Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Զբոսաշրջային կոմիտեն պատրաստվում է տուրիստական սեզոնին.թիրախային երկրներից է  Ռուսաստանը

Զբոսաշրջային կոմիտեն պատրաստվում է տուրիստական սեզոնին.թիրախային 
երկրներից է  Ռուսաստանը

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի զբոսաշրջության կոմիտեն պատրաստվում է զբոսաշրջային սեզոնին: «Արմենպրես»-ի հետ զրույցում  Զբոսաշրջության կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Ալֆրեդ Քոչարյանը նշեց, որ մշակում են մարկետինգային ռազմավարություն, առանձնացնում են ուղղությունները, հստակեցնում են անելիքները: Թեպետ ակտիվ աշխատանքի մեջ են, սակայն ստիպված են ճկուն լինել, որովհետև բոլոր ծրագրերը ցանկացած պահի, համավարակով պայմանավորված, կարող են փոխվել: 

«Համավարակը դեռ չի նահանջել, հետևաբար պետք է հաշվի առնենք նաև այդ հանգամանքը: Ամեն դեպքում պատրաստվում ենք զբոսաշրջային սեզոնին, աշխատում ենք այն երկրների հետ, որտեղից կա հնարավորություն այս փուլում ունենալ զբոսաշրջային հոսքեր»,-ասաց Ալֆրեդ Քոչարյանը: 

Այս պահին զբոսաշրջիկ բերելու տեսնակյունից թիրախային երկրներից է Ռուսաստանը, որտեղ նպատակ է դրված իրականացնել մի քանի մարկետինագյին ծրագրեր: Մասնավորապես մարտի 16-ին Մոսկվայում բացվում է MITT միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսը, որին մասնակցում է նաև Հայաստանը: Կոմիտեն ներկա է լինելու ավելի քան 20 զբոսաշրջային ընկերության հետ: Ներկայացվելու են Հայաստանի զբոսաշրջային հնարավորությունները՝ լայն շրջանակով: 

«Հանդիպելու եմ նաև ռուսաստանցի իմ գործընկերոջ հետ, քննարկելու ենք ոլորտին առնչվող հարցեր՝ հասկանալու, թե ինչ քայլեր կարող ենք ձեռնարկել երկկողմ զբոսաշրջային հոսքեր ապահովելու համար: Պատրաստվում ենք Ռուսաստանից լրագրողներ, բլոգերներ հրավիրել Հայաստան: Նպատակն այն է, որ լայն իրազեկում լինի ռուսաստանցիների շրջանում»,-ասաց Ալֆրեդ Քոչարյանը: 

Հայաստանը միաժամանակ դիտարկում է նաև այլ շուկաներ, որտեղ համաճարակային իրավիճակը մոտ է մեր երկրին: Օրինակ, Ուկրաինան, որը Հայաստանից եկող զբոսաշրջիկներից կորոնավիրուսի թեստ չի պահանջում, բավարար է միայն ունենալ ապահովագրություն Քովիդի համար: Կոմիտեն առաջարկներ է մշակում կառավարությանը ներկայացնելու, որպեսզի նույն պայմաններով  կարողանանք ուկրաինացիներին ընդունել Հայաստանում: 

«Դիտարկվում է նաև Իրանը: Ասեմ, որ այդ ուղղությամբ ևս հանդիպումներ եմ ունեցել, նպատակ ունենք վերականգնել ցամաքային հոսքերը: Կարող եմ նշել նաև արաբական երկրները: Առաջարակություն ենք մշակում այս ուղղություններով վիզային ռեժիմը վերականգնելու: Առաջ կարողանում էին օդանավակայանում դիմել վիզայի համար, այս պահի դրությամբ դա չի գործում: Նորից եմ ասում, մենք մշակում ենք, պատրաստվում ենք, սակայն համաճարակի հետ կապված զարգացումները կարող են այնպես լինել, որ ամեն ինչ փոխվի: Աշխատում ենք համաճարակային իրավիճակին զուգաընթաց, հանրային առողջությունը առաջնահերթություն է»,-ասաց նա:

Զբոսաշրջության կոմիտեն ծրագրեր է նախատեսում նաև ներքին տուրիզմի հետ կապված: Մասնավորապես, մայիսին Երևանում նախատեսվում է անցկացել մեծ զբոսաշրջային ցուցահանդես, որին առանձին տաղավարներով ներկայացված կլինեն Հայաստանի մարզերը: Սա նպատակ ունի լայն հասարակությանը ներկայացնել մարզերի զբոսաշրջային ներուժը՝ տարբեր ուղղություններով: 

Ալֆրեդ Քոչարյանը նշեց, որ 2020 թվականին Հայաստանի զբոսաշրջության ոլորտն ավելի քան 80 տոկոս անկում է ունեցել, ընդամենն ունեցել ենք 375 հազար զբոսաշրջիկ: Նա կարևորեց կորոնավիրուսի հետևանքները հաղթահարելուն ուղղված կառավարության աջակցման ծրագրերը և նշեց, որ դրանք վերանայվում են, քննարկումներ են անցկացվում և, ըստ իրավիճակի, որոշումներ են ընդունվում:

Աննա Գզիրյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]