Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   27 Հոկտեմբեր

Սա ամբողջությամբ քաղաքական որոշում էր. Բաբաջանյանը՝ Քոչարյանի գործով որոշման մասին

Սա ամբողջությամբ քաղաքական որոշում էր. Բաբաջանյանը՝ Քոչարյանի գործով 
որոշման մասին

ԵՐԵՎԱՆ, 7 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի խմբակցություններում չընդգրկված պատգմավոր Արման Բաբաջանյանը «Մարտի 1»-ի գործի առնչությամբ դատարանի կայացրած որոշումը համարում է քաղաքական՝ շեշտելով, որ «դատական իշխանությունը դիրքավորվել է ժողովրդի իշխանության դեմ»:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Բաբաջանյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում:

Պատգամավորի կարծիքով՝ առնվազն մի քանի պաշտոնյաներ, այդ թվում՝ նաև Արդարադատության նախարարը, պետք է արդեն պաշտոնանկ արված լինեին, քանի որ պատասխանատու են եղել այն բարեփոխումների համար, որոնք պիտի դատական համակարգը հիմնավորապես առողջացման տանեին: Ըստ նրա՝ դատական համակարգը ըստ էության դիրքավորվել է գործող քաղաքական միջավայրին համապատասխան: «Մենք ակնհայտորեն տեսնում ենք, որ ՍԴ-ն, առհասարակ դատական համակարգը և իհարկե իրավապահ համակարգի այլ ինստիտուտներ, գերատեսչություններ, ուղղակի ցույց են տալիս, թե հանցավոր համագործակցությամբ ինչպես են ընդունակ տեղի ունեցած սահմռկեցուցիչ հանցագործությունը՝ «Մարտի 1-ի» գործն ուղղակի տապալել, երբ ըստ էության կա հանցանքը, բայց չկա հոդվածը, բայց կա 85 հատոր քրեական գործը, որտեղ ահռելի վկայություններ կան՝ արդեն անմեղ ճանաչված Ռոբերտ Քոչարյանի ուղղակի հանցակցության և այդ հանցագործությանը մասնակից լինելու վերաբերյալ»,-ասաց Բաբաջանյանը:

Պատգամավորը կարծում է, որ սա գործող իշխանության վերջին տարիների քաղաքականության անհետևողականության հետևանքն է:  «Ես կարծում եմ, որ սա ամբողջությամբ քաղաքական որոշում էր, որն ամբողջությամբ տեղավորվում է նաև առաջիկա ընտրությունների համատեքստում: Եվ դատական իշխանությունը, ինչպես ամիսներ շարունակ դիրքավորվել է ընդդեմ Հայաստանի պետականության, ցույց է տալիս իր համակրանքը որոշակի քաղաքական շրջանակի և քաղաքական գործչի նկատմամբ: Սա պատահական չէ, պատահական չէ ընտրված ժամանակահատվածը»,-ասաց նա ու կարծիք հայտնեց՝ դատական իշխանության գործողությունները մեծապես դիրքավորում են ընդդեմ ժողովրդի իշխանության, ընդդեմ այդ իշխանությունը խորհրդանշող Նիկոլ Փաշինյանի:

Բաբաջանյանի «Հանուն Հանրապետության» կուսակցությունը դատարանի այս որոշման առնչությամբ ծրագրում է բողոքի գործողություններ: «Սակայն կարծում եմ, որ մեր ժողովուրդը հենց արտահերթ ընտրություններում իր քվեով պետք է պատասխանի տեղի ունեցածին և դատական իշխանության այս վարքին»,-նշեց նա:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը ապրիլի 6-ին որոշում է կայացրել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, 2008-ին Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանի, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Յուրի Խաչատուրովի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել՝ հանցագործության դեպքի բացակայության հիմքով, 2008-ին Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գևորգյանի նկատմամբ Քրեական օրենսգրքի 38-300.1 հոդվածով քրեական հետապնդումը դադարեցնել` հանցագործության դեպքի բացակայության հիմքով: Դատարանը որոշում է կայացրել կարճել ՀՀ երկրորդ Ռոբերտ Քոչարյանի, 2008-ին Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանի, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Յուրի Խաչատուրովի, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գևորգյանի նկատմամբ առաջադրված մեղադրանքների մասով քրեական գործի վարույթը:                                   








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]