Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ատոմակայանի նոր էներգաբլոկի կառուցումը շարունակում է մնալ կառավարության օրակարգում

Ատոմակայանի նոր էներգաբլոկի կառուցումը շարունակում է մնալ կառավարության 
օրակարգում

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարության առաջնահերթություններից է անել այնպես, որ անվտանգության հիմնավորման դեպքում ատոմակայանի էներգաբլոկը շարունակի շահագործվել նաև 2026-ից հետո, դրան զուգահեռ կառավարության օրակարգում է նոր էներգաբլոկի կառուցումը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարության էներգետիկայի վարչության պետ Տիգրան Մելքոնյանը Երևանում անցկացվող «Հայաստանում ատոմային ոլորտի զարգացման հեռանկարները» թեմայով պանելային քննարկմանը, որը նվիրված է Հայաստանի ատոմային ոլորտի 55-ամյակին:

Մելքոնյանը հիշեցրեց, որ 2021-ի հունվարին ՀՀ կառավարությունն ընդունել է ՀՀ-ի էներգետիկայի բնագավառի մինչև 2040 թվականը զարգացման ռազմավարական ծրագիրը:

«Ռազմավարության մեջ ամրագրված է, որ կառավարությունը հավատարիմ է, որ մեր էլեկտրաէներգետիկական արտադրող կառուցվածքում մնայուն դեր ունենա ատոմային էներգետիկան՝ հաշվի առնելով դրա կարևորությունը մեր էներգետիկ անվտանգության ապահովման համատեքստում: Այս առումով «Ռոսատոմի» հետ համագործակցությամբ մենք ներկայումս իրականացնում ենք գործող էներգաբլոկի նախագծային ժամկետի շահագործման երկարացմանն ուղղված ներդրումային ծրագիր, որի հաջող ավարտից և կարգավորող մարմնի կողմից լիցենզիայի ստացումից հետո էներգաբլոկը նախատեսում ենք, որ կաշխատի մինչև 2026 թվականը»,- ասաց Մելքոնյանը:

Նրա խոսքով՝ ռազմավարությամբ նախատեսված է և կառավարության հիմնական նպատակն ու առաջնահերթությունն է 2026-ից հետո բլոկը շահագործել, եթե ուսումնասիրությունների արդյունքում հիմնավորվի դրա անվտանգությունը: Մելքոնյանը հույս հայտնեց, որ գործող ռեսուրսը, կարևոր էներգետիկ օբյեկտը կաշխատի մինչև 2036 թվականը:

«Դրան զուգահեռ մեր օրակարգում է նաև նոր էներգաբլոկի կառուցումը, գործող ռեսուրսի ավարտից հետո այն փոխարինել միջուկային էներգաբլոկով: Այս առումով մենք ներկայումս ուսումնասիրում ենք աշխարհում տեղի ունեցող տեխնոլոգիական զարգացումները այս ոլորտում: Եվ մինչև 2036-ի ավարտը պատշաճ ժամկետում կմաշկվի համապատասխան ծրագիր, երբ որ որոշում կայացվի, թե ինչ հզորությամբ, ինչ տեխնոլոգիայով ենք նոր ատոմակայան կառուցելու, դրա ֆինանսավորման և մնացած հարցերը»,- նշեց նա ու հավելեց, որ այս առումով սերտորեն համագործակցում են «Ռոսատոմի» գործընկերների հետ:

Պետությունը ռազմավարական ծրագրի իրականացման արդյունքում ակնկալում է, որ Հայաստանը կունենա ինքնաբավ, արտահանմանն ուղղված, գերժամանակակից տեխնոլոգիական հագեցվածությամբ, արդի ենթակառուցվածքներով էներգետիկ համակարգ: «Մենք նախատեսում ենք վերականգնվող էներգետիկայի պոտենցիալի արդյունավետ և պատասխանատու օգտագործում, էներգախնայողության, էներգաարդյունավետության լայնածավալ միջոցառումներ և ներդրում Հայաստանի տնտեսության մեջ: Մենք նախատեսում ենք՝ մեր ենթակառուցվածքները զարգացնելով, Հայաստանը դարձնել էներգետիկ հանգույց՝ նկատի ունենալով և՛ ԵԱՏՄ-ի ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկան, և՛ տարածաշրջանային շուկան, նաև կապելով Իրանի էլեկտաէներգետիկ գերհզոր համակարգը»,- ասաց Մելքոնյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]