Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Հանրայինի 65-ամյակին համադրելու ենք անցյալը, ներկան ու ապագան. մեզ համար վերագնահատման պահ է. Հովհաննես Մովսիսյան

Հանրայինի 65-ամյակին համադրելու ենք անցյալը, ներկան ու ապագան. մեզ համար 
վերագնահատման պահ է. Հովհաննես Մովսիսյան

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրային հեռուստաընկերությունը 2021-ին նշում է հիմնադրման 65-ամյակը: Այդ կապակցությամբ հեռուստաընկերությունը գարնանային եթերաշրջանում կներկայանա նոր ձևաչափով բազմաթիվ և բազմաժանր հաղորդումներով, սիրված հաղորդավարներով: Հանրայինի թիմը երիտասարդացնելու, նոր անուններով համալրելու նպատակով էլ հեռուստաընկերությունը հիմնել է Մեդիա ակադեմիան, որն արդեն գործում է:

Հանրայինի զարգացման ծրագրերի, բարեփոխումների, հեռանկարների և այլ հարցերի շուրջ «Արմենպրես»-ի թղթակիցը զրուցել է հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանի հետ:

-Օրերս Հանրային հեռուստաընկերությունում տեղի ունեցավ Մեդիա ակադեմիայի բացման հանդիսավոր արարողությունը: Որո՞նք են լինելու Մեդիա ակադեմիայի գերակայություններն ու առանցքային ուղղությունները: Ինչո՞վ այն կառանձնանա նմանատիպ այլ կրթական նախագծերից:

-Մեր բոլոր ծրագրերի առանցքն այն փաստն է, որ Հանրային հեռուստաընկերությունը պատկանում է հանրությանը, և քաղաքացին պետք է ամեն կերպ հնարավորություն ունենա առնչվելու Հանրային հեռուստաընկերության հետ:

Մեդիա ակադեմիա ստեղծելու ծրագիրը Հանրայինի՝ 5 տարվա զարգացման իմ ներկայացրած մրցութային ծրագրի մի մասն էր ու առաջին քայլերից մեկը: Սահուն սերնդափոխության համար պետք է ունենալ օղակ, որի միջոցով մարդիկ կարող են հայտնվել Հանրայինում: Շատ պարզ հարց էր առաջանում, թե ինչպես են այստեղ աշխատանքի ընդունվում: Բոլորս էլ գիտենք՝ կարելի է ինքնակենսագրականներ ուղարկել տարբեր հաստատություններ, բայց «Մենք ձեզ կզանգահարենք» խոստմամբ ամեն բան ավարտվի: Մեդիա ակադեմիայի միջոցով հետաքրքրվածները կարող են հայտնվել այստեղ, մրցակցել, իսկ լավագույններն աշխատանքի անցնել:

Մեդիա ակադեմիայում  կրթությունը լսարանային չէ: Գերակշիռ մաս է կազմելու գործնական աշխատանքը: Դասընթացների մի քանի ուղղություն ենք առանձնացրել՝ լրագրություն, հաղորդավարություն և սպորտային լրագրություն: Հետագայում ընդգրկելու ենք ռեժիսուրան, մոնտաժը, պրոդյուսինգը և այլ ուղղություններ: Դասընթացների ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան սեփական նախագծերն առաջարկել, ունենալ եթերային ժամ և պատրաստել իրենց ծրագրերը, իրականացնել ստեղծագործական մտքերը: Այդպես գտնելու ենք այն մասնագետներին, որոնք պետք են Հանրայինին:

Ըստ իս՝ Հանրայինում բավականին մեծ փորձ կա կուտակված, որը պետք է փոխանցվի ապագա սերունդներին: Կարևոր է, որ հենց այն սերունդը, որն ունի երազանքներ, մոտիվացիա մրցակցության միջոցով հայտնվի այստեղ: Կարծում եմ՝ դասընթացները հաջող ավարտ կունենան: Մասնակիցներից մի քանիսին կընդունենք աշխատանքի: Դեմ չենք լինի, եթե մեր ուսանողները այլ կառույցներում աշխատանք գտնեն:

Նշեցիք, որ Մեդիա ակադեմիան հեռուստատեսության՝ ձեր զարգացման ծրագրերից մեկն է: Առաջիկա հինգ տարվա ընթացքում ի՞նչ տեսլական ունեք, ի՞նչ այլ նախագծեր եք մշակել, մշակելու, որոնք կարող են հարստացնել Հանրայինն ու նպաստել հեռուստաընկերության զարգացմանը:

-Ընդհանուր հեռուստատեսության դաշտում գլոբալ հարց կա, թե ինչպիսի՞ն է լինելու հեռուստատեսության ապագան, որովհետև այսօր հեռուստակոնտենտ մատուցելու այնքան նոր ձևեր են հայտնվել, որ  երբեմն շատ դժվար է մրցակցել՝ սկսած օնլայն մեդիայից, որը վերջին տարիներին ավելի պոպուլյար է դառնում, վերջացրած «Նեթֆլիքս»-ով և նմանատիպ այլ հարթակներով, որոնք վաղուց մրցակցում են հեռուստատեսության հետ: Հնարավոր է, որ մի օր այդ հարթակները   հաղթեն, և հեռուստաընկերությունները պետք է ապագայի ծրագրեր կազմեն: Այս պահին դա երկարաժամկետ հարց է, բայց պետք է արդեն մտածել դրա մասին:

Իսկ հինգ տարվա շրջանակում Հարայինը նախ պետք է լինի հետաքրքիր  հանրության բոլոր շերտերի համար: Շատ կարևոր է, որ հեռուստադիտողը, որը հարկ է վճարում հանրայինի գոյության համար, գտնի իրեն հետաքրքիր բովանդակություն: Այդ նպատակով որոշել ենք սեգմենտավորել և առանձին եթերներ ունենալ հանրության տարբեր խմբերի համար: Կարող ենք ասել, որ Հանրայինը մնում է ոչ թե հեռուստաընկերություն, այլ դառնում է հեռուստաընտանիք:

Մեզ համար խորհրդանշական է Հանրային հեռուստաընկերության հիմնադրման 65-ամյակը: Սեպտեմբերի եթերաշրջանը հայտարարելու ենք 65-ամյակի եթերաշրջան: Այս նորարարությունների մեծ մասը սեպտեմբերին է հրապարակվելու: Նախատեսում ենք Հանրայինի ռեբրենդինգը, որը կապված է նոր ծրագրերի հետ:

-Խոսենք նոր դեմքերի մասին. անոնսով արդեն իսկ հայտնել եք, որ Հանրային են վերադառնալու վաղուց սիրված հաղորդավարներ, եթեր է տրամադրվելու հայտնիների, որոնք առաջին անգամ մուտք կգործեն Հանրային…

-Հեռուստաընկերությունը պետք է ունենա իր դեմքերը: Կարևոր էր չկտրվել մեր արմատներից ու չսահմանափակվել միայն նոր դեմքերով: Սկսեցինք քննարկել, թե ովքեր են եղել Հանրայինի դեմքերը: Քննարկումների արդյունքում որոշեցինք վերականգնել մի հաղորդում, որը բավականին սիրված էր ժամանակին: Խոսքը «Երրորդ ալիք»-ի մասին է, որը վարում էին Կարեն Քոչարյանն ու Արտավազդ Եղոյանը: Երբ հայտնում էինք, թե ովքեր են լինելու նոր դեմքերը, որոնց թվում են Ֆելիքս Խաչատրյանը, Հովհաննես Դավթյանը, Գարիկ Պապոյանը, Արամ MP3-ը, անսպասելի ու մեծ արձագանք ունեցավ հենց Կարեն Քոչարյանի և Արտավազդ Եղոյանի վերադարձի մասին լուրը: Կարելի էր կարծել, թե նրանց մոռացել են, այնինչ ամենամեծ արձագանքը գտավ հենց այդ զույգի վերադարձը: Սա ևս մեկ անգամ մեզ հուշում է, որ պետք չէ մոռանալ արմատները, պետք է պահպանել այն պատմությունը, ճանապարհը որն անցել է Հանրայինն ու համադրել ամենը նորի հետ: 65-ամյակին ընդառաջ համադրելու ենք անցյալը, ներկան ու ապագան: Սա մեզ համար վերագնահատման պահ է լինելու:

Կլինեն ձևաչափեր, որոնք նոր են հայկական հեռուստադաշտում: Փորձել ենք ընդգրկել բոլոր ժանրերը. վերադարձնում ենք երաժշտական ժանրը:

-Իսկ կառավարման ոլորտում բարեփոխումներ նախատեսվո՞ւմ են:

-Նախ և առաջ կխոսեմ ֆինանսական կառավարման մասին: Հանրայինում պետք է բոլորը գիտակցեն, որ ամեն բան հանրության միջոցներով է արվում, որ քիչ գումարով պետք է շատ արդյունք ստեղծել: Մենք փոխեցինք ընդհանուր քաղաքականությունը Հանրայինի արտապատվիրակվող հաղորդումների հետ կապված: Աշխատանքային լեզվով ասում ենք «աութսորս»: Խոսքն այն հաղորդումների մասին է, որոնք պատրաստվում են Հանրայինից դուրս, բայց հեռարձակվում են մեր եթերով: Փորձեցինք ինչքան հնարավոր է նկարահանումները տեղափոխել Հանրային,  բարձրացնել աշխատակիցների զբաղվածության աստիճանը,  հաղորդումներ ստանալ հենց նրանց աշխատանքի միջոցով: Խնայողությունների հաշվին կարողացանք մի քանի լավ նախաձեռնությամբ հանդես գալ: Կարծում եմ՝ այս քաղաքականությունը շարունակելու ենք, իհարկե, որոշ իմաստով Հանրայինի կողմից գումարներ տալը այլ ստուդիաներում նկարահանումների համար նաև աջակցություն է այդ ընկերությունների գոյությանը, բայց մենք փորձելու ենք համամասնությունը պահել և մաքսիմալ խնայողություն անելու հաշվին շատ կոնտենտ արտադրել մեր հեռուստադիտողների համար:

-Հանրային հեռուստաընկերությունը հաճախ ասոցացվում է օրվա իշխանությունների հետ: Ի՞նչ պետք է անի Հանրայինն իր անվանը հավատարիմ մնալու, հանրության սեփականությունը մնալու համար:

-Ըստ իս՝ դա շատ երկար տարիների ընթացքում ձևավորված կարծիք է, որը փոխելը շատ դժվար է: Զրուցել եմ այդպիսի կարծիք ունեցող մի քանի մարդու հետ: Նման պնդումներ անողները, որոնք հիմնականում խոսում են լրատվական քաղաքական բովանդակության մասին, սովորաբար չեն հետևում  Հանրայինի եթերներին: Գոնե ես կարող եմ պնդել, որ վերջին չորս ամսում ոչ մեկ չի կարողացել հիմնավորել, թե ինչումն է Հանրայինի կողմնապահությունը, ի՞նչ է արել Հանրայինը, ինչի հետևանքով կարելի է այն համարել օրվա իշխանության հեռուստաընկերություն: Եթե  մոնիտորինգ արվի Հանրայինի եթերը, պարզ կդառնա, որ մենք լուսաբանում ենք ամեն ինչ: Կարևոր ձեռքբերում է այն, որ այսօր մեր լրագրողները չունեն թեմայի խնդիր, չկա հյուր, որին չի կարելի հրավիրել մեր եթեր, եթե, իհարկե, այս պահին տվյալ մարդը հետաքրքիր է: 17 կուսակցության բոլոր առաջնորդներին մենք հրավիրել ենք եթեր. մի մասը համաձայնվել է գալ, մի մասը՝ ոչ: Հիմա էլ հայտարարում եմ, որ պատրաստ ենք բոլորին եթեր տրամադրվել: Լուսաբանվում են բողոքի բոլոր ցույցերը, և չկա  թեմա, որը չենք կարող լուսաբանել: Ուղիղ եթերներ են տրվում: Եթե սա չէ Հանրայինի գործառույթը, ապա ի՞նչն է:

Սա ուղղակի կարծրատիպ է, որը կոտրելու համար ժամանակ է պետք, և այդ ուղղությամբ մենք աշխատում ենք:

Զրուցեց Անժելա Համբարձումյանը

Լուսանկարները՝ Մխիթար Խաչատրյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]