Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հույն-թուրքական դիմակայությունը շարունակվում է

Հույն-թուրքական դիմակայությունը շարունակվում է

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիան փորձում է ամեն կերպ սեղմել Հունաստանի շուրջ օղակը։ Այդ նպատակով տարբեր հարթություններում համագործակցության եւ շփման եզրեր է փորձում գտնել բոլոր այն պետությունների հետ, որոնք կարող են Հունաստանի դաշնակիցը լինել։ Մասնավորապես՝ մարտի 15-ին Թուրքիան դիվանագիտական նոտա էր հղել Հունաստանի եւ Իսրայելի դեսպանատներին, ինչպես նաեւ Եվրամիության պատվիրակությանը՝ նշելով, որ Արեւելյան Միջերկրական ծովում իր մայրցամաքային մասում որեւէ գործողություն չպետք է ձեռնարկվի առանց Թուրքիայի կառավարության թույլտվության: Դրա համար հիմք էր մարտի 8-ին Իսրայելի, Հունաստանի եւ Կիպրոսի հունական վարչակազմի կողմից ստորագրված փոխըմբռնման հուշագիրը, որով ԵՄ կողմից աջակցություն էր ստացվել «EuroAsia Interconnector» ծրագրի շրջանակներում, որը սուզանավ մալուխով միացնում է երեք կողմերի էլեկտրական ցանցերը: Դիվանագիտական նոտայում նշվում է, թե ցանցն անցնում է Թուրքիայի տարածքային ջրերով։

Թուրքիայի նախագահ Էրդողանը նախօրեին Բոսնիա եւ Հերցեգովինայի նախագահության նախագահ Միլորադ Դոդիկի հետ համատեղ ասուլիսում հայտարարել էր, թե Թուրքիան շարունակելու է պաշտպանել իր շահերն Արեւելյան Միջերկրածովյան տարածաշրջանում եւ չի պատրաստվում զիջումներ անել։ Շարունակելով Արեւելյան Միջերկրական ծովի թեման՝ Էրդողանը հիշել է Սաուդյան Արաբիայի եւ Հունաստանի վերջին համատեղ զորավարժությունները՝ միաժամանակ նշելով, որ  Թուրքիայից հարցում է ստացել Սաուդյան Արաբիայից մարտական անօդաչու թռչող սարքեր գնելու վերաբերյալ: Նկատենք, որ վերջին շրջանում Թուրքիան հետեւողականորեն փորձում է գոնե հռետորաբանության մակարդակում բարիդրացիական երանգներ հաղորդել թուրք-եգիպտական հարաբերություններին, եւ Էրդողանը չի բացառել Եգիպտոսի հետ դիվանագիտական շփումները վերսկսելու հնարավորությունը: «Եգիպտոսի ժողովուրդը չի կարող մեզ դեմ լինել: Ինձ թվում է, որ վերջերս ձեռնարկված քայլերը (Եգիպտոսի ղեկավարության կողմից) իրականում ժամանակավոր են եւ սխալի դրսեւորում»,- Էրդողանի խոսքերը մեջբերել է «Անադոլու» գործակալությունը։

Այս ամենը տեղի է ունենում Հունաստանի եւ Թուրքիայի միջեւ Աթենքում մարտի 16-17-ն անցկացված նախնական բանակցությունների 62-րդ փուլի համատեքստում: Երկու երկրների միջեւ քաղաքական խորհրդակցությունների շրջանակներում Հունաստանը ցանկանում է քննարկել միայն ծովային գոտիների սահմանազատման հարցը՝ համաձայն միջազգային իրավունքի եւ մասնավորապես՝ Ծովային իրավունքի մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի հիման վրա։ Մինչդեռ Թուրքիան ձգտում է օրակարգ մտցնել իր բոլոր պահանջները, այդ թվում՝ հունական մի շարք կղզիների ապառազմականացման հարցերը։ Թուրքիան նաեւ մեղադրում է Հունաստանին որոշ կղզիներ ռազմականացնելու մեջ, եւ դա այն պարագայում, երբ ինքն է շարժվում գերռազմականացման ճանապարհով։ Նշենք, որ բանակցությունների նախորդ փուլը տեղի էր ունեցել Ստամբուլում հունվարի 25-ին: Դրանք առաջին ուղիղ բանակցություններն էին հինգ տարվա ընդմիջումից հետո։

Երկու երկրների միջեւ վիճահարույց հարցերի շուրջ շփումները տարիներ շարունակ գտնվում էին «նախնական բանակցությունների» փուլում: Նման շփումների դեպքում չկա խիստ օրակարգ, եւ պայմանագրեր չեն կնքվում: Կողմերը փորձում են ընդհանուր լեզու գտնել, որպեսզի հետո դրանք հասցնեն սովորական բանակցությունների: Նման շփումների ավարտին պաշտոնական հայտարարություններ չեն արվում: Հունական կողմը բազմիցս է շեշտել, որ նման շփումների արդյունքում ցանկանում է գտնել ընդհանուր հիմքեր պաշտոնական բանակցությունների համար: Տեղեկություններ կան, որ թուրքական կողմը ցանկացել էր փոխել բանակցությունների ընթացքը, ինչպես, օրինակ, հանդիպումը կազմակերպել բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ, ինչը կփոխեր հանդիպման բնույթը, սակայն հունական կողմը չի ընդունել նման զարգացումը։ Ստացվում է, որ Թուրքիան ցանկանում է հնարավորինս արագ եւ ուժի սպառնալիքի ցուցադրմամբ իր օրակարգով լուծել առկա վեճերը, իսկ Հունաստանը՝ բանակցությունների եւ դիվանագիտական շփումների միջոցով զսպել եւ ժամանակ շահել դաշնակիցների ձեռքբերման եւ բավարար չափով զինման համար։

 

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am