Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Պոեզիան փախուստ է իրականի տաղտուկից, վերացումի թմբիր. մարտի 21-ը Պոեզիայի միջազգային օրն է

Պոեզիան փախուստ է իրականի տաղտուկից, վերացումի թմբիր. մարտի 21-ը Պոեզիայի միջազգային օրն է

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պոեզիայի վրա հասարակության հնարավորինս լայն շերտերի ուշադրությունը բևեռելու նպատակով 1999 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի 30-րդ վեհաժողովում որոշում է ընդունվել մարտի 21-ը տոնել որպես Պոեզիայի միջազգային օր: Ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ պոեզիան կարող է պատասխան դառնալ ժամանակակից մարդու առջև ծառացած ամենասուր և ամենախոր հոգևոր խնդիրներին:

Տոնի առթիվ «Արմենպրես»-ի թղթակիցը զրուցել է երիտասարդ հեղինակներ  Հայկ Սիրունյանի և Լուսինե Եղյանի հետ:

«Պոեզիան, ինքնին Աստվածեղ մի «զրույց» է։ Խոսքի պոետիկ ելևէջը հեռու է առօրեական, զուտ բանականության սահմաններում հաղորդակցվելու պարզունակությունից. այն առեղծվածային ու հրապուրիչ մի ծես է։ Ինձ համար պոեզիան փախուստ է իրականի տաղտուկից, վերացումի թմբիր, կամ, եթե կուզեք, պարզապես մխիթարանք»,-նշում է Հայկ Սիրունյանը:

Նրա խոսքով՝ հայոց լեզուն քիչ թե շատ օգտագործողը կհամոզվի, որ այն խիստ բանաստեղծական է, և այդ լեզուն ծանրաձողի պես կրծքին պահող ազգն էլ, անշուշտ, բանաստեղծական է։ «Մեր հասարակությունը բոլոր ժամանակներում եղել է քնարականության ծայրաստիճան կրողը։ Եվ, ինչքան էլ մոտեցող տարին անփորձ նորարարական է, միևնույն է՝ դարի մուտացիան չի կարող խեղել մեր բուն տեսակը։ Մենք ունենք ստեղծվող հրաշալի պոեզիա, միևնույն ժամանակ աղքատիկ և այլատարր երակներից սնվող «իրար տակ գրվող տողեր»։ Գալիս է մի պահ, երբ լռում են պարտադիր ծափերը, այս երկրորդն անմիջապես հոգին ավանդում է, և գոյատևում է առաջինը՝ ճշմարիտ պոեզիան։ Մեծ հաշվով՝ գրականությունը ինչքան էլ չսիրի թույլերին, մեկ է՝ դրանք երբեմն պետք են գալիս»,-ընդգծում է բանաստեղծը, որը վերջերս է ընթերցողներին ներկայացրել բանաստեղծությունների իր անդրանիկ ժողովածուն՝ «Ադամամութ»-ը:

«Կարծում եմ՝ պոեզիան շատ կարևոր երևույթ է գրականության մեջ: Ճիշտ է՝ մեր օրերում, ավաղ, պոեզիան շատ չի ընթերցվում, քիչ է վաճառվում, ինչը բոլորովին կապ չունի պոեզիայի որակի հետ: Ժամանակակից պոեզիան շատ լավն է: Հետաքրքիր է նաև այն, թե ինչ են գրում արտերկրում: Եկել է մի սերունդ, որն ինչ-որ կերպ հետվերադարձ է անում դեպի մոդեռնիզմ՝ ժխտելով պոստմոդեռնիստական գրական արժեքները: Ուրախ եմ, որ կա նմանօրինակ տոն: Անգամ ուրախ եմ, որ չկա արձակին նվիրված օր, բայց կա Պոեզիայի միջազգային օր. չնայած գուցե կա, մենք չգիտենք»,-կատակում է Լուսինե Եղյանը:

Նա տեղեկացնում է, որ 2020-ին հրատարակվել է իր «Ինքնահոսի» խորագրով բանաստեղծությունների ժողովածուն, որի վրա քրտնաջան աշխատել է վեց ամիս: Ըստ հեղինակի՝ հաջողել են: Շուտով կազմակերպելու են գրքի շնորհանդեսը:

Պոեզիայի միջազգային օրն առաջին անգամ նշվել է Փարիզում, որտեղ գտնվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանը: Այդ օրը փոքր հրատարակչություններին հնարավորություն է ընձեռնվում բարձրաձայնել իրենց մասին, քանի որ նաև նրանց ջանքերով են ընթերցողներին հասնում ժամանակակից պոետների գործերը: ՅՈՒՆԵՍԿՕ-ն կոչ է անում այս օրը զանգվածային լրատվամիջոցներում տարփողել պոեզիան՝ որպես ժամանակակից արվեստ, որը բաց է մարդկանց համար:

Անժելա Համբարձումյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]