Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   4 Հուլիս 2022

ԱՄԷ-ում գենդերային հավասարությունը ապահովվում է ինչպես օրենսդրական, այնպես էլ պետական մակարդակով

ԱՄԷ-ում գենդերային հավասարությունը ապահովվում է ինչպես օրենսդրական, այնպես 
էլ պետական մակարդակով

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ/ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ: Հարցազրույց ՀՀ-ում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար տկն․ Ահլամ Ռաշիդ ալ Սալամիի հետ: 

Տիկին ԱլՍալամի խոսենք Էմիրություններում գենդերային հավասարությունից, կնոջ դերից, որքանո՞վ է կարևորված կնոջ ներգրավվածությունը տարբեր ոլորտներում։

Էմիրություններում գենդերային հավասարությունը ապահովվում է ինչպես օրենսդրական, այնպես էլ պետական մակարդակով։ ԱՄԷ-ում գործում է գենդերային հավասարակշռության խորհուրդ, որի գործունեության նպատակն է նվազեցնել գենդերային անհավասարությունը բոլոր պետական հատվածներում, բարձրացնել ԱՄԷ-ի վարկանիշը գենդերային հավասարության համաշխարհային մրցունակության մեջ, ինչպես նաև որոշումների կայացման դիրքերում հասնել գենդերային հավասարության և խթանել ԱՄԷ-ի կարգավիճակը որպես գենդերային հավասարակշռության օրենսդրության նշաձող:

Ներկայումս  ԱՄԷ գենդերային հավասարակշռության խորհուրդը մշակում է ամբողջ կառավարության համար գենդերային հավասարակշռության ռազմավարություն։

Արդյոք Էմիրություններում կանայք մասնակցո՞ւմ են պետական կառավարման գործընթացին և եթե այո, ապա ի՞նչ մակարդակով։

Կանայք վաղուց արդեն հավասար գործընկերներ են մեր ազգի զարգացման գործում, և ԱՄԷ-ն առաջատարն է կանանց քաղաքական մասնակցության հետ կապված գենդերային հավասարության չափման մեջ:

2019 թվականի ընտրություններից հետո կանայք կազմում են Դաշնային ազգային խորհրդի կեսը: Համաձայն ԱՄՀ Համաշխարհային մրցունակության 2020 թ․-ի տարեգրքի ԱՄԷ-ն զբաղեցնում է առաջին տեղը կանանց խորհրդարանական ներկայացուցչության ցուցիչում:

2021 թ.-ի դրությամբ, ԱՄԷ-ի Դաշնային կաբինետը ներառում է ինը կին, ինչն ըստ էության կառավարության անդամների գրեթե մեկ երրորդն է  և Մերձավոր Արևելքի ամենաբարձր համամասնություններից մեկը:

Նրանց թվում է նաև Նորին Գերազանցություն տկն․ Շամմա Ալ Մազրուին, ով նշանակվել է Երիտասարդության հարցերի պետական նախարար 22 տարեկանում՝ դառնալով աշխարհի ամենաերիտասարդ նախարարը:

ԱՄԷ-ի Արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարության աշխատակիցների 49,5% -ը կանայք են, իսկ ԱՄԷ դիվանագետների շարքում կանայք կազմում են գրեթե մեկ երրորդը: ԱՄԷ-ն ունի կին դեսպաններ այնպիսի խոշոր դիվանագիտական ներկայացուցչություններում, ինչպիսիք են ՄԱԿ-ի առաքելությունը Նյու Յորքում և ԱՄԷ դեսպանությունները Գերմանիայում, Նիդեռլանդներում, Ֆինլանդիայում, Դանիայում և Լատվիայում:

Իսկ որքանո՞վ են կանանց իրավունքները պաշտպանված մասնավոր սեկտորում աշխատելու դեպքում։

Համաձայն ազգային օրենսգրքի կանայք հավասար իրավունքներ ունեն տնտեսական ռեսուրսների նկատմամբ: 2018 թվականին ԱՄԷ կաբինետը հաստատեց օրենք, ըստ որի ԱՄԷ-ի աշխատանքային օրենսդրությունը նախատեսում է հավասար աշխատավարձ կին և տղամարդ  աշխատողների համար, եթե նրանք կատարում են նույն աշխատանքը: Սա վերաբերում  է ինչպես պետական, այնպես էլ մասնավոր սեկտորին:

2012 թվականին ԱՄԷ-ի կաբինետը սկսեց կառավարական մարմիններից պահանջել տնօրենների խորհուրդներում ընդգրկել կանանց։ Այս պահանջով ԱՄԷ-ն միացավ Նորվեգիային, Մալազիային, Իսպանիային, Ֆրանսիային և դառձավ առաջին արաբական երկիրը, որն ընդունեց այս կանոնակարգը:

Իսկ 2020 թվականին ԱՄԷ-ն դարձավ առաջին արաբական երկիրը, որը ներմուծեց 10-օրյա ընդհանուր ծնողական արձակուրդ և 5-օրյա հայրության արձակուրդ: Այս կերպ աջակցելով աշխատող մայրերին և խթանելով ընտանեկան ու սոցիալական համախմբվածությունը:

Ինչպիսի՞ բարեփոխումներ է իրականացնում ԱՄԷ կառավարությունը էմիրաթցի կանանց համար կրթությունը հավասարապես հասանելի դարձնելու համար։

Այսօր տղամարդկանց և կանանց գրագիտության մակարդակը կազմում է մոտավորապես 95 տոկոս, և ավելի շատ կանայք, քան տղամարդիկ են ավարտում  միջնակարգ կրթությունը և ընդունվում համալսարանական և հետբուհական հաստատություններ:

Օրինակ 2020-21 թվականների ուսումնական տարվա համար բակալավրի ծրագրերում դիմորդների 75% -ը կանայք են եղել, իսկ 2019-20 թվականների ուսումնական տարվա կին շրջանավարտները կազմել են 62%-ը։ Այս առիթով ուզում եմ նաև նշել, որ 2019-20 թվականների գիտության, տեխնոլոգիայի, ճարտարագիտության և մաթեմատիկայի ոլորտում ԱՄԷ պետական համալսարանների շրջանավարտների 61%-ը նույնպես կանայք էին:

Հատկապես ուշագրավ էր իմանալ Էմիրաթցի առաջին կին օդաչու տիկին Մարիամ ԱլՄանսուրիի մասին։ Լինելով իսլամական երկիր՝ որքանո՞վ են Էմիրություններում կանայք ներգրավված երկրի պաշտպանության ոլորտում։

Իրականում ԱՄԷ-ն ունի արդեն չորս կին մարտական օդաչու, իսկ 30 կին վերապատրաստում է անցել  երկրի հատուկ անվտանգության ուժերի հետ աշխատելու համար։

2014 թվականի սեպտեմբերին ԱՄԷ-ն բացեց տարածաշրջանում կանանց համար առաջին ռազմական քոլեջը՝ «Khawla bint Al Azwar» ռազմական դպրոցը: Այս նորագույն ռազմական քոլեջն իրականացնում է համաշխարհային կարգի ուսուցում, ֆիզիկական պատրաստվածության և առաջնորդության դասընթացներ:

Բացի այդ, 2019 թվականին մեկնարկել է ՄԱԿ-ի Կանանց խաղաղության և անվտանգության դասընթացների ծրագիրը, որը նախապատրաստում է Մերձավոր Արևելքից, Ասիայից և Աֆրիկայից ժամանած կանանց ռազմական և խաղաղապահ ուժերում ծառայության անցնելու համար: Ծրագիրը հովանավորվում է ԱՄԷ կառավարության կողմից։ 2019-ից և 2020-ը ընկած ժամանակահատվածում ծրագիրը ավարտել են ավելի քան 350 կին:

Փաստորեն Էմիրություններում կանայք ներգրավված են գրեթե բոլոր հասարակական և քաղաքական ոլորտներում։ Կա՞ արդյոք որևէ ոլորտ, որը կանանց դեռ հասանելի չէ, օրինակ՝ տիեզերագնացության ոլորտը։

Կանայք իրականում ԱՄԷ-ի տիեզերագնացության ծրագրի թիկունքում գտնվող թիմի 70% են կազմում, և ընդհանուր առմամբ ԱՄԷ տիեզերական գործակալության աշխատողների 40% -ը կանայք են:

Ցանկանում եմ նաև նշել, որ Էմիրությունների «Մարս առաքելություն» ծրագիրը հաջողությամբ իրականացվեց հենց երիտասարդների և կանանց ջանքերի շնորհիվ։ Նախագծի գիտական ղեկավար ԱՄԷ առաջատար տեխնոլոգիաների պետնախարար Նորին Գերազանցություն տիկին Սառա Ալ Ամիրին  ոգեշնչման խորհրդանիշ է մասնավորապես ԱՄԷ երիտասարդների և կանանց համար: Նախագծի մեկնարկին դրա մեջ ներգրավված ինժեներների բոլորի տարիքը 30 տարեկանից ցածր էր։ Թիմի միջին տարիքը այժմ 27 տարեկանն է:

Էմիրությունների «Մարս առաքելության»  գիտական թիմում ներգրավված գիտնականների 80% -ը և տեխնիկական թիմի երրորդ մասը կանայք էին: Նրանց օրինակը արդեն իսկ  ոգեշնչել է էմիրաթցի երիտասարդ կանանց նոր խմբին և ավելի քան 1400 կին վերջերս դիմել են միանալու Էմիրությունների «Մարս առաքելություն» ծրագրին։

Իսկ ի՞նչ կմաղթեք հայ կանանց և աղջիկներին միամսյակի առթիվ։

Հայաստանում իմ դիվանագիտական առաքելության ընթացքում ես հանդիպել եմ բազմաթիվ հայ կանանց և աղջիկների, ովքեր աշխատում են  տարբեր  պետական և մասնավոր ոլորտներում և նկատել եմ, թե որքան եռանդուն և արդյունավետ են նրանք իրենց աշխատանքի մեջ։ Այս տեսանկյունից մաղթում եմ հայ կանանց նորանոր ձեռքբերումներ երկրի բարձրագույն ատյաններում, իսկ բարեկամ հայ ժողովրդին՝ խաղաղություն և հարատև բարգավաճում։

 ՀՀ-ում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանություն

ԱՐՄԵՆՊՐԵՍ գործակալությունը պատասխանատվություն չի կրում այս բաժնում և ժապավենում տեղ գտած մամուլի հաղորդագրությունների բովանդակության համար։ Բաժնի նյութերի բովանդակության համար պատասխանատվությունը կրում է բացառապես մամուլի հաղորդագրության հեղինակը։ ԱՐՄԵՆՊՐԵՍԸ չի կարող համարվել պատասխանատու այս բաժնում հրապարակված հաղորդագրությունների հեղինակների կողմից ներկայացված տեղեկատվության անճշտությունների / սխալների համար։
ԱՐՄԵՆՊՐԵՍՆ իրեն իրավունք է վերապահում չհրապարակել այն հաղորդագրությունները, որոնք պարունակում եմ այլոց նկատմամբ վիրավորական արտահայտություններ, կամ մեղադրանքներ, կամ մտքեր, որոնք խախտում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ սահմանված այլոց իրավունքները։








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]