, և բնավ պատահական չէր, որ Կարսի զորավարժությունների մեկնարկին զուգահեռ ակտիվացավ նաև Գյումրիում ռուսական ռազմաբազան՝ զորքերն ու տեխնիկան դուրս  բերելով տեղակայման վայրերից: Ըստ էության, նման տեղաշարժը թերևս կարելի է որակել որպես Բաքվի և Անկարայի սադրանքի պատասխան:

Ամփոփելով՝ նշենք, որ թուրք-ադրբեջանական զորավարժություններն ավելի խորացրին Արցախյան երկրորդ պատերազմի հետևանքների, Հարվային Կովկասում Թուրքիայի ակտիվացման հետ կապված ռուսական կողմի մոտ նկատվող մտահոգությունները: Այս ամենի մասին են վկայում ռուսական փորձագիտական շրջանակներում ընթացող քննարկումները այն մասին, թե որքան համարժեք էր Մոսկվայի արձագանքը Արցախյան երկրորդ պատերազմում Թուրքիայի բացահայտ ներգրավման, Անկարայի կողմից Արցախ ահաբեկիչների տեղափոխման, Ադրբեջանի ԶՈւ կողմից ռուսական ինքնաթիռի խոցման և այլ հարցերում:

 

Նարեկ Մինասյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]