Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Թուրքը՝ հայկական ակնոցի պրիզմայով...

Թուրքը՝ հայկական ակնոցի պրիզմայով...

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հազար հազար տարիներ, հրէական աւանդագիրքի - Աստուածաշունչի - Ծննդոցը, իբր աղօթագիրք գլխահակ կարդաց Հայ ժողովուրդը եւ ծնկաչոք չափեց անապատները, առանց գոնէ մէկ անգամ ստեղծելու իր Մովսէսը, որ ճեղքէր ծովը ու առաջնորդէր զայն, արձանագրելու համար հայկական «Ելից»-ը»:

                                                                                                           Շահան Նաթալի

Իսկապես, մենք վատ ընթերցո՞ղ ենք, թե՞ վատ հասկացող. չենք սովորում ոչ միայն մեր` սեփական պատմությունից, այլեւ չենք սովորում թշնամուց, այնինչ` արժե դասեր առնել մեկից, ով անընդհատ սպառնում է իր դասերով` ելնելով սոսկ սեփական շահից, արհամարհելով ցանկացած կարծիք ու բարոյական խրատ, առավել ապավինելով ինքն իրեն, իր ուժերին ու նպատակին հասնելու համառությանը։

Դարեր ի վեր, ինչ տարածաշրջան է մտել թուրքի ոտը, իրողություն է դարձել արյունարբուի հետ մշտական թշնամության ու բախման փաստը. նա մեզ վրա սուր է բարձրացնում, թելադրում իր կամքը, մենք փորձում ենք գազանին վարժեցնել, հաշտեցնել մեզ հետ, սիրաշահել, անգամ կերակուր դառնալ ու զոհ մատուցել` բավարարվելով ողբալ մեր սուրբ կորուստների վրա, մեզնից դուրս փնտրում Մովսեսին, որ պիտի առաջնորդի մեզ` ճեղքելով ծովն ու դուրս բերի չգոյության անապատից, այնինչ Շահան Նաթալին վստահ է, որ փրկության հույսը զուտ օտարի հետ կապելը կործանարար է ու որեւէ կերպ չարդարացված, քանզի ամեն մեկն իր հոգսն ու խնդիրն ունի, սեփական շահերը, որ ոչ միայն հեռու, այլեւ հակադարձ կարող են լինել մեր շահերին, ուստի չափազանց վտանգավոր է մեր բոլոր աղետների պատճառները ուրիշների մեջ փնտրել։  «Թուրքերը եւ Մենք» գործի` «Միաբանեայ» նախաբանում նա դիմում է երիտասարդներին, նրանց, որ «երիտասարդ են հոգիով ու զերծ` զառամած ուղեղներու դատումներէն», մտածելու` «իսկ մենք` հայերս ոեւէ մեղք չունի՞նք մեր աղէտներուն մէջ», չէ որ ուրիշների մեղքերը մեր հանդեպ մե՛ր մեղքերի հետեւանքներն են:

Շահան Նաթալին, որ «Նեմեսիս» գործողության կազմակերպիչներից ու ոգեշնչողներից մեկն էր, ապշած էր հայի` սեփական ճակատագրի հանդեպ հաշտվողականությունից, աստվածաշնչյան պարապ ընթերցանության անօգտակարությունից, քանզի մեր ընթերցասեր ժողովուրդն ի վիճակի չեղավ հետեւություններ անել պարզ բաներից. «Հազար հազար տարիներ, Հայը կարդաց զայն բարձրաձայն ու աղօթեց բազկատարած, բայց չկրցաւ բաղդատութեան դնել Փարաւոններու նախճիրները Սուլթաններու արիւնատօներուն հետ, եւ եզրակացնել, թէ եթէ եգիպտական զարհուրանքները ծնան Մովսէսն ու Տասնաբանեան, ինչպէ՞ս թրքական արհաւիրքները չծնան մէկ Մովսէս, որ տար գոնէ միաբանեան»: Գուցե, թուրքական զարհուրանքներն էին այնքան ուժգին, մտածում է նա, որ հայ արգանդը արգասաբեր չեղավ Մովսես ծնելու, սակայն Նեմեսիսի վրիժառուն հակված չէ տիեզերական օրենքն անբնական համարելու ու ժխտելու կենդանի էակին հատուկ ինքնապաշտպանական առողջ բնազդները եւ հավատում է, որ մարդկային արյունը կալեկոծվի, եւ նահատակները` որպես նավազ ծովի, կհրաբխեն անապատներից, ուստի եւ ինքը կգրի նոր Ծննդոցը, որ է՛ Հայության միաբանությունը` խորին համոզմունքով խոսք հղելով նրանց, որոնց մեջ տեսնում է «անծանօթ Մովսէսը հայ տառապանքին եւ հայ Իսրայէլը, որ գիտէ անապատներեն անցնիլ ու ծովերը ճեղքել դէպի Աւետեաց երկիր երթալու ուխտով», քանզի «մէկ է վրէժը եւ Հայն անոր առաքեալն է», ուստի վրեժից բացի չկա այլ աստված պաշտելի…

Շահան Նաթալիի փիլիսոփայությունը սոսկ գրչի ելեւէջումներով չէ, որ արտահայտվում է, այլ գործի մեջ, ձգտումով` լինել վրիժառության պայքարի անխոնջ մարտիկ, մի Մովսես, ով ցույց կտա տառապանքներից պոկվելու ուղին, ծովը ճեղքելու արիությունն ու կամքը եւ կասի ճշմարտության դառը խոսքը` սթափության կոչելով մոլորյալներին, պատժելու ցեղասպանություն իրականացրած դահիճ-պարագլուխներին եւ նրանց ծառայած հայ ստահակներին։ Աշխարհը, ըստ էության, անտարբեր էր, ինչպես միշտ, եւ Օսմանյան կայսրությունից Հայաստանի, Սիրիայի, Պաղեստինի, Արաբիայի եւ Միջագետքի անջատման մասին 1919 թ. Փարիզի հաշտության կոնֆերանսում Անտանտի գերագույն խորհրդի կողմից ընդունված որոշումը մնաց անկատար, քանի որ Անտանտի պետություններն այնուհետեւ լուրջ քայլեր չձեռնարկեցին Մուդրոսի զինադադարի պայմաններն իրագործելու համար, եւ հայկական հարցը մնաց օդում կախված, փոխարենը Անկարայում կազմված թուրքական կառավարությունը մերժեց 1918 թ. Հունաստանի Լեմնոս կղզու Մուդրոս նավահանգստում Անտանտի ներկայացուցիչների եւ Թուրքիայի միջեւ կնքված զինադադարը, ըստ որի լուծվելու էր հայ ռազմագերիների հարցը, թուրքական զորքերը էվակուացվեին Անդրկովկասից, ինչպես նաեւ դուրս բերվեին Կիլիկիայից, իսկ հոդված 24-ում ասված էր, որ «Հայկական նահանգներից որեւէ մեկում անկարգությունների դեպքում դաշնակիցներն իրենց իրավունք են վերապահում գրավելու դրա մի մասը»։ 

Այսպես, աշխարհը մի կողմից` խաղաղություն ու արդարություն էր խաղում, մյուս կողմից` մոռանում իր իսկ սկսած ու ձեռնարկած խաղի մասին, մնում էր սեփական ուժերով ու միջոցներով ուշքի բերել ու ցնցել աշխարհի թմրած ուղեղը եւ վրեժ լուծել տականքներից. այդ նպատակով 1919 թ. Երեւանում` դաշնակցության IX ընդհանուր ժողովում, կայացվեց Նեմեսիս (հին հունական վրեժխնդրության աստվածուհու անունով) գործողության կատարման որոշումը` ի կատար ածելու երիտթուրք պարագլուխների նկատմամբ դատավճիռը։ Նշված 650 հանցագործից առանձնացվեցին 41 գլխավորները։ Գործողությունն իրականացնելու պատասխանատու մարմնի ՀՀ ներկայացուցիչը ԱՄՆ-ում Արմեն Գարոն էր, հատուկ ֆոնդը ղեկավարում էր Ահարոն Սաչագլյանը, օպերատիվ ղեկավարությունն ու նյութական ապահովումը իրագործում էին Շահան Նաթալին եւ Գրիգոր Մերջանովը։

Ժամանակն էր ոչ թե Էյֆելի գլխից դիտել թուրքին, այլ զուտ հայկական ակնոցով, եւ վերջ տալ հեքիաթներով սնվելու սովորությանը, ինչպես ասում էր Շահան Նաթալին. «Մեղքեր, ոճիրներ, որոնց պատմութիւնները այլեւս անհամ դառնալ սկսած են, ո՛չ մէկ օգուտ չեն տուած մեզի, ո՛չ մէկ դարման եղած են եւ մեզ դարձուցած են հէքեաթ պատմող մամիկներ: Արիւնով ռօմանտիկ ժողովուրդ, իրականութիւն ենք համարեր այն` ինչ որ բաղձացեր ենք»։

Էլեոնորա ՆԵՐՍԻՍՅԱՆ


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]