1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հայ բեմի թագուհին

Հայ բեմի թագուհին

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ես երջանիկ եմ, որ վերադարձա Հայաստան: Եթե մնայի Ռումինիայում, ի՞նչ իմանամ, կվերադառնայի՞ երբեւէ, եւ ի՞նչ կլիներ ինձ հետ: Այս դժվար կյանքը, գիտե՞ս, ինձ շատ բան է սովորեցրել: Ես իմ երջանկությունը դրսից չեմ քաղում: Ես փնտրում եմ իմ մեջ: Եվ այս տարիքիս ես երեւի ավելի շատ սիրում եմ մենակ մնալ, որովհետեւ ինքս ինձ հերիքում եմ, ես ինքս եմ ինձ խնամում, չեմ անտեսում: Նույնը հայրենիքն է. այսքան ցավ, որ մենք ենք տեսել, պիտի աչքի լույսի պես պահպանենք եղածը, որ գաղթի ճանապարհներին ընկածները գոնե երկնքում հանգիստ ննջեն…»:

Վարդուհի ՎԱՐԴԵՐԵՍՅԱՆ

 

Հիրավի, նա այն երջանիկներից էր, որոնց բախտ էր վիճակվել կանգնելու հայ բեմի հսկաների՝ Վահրամ Փափազյանի, Հրաչյա Ներսիսյանի, Վարդան Աճեմյանի, ժամանակի շատ ու շատ այլ երեւելիների խաղընկերը դառնալու, ի վերջո՝ վայելելու համաժողովրդական սեր եւ վաստակելու հայ բեմի թագուհի՝ եզակիներին վերապահված տիտղոսը:

Վարդուհի Վարդերեսյանի հայրը՝ Կարապետ Վարդերեսյանը, հայոց մեծ նախճիրից ընդամենը 2-3 տարի առաջ, ասես ներքին մի  զգացողությամբ գուշակելով հնարավոր վտանգները, 1912 թ. թողնում է Մարմարա ծովի ափին գտնվող իր բնակավայրը՝ Ռոդոսթոն, որը թուրքերը նաեւ Թեքիրդաղ են կոչել, եւ տեղափոխվում է Ռումինիա: Այս երկրի մայաքաղաք Բուխարեստում էլ 1928 թ. այս օրը ծնվում է ապագա դերասանուհին: Վեց ամսական էր, երբ մահանում է հայրը: Ծանր մանկություն ապրած աղջնակը տասնչորս տարեկանում ավարտում է տեղի 7-ամյա հայկական վարժարանը: Հետագայում դերասանուհին այսպես էր վերհիշելու այս կրթօջախը. «Վարժարանում ունեցել եմ ընտիր ուսուցիչներ: Առաջին հանրապետության փլուզումից հետո հայ բարձրաստիճան անձինք, որոնք Եվրոպայում էին կրթություն ստացել, աշխարհով մեկ ցրվեցին, ոմանք եկան նաեւ Ռումինիա եւ քանի որ ռումիներեն չգիտեին, անցան ուսուցչության հայկական վարժարանում: Կյանքիս ամենակարեւոր հանդիպումներից մեկն իմ ուսուցիչներից Վազգեն Ա. կաթողիկոսի հետ է եղել: Ռումինիայում ծնված մի խելացի հայ երիտասարդ էր, որն այն ժամանակ մեզ դասավանդում էր Ռումինիայի աշխարհագրություն եւ պատմություն: Դրանք 1937-38 թվականներն էին: Ես մինչեւ օրս տպավորված եմ իմ ուսուցչի վառ կերպարով»: Սքանչելի ուսուցիչներ, բայց քանի որ ընտանիքը միջոցներ չուներ, Վարդուհին այլեւս չի կարողանում շարունակել ուսումը: Բուխարեստում հայ տղամարդիկ կոշիկ էին կարում, իսկ կանայք՝ կոշիկի երեսներ: Վարդուհին նույնպես սկսում է սովորել այդ գործը: Մայրը նրա համար վարպետ է գտնում, որը երիտասարդ աղջիկ էր, եւ որի մորեղբայրն ապրում էր իրենց բակում ու ուներ մեծ գրադարան: Այդ գրադարանն է դառնում Վարդուհու պատուհանը դեպի մեծ աշխարհ: Եվ նա, երբեւէ եղած չլինելով թատրոնում, որոշում է դերասանուհի դառնալ…

1946 թվականին, երբ հայրենիքի դռներն այլեւս բաց էին, մոր հետ գալիս է Հայաստան: Հանգրվանում են Նուբար փաշայի կառուցած Նուբարաշենում: Հաճախում է գիշերօթիկ դպրոց՝ արեւելահայերենը յուրացնելու համար: Եվ մի օր էլ, բախտի բերմամբ, Նուբարաշենի ինքնագործ թատրոնում հանդես է գալիս «Պատվի համար» ներկայացման մեջ՝ խաղալով Մարգարիտի դերը, որն էլ հետագայում բացում է նրա առջեւ մեծ թատրոնի դռները: Այդ ժամանակ նա 18 տարեկան էր: Այնուհետեւ տեղափոխվում են Գյումրի, որտեղ ապրում էր նույնպես ներգաղթած քույրը՝ իր ընտանիքով: Այդ տարիներին Գյումրիում թատերական կյանքը եռուզեռի մեջ էր: 1947 թ. մի փոքրիկ դերով բարձրանալով արվեստների քաղաքի թատերական բեմ, Վարդուհի Վարդերեսյանն այդ թատրոնում աշխատում է 10 տարի, որից հետո նրա համար հարազատ օջախ է դառնում մայրաքաղաքի մայր՝ Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնը: Մի օր նրան է մոտենում Վարդան Աճեմյանն ու ասում. «Վարդուհի, քեզ համար մի դեր եմ առանձնացրել: Լավ դեր է, բայց տղայի դեր ես կատարելու…»: Դերասանուհին համաձայնում է եւ գրեթե 17 տարի մարմնավորում Վիլյամ Սարոյանի «Իմ սիրտը լեռներում է» ներկայացման մեջ  9-ամյա  Ջոնիի դերը: Եվ մի օր էլ հեռախոսազանգով հրաժեշտ է տալիս այդ դերին՝ ասելով. «Ներկայացումն էլ, ինչպես մարդիկ, ծերանալ գիտե… Ես զգացի այդ ծերությունը, թեեւ խաղում էի, գլուխկոնծի էի տալիս, վազվզում էի, բայց մի օր հասկացա, որ կարող է իմ վազքն այլեւս այդքան թեթեւ չէ, ինչպես 17 տարի առաջ, եւ որոշեցի Ջոնից հրաժարվել՝ թույլ չտալով, որ նա ինձանից հրաժարվի…»:

Վաստակաշատ դերասանուհին տասնյակ կերպարներ է ստեղծել հայ առաջնակարգ բեմում՝ Մարգարիտ՝ Շիրվանզադեի «Պատվի համար»-ում, Իշխանուհի՝ Շանթի «Հին աստվածներ»-ում, Ռանեւսկայա՝ Չեխովի «Բալենու այգի»-ում, Քլերի Ցախնասյան՝ Դյուրենմաթի  «Ծեր տիկնոջ այցը» ներկայացման մեջ, Անուշ՝ Պարոնյանի «Պաղդասար Աղբար»-ում: Եվ էլի տպավորիչ կերպարներ, որոնք այսօր կարոտով է հիշում հանդիսատեսը:

Վարդուհի Վարդերեսյանը, թեեւ սակավաթիվ, բայց կերպավորումներ ունի նաեւ «Հայֆիլմի» նկարահանած կինոնկարներում՝ «Պատվի համար», «Մոր սիրտը», «Ճանապարհ դեպի կրկես, «Հայրիկ», «Կարինե», այլ ժապավեններ: Բայց այս բնագավառում նա ավելին կարող էր թողնել: Դա՝ հաստատապես: Իսկ ինչով է պայմանավորված այս բացը՝ դժվար է մեկնաբանել: Եվ այս բացից դժգոհում էր նաեւ ինքը՝ ժողովրդական դերասանուհին: Լսենք իրեն. «Կինոյում տղամարդու սեզոն եկավ, կանայք հետին պլան մղվեցին: Հիշենք, թե իրար հետեւից ինչ ֆիլմեր նկարահանվեցին՝ «Հայրիկ» , «Տղամարդիկ», «Ձորի Միրո», «Նահապետ» եւ այլն: Բայց կա մի ֆիլմ, որտեղ ես, ախր, կարող էի խաղալ՝ «Կտոր մը երկինք»: Ինչ-որ ափսոսանք կա, որ մինչեւ հիմա զգում եմ: Ես էլ կարող էի կինոյում մնայուն տեղ թողնել այդ ֆիլմով: Սոֆիկո Ճիաուրելին Թուրվանդա քորո է խաղում, բայց նա հայ կնոջ չի խաղում, վրացուհի է՝ հպարտ, հայուհու տրագեդիան չկա, կարող է եւ չլինել, դա պարտադիր չէ, բայց քո աչքերից, կեցվածքից պետք է երեւա, որ տառապած, անցյալ ունեցող, կենսագրություն ունեցող կին ես: Իսկ ես, ախր, արեւմտահայ եմ, դա ի՜մ դերն էր: Ես հեռուստաթատրոնում խաղացել եմ «Պճեղ մը անուշ սիրտ» , այն իմ ամենասիրելի դերերից է, ես այդ ներկայացման մեջ լիարժեք եմ դրսեւորվել, բայց, միեւնույն է, դա Թուրվանդա, Թուրիկ մոքուր չէ: Սոֆիկոն էլ լավ է խաղում, բայց կայի ե՜ս: Ինչո՞ւ Մալյանն ինձ չտվեց այդ դերը: Ինձ թվում է՝ նա փոշմանել էր, բայց արդեն ուշ էր: Պատճառը հետո իմացա. վրացիներն իրենց դերասաններին եւ դերասանուհիներին ներկայացնել գիտեին Մոսկվային: Սոֆիկոն շատ ֆիլմերում էր խաղացել, Մոսկվայում լավ էին ճանաչում նրան, մեծ համարում ուներ: Վրացիներն իրենց մատուցել գիտեն, մա-տու-ցե՜լ: «Կտոր մը երկինք»-ում Հենրիկ Մալյանը Սոֆիկոյին նկարեց, որպեսզի ֆիլմն անարգել ընդունվի Մոսկվայի կողմից: Սրա մասին ինձ ինչ-որ մեկն ասաց, բայց չեմ կարժում, թե դա էր իսկական պատճառը: Կինոյում ինձ համար պետք է սցենար գրվեր, հատուկ ինձ համար, բայց չարեցին: Տեսեք՝ Գալյա Նովենցն ինչպես է փայլում կինոյում: Այդպիսի մնայուն դերեր ես էլ պետք է ունենայի, կինոյի պատմությանը ես էլ կարող էի նշանակալի էջեր թողնել: Ի՛նչ հրաշալի է Գալյան «Մեր մանկության տանգոյում». խոսքը, կեցվածքը, ամեն, ամեն ինչ կատարյալ է: Գալյան էլ է էպիզոդիկ դերեր խաղացել տարբեր ֆիլմերում, բայց «Մեր մանկության տանգոյում» նա փայլում է. այդ ֆիլմում նա երեւաց: Կինոն Գալյային շատ բացեց…»:

Մեծանուն դերասանուհու ափսոսանք, ճշմարիտ խոսք ու գնահատանք: Իսկ մենք փորձենք նրան պատկերացնել Թուրվանդա մոքուրի դերում…

 

Հակոբ ՍՐԱՊՅԱՆ


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]