Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Քվանտային ոլորտը հեղափոխություն է գիտական և տեխնոլոգիական աշխարհում, Հայաստանը պետք է դրա մասը կազմի. Անի Ապրահամյան

Քվանտային ոլորտը հեղափոխություն է գիտական և տեխնոլոգիական աշխարհում, 
Հայաստանը պետք է դրա մասը կազմի. Անի Ապրահամյան

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քվանտային ֆիզիկայի և տեխնոլոգիաների ոլորտը խոստանում  է մի նոր առաջընթացի փուլ աշխարհում, և Հայաստանը պետք է այդ գործընթացի մասը կազմը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ) ղեկավար, Նոտր Դամի համալսարանի Ֆրանկ Մ Ֆրայմանի ֆիզիկայի ամբիոնի դասախոս Անի Ապրահամյանը՝ ներկայացնելով առաջիկա ծրագրերը:  

-Տիկին Ապրահամյան, 2021 թվականի համար որո՞նք են լինելու Ազգային գիտական լաբորատորիայի առաջնահերթությունները: 

-2021 թվականին մենք սպասում ենք մի շարք ծանրակշիռ զարգացումների: Առաջինը Քվանտային ֆիզիկայի և տեխնոլոգիաների նոր բաժնի ստեղծումն է: Այս ոլորտը խոստանում է տեխնոլոգիական մի նոր առաջընթացի փուլ մարդկության համար, և Հայաստանն այստեղ կունենա իր բաժինը: Մենք արդեն ունենք ուժեղ նախադրյալ. Gate 42-ը (հեղ. քվանտային հաշվարկների հետազոտության և զարգացման հիմնադրամ) միանում է Ա. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիային (ԱԱԳԼ): Հաջորդը, դոկտոր Ամուր Մարգարյանի խմբի փորձարարական ասպեկտների ներգրավումն է. GPS- ի և բազմաթիվ այլ ծրագրերի կիրառմամբ հնարավոր կլինի չափել ժամանակն ավելի ճշգրիտ, քան երբևէ:

Դրանից բացի, մենք կօգտագործենք ցիկլոտրոնի միջոցով արտադրված ռադիոակտիվ իզոտոպները՝ քվանտային ֆիզիկայի որոշ հիմնարար ասպեկտներ ստուգելու համար: Սա շատ հետաքրքիր գիտական առաջընթաց է: 

Մենք նաև կառուցում ենք ենթակառուցվածքներ ԱԱԳԼ- ում: Նոր կրիոգեն կենտրոնը հնարավորություն կտա մեզ անցնել հատուկ հիպերբարիկ միավորների արտադրության, որոնք կարող են վաճառվել համաշխարհային շուկայում` Հայաստանի գիտության, առողջության և պաշտպանության կարիքների ապահովումից բացի, ինչը նաև այժմ ենք իրականացնում: Կունենանք նաև դետեկտորների առաջնակարգ լաբորատորիա՝ գերժամանակակից թվային էլեկտրոնիկայով և դետեկտորներով, ինչը հնարավորություն կտա մեր գիտնականներին մրցակցելու միջազգային նախագծերի համար: Ընթացքի մեջ է նաև ներկայումս Հայաստանում գոյություն չունեցող 1000-դասի  «մաքուր սենյակ»-ի հիմնումը (հեղ.-մաքուր սենյակների դասակարգման ստանդարտ) ՝ նյութագիտության մեջ առաջընթացի գրանցման, նոր դետեկտորների գերճշգրիտ աշխատանքի ստուգման, միջավայրի համար մաքուր էլեկտրոնիկայի մշակման և շատ այլ կիրառումների նպատակով: 

Ես ստանձնել եմ ԱԱԳԼ-ի տնօրենի պաշտոնն  այն նորարարության և տեխնոլոգիական առանցքի վերածելու ռազմավարական նպատակով: ԱԱԳԼ-ի իմ տեսլականն է առկա ներուժի հիման վրա կառուցել նոր հնարավորություններ և ստեղծել գիտության կիրառական կողմի հավելյալ հնարավորություններ` մեր դերին համահունչ՝ որպես Գիտական ազգային լաբորատորիա: Մենք  զբաղվում ենք ոչ միայն հիմնարար գիտությամբ, այլև  գիտությամբ մասնակից ենք դառնում առողջապահական, տնտեսական և պաշտպանական մի շարք խնդիրների լուծմանը: Համաշխարհային բանկին ծրագրային առաջարկ եմ մշակել սփյուռքի գործընկերներիս հետ, և հաջորդ շաբաթ այս առաջարկը կներկայացվի Հայաստանի Կառավարությանը: Սա Հայաստանին դեպի առաջ լուրջ քայլ իրականացնելու հնարավորություն կտրամադրի. գիտության մեջ ներդրումն է, որ կբերի նաև տնտեսական հաջողության:

-Ինչպես նշեցիք, նպատակ ունեք Հայաստանում հիմնել միջազգային ստանդարտներին համապատասխանող գիտաարտադրական արհեստանոց կամ «մաքուր սենյակ»: Ի՞նչ խնդիր է այն իր առջև դրել: Ի՞նչը հիմք հանդիսացավ «մաքուր սենյակ-ի նախաձեռնության համար:

-1000 դասի «մաքուր սենյակ» Հայաստանում գոյություն չունի, և այդպիսի մաքուր միջավայրի ստեղծումը հնարավորություն կտա այնպիսի ուսումնասիրություններ իրականացնել, որոնք ներկայումս բացարձակ հնարավոր չեն: Մենք մտածում էինք ինֆրակարմիր ճառագայթման դեպքում անտեսանելի նյութերի ուղղությամբ, որոնք կարող էին մեզ օգնել պատերազմի ժամանակ, սակայն դրանց մշակման համար համապատասխան պայմաններ չունեինք: Բացի այդ, նման մաքուր միջավայրը մեզ թույլ է տալիս ցույց տալ մեր առկա սարքերի կարողությունները և հետագայում զարգացնել միջին մակարդակի ենթակառուցվածքը ՝ այն համաշխարհային շուկա հանելու համար: Մենք փոխըմբռնման հուշագրեր ենք ստորագրել մի շարք կառույցների հետ, որոնք ցանկանում են օգտագործել այս «մաքուր սենյակը»: Սա ցույց է տալիս, որ այս սենյակի կարիքը կա, և մենք այն կիրականացնենք ՝ զարգացնելով գիտությունը բոլոր հնարավոր ուղղություններով: Ավելին, «մաքուր սենյակ»-ի ծրագրային առաջարկը մենք ներկայացրել ենք ARPA ինստիտուտին, և նրանք համաձայնել են այն ֆինանսավորել: Այս «մաքուր սենյակ»-ի կառուցման համար անհրաժեշտ զտիչները և նյութերն այժմ Հայաստանում չկան: Դրանց ձեռքբերումն իրականացվում է ԱՄՆ-ից:

-Արդյո՞ք գիտաարտադրական արհեստանոցը հետազոտությունների համար հասանելի կլինի այլ համալսարաններին ու ինստիտուտներին: Համագործակցության ի՞նչ հնարավորություններ եք տեսնում:

-Իհարկե: ԱԱԳԼ-ի իմ ռազմավարությունն էր այն հասանելի դարձնել համալսարանական բոլոր ուսանողների և հետազոտողների համար: Հայաստան գալուցս ի վեր (դեռ երեք տարի էլ չկա), ես ստորագրել եմ փոխըմբռնման հուշագրեր տասներեք հաստատությունների հետ: Հայաստանում գիտության հաջողության հասնելու հիմքում ընկած է ինստիտուտների ներքին համագործակցության բանաձևը: Համաշխարհային բանկը ցույց է տվել, որ հաջողություն գրանցած նախկին սովետական երկրները ներքին համագործակցության շնորհիվ ավելի քան տասն անգամ ավելացրել են իրենց հետազոտությունները: Կորոնավիրուսային  իրավիճակը մեզ շատ հնարավորություններ տվեց համագործակցելու Ակադեմիայի Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի, Ֆիզիկական քիմիայի ինստիտուտի, Աշտարակի ֆիզիկայի ինստիտուտի, Պոլիտեխնիկական համալսարանի, Երևանի պետական համալսարանի, Հայ-ռուսական համալսարանի  և այլ կառույցների հետ: Սա է ճանապարհը, որը համաշխարհային բեմահարթակում Հայաստանը կդարձնի ներկայանալի ՝ որպես գիտական կարող ուժ:

-Տիկին Ապրահամյան կրիոգեն կայանի արդիականացման գործընթաց էր սկսվել: Ի՞նչ փուլում է այն, ի՞նչ նորություն կարող եք հայտնել: Արդիականացված կայան ունենալու դեպքում որքանո՞վ են հնարավորությունները մեծանալու:

-Նոր կրիոգեն կենտրոնը մեզ առաջին հերթին կտա սեղմված հեղուկ թթվածնի և ազոտի կայուն արտադրություն: Ինչպես գիտեք, ներկա կրիոգեն կենտրոնը շատ լավն է, բայց այն խափանվում է յուրաքանչյուր 4-7 օրը մեկ, և նորոգման կարիք կա: Իրականում սա անսպասելի չէ, քանի որ այն մոտ 60 տարի է, ինչ շահագործվում է: Նոր կենտրոնը կրկնապատկելու է մեր արտադրանքը և հուսալի մատակարարում ապահովելու հետազոտական նախագծերի և, իհարկե, ռազմական և բժշկական ծրագրերի համար: Հայաստանի համար կարևոր է հուսալի մատակարարումը: Պատերազմի օրերին և կորոնավիրուսային ծանր շրջանում Հայաստանը Վրաստանից էր ստանում հեղուկ թթվածին: Մենք այդպես վարվելու կարիք չունենք:

Բացի այդ, ունենալով այդ կրիոգեն կենտրոնը՝ հնարավոր կդառնա Հայաստանում գրանցել արդյունաբերական առաջընթաց: Օրինակ, սփյուռքահայ բժիշկները ձեռք են բերել շնչառական հիպերբարիկ 2 խցիկ և յուրաքանչյուրի համար վճարել 100,000 ԱՄՆ դոլար: ԱԱԳԼ-ն այս տեսակի խցիկների ստեղծման ծրագրային առաջարկ ունի՝ շատ ավելի քիչ արժեքով, և հնարավոր կլինի դրանք նաև համաշխարհային շուկայում վաճառել: Նմանատիպ սարքերը կառուցելու և փորձարկելու համար անհրաժեշտ է թթվածնի հուսալի մատակարարում: Դրանք կիրառելի են ինսուլտից տուժածների վերականգնման համար, լեռնագնացների վերապատրաստման նպատակով և, իհարկե, COVID-ի հետ կապված բարդությունների պարագայում: Հուսալի ենթակառուցվածքը թույլ է տալիս մեզ դառնալ հուսալի գործընկեր նաև արտադրության մեջ և զարկ տալ նմանատիպ արտադրությունը Հայաստանում:

-Նշեցիք, որ նպատակ է դրված Հայաստանում գործարկված ցիկլոտրոնը կիրառել նաև գիտական նպատակով: Ժամանակին խոսվում էր պրոտոնային փնջի օգտագործմամբ միջուկային ֆիզիկային վերաբերող գիտափորձեր իրականացնելու մասին: Ի՞նչ անելիքներ կան այս ուղղությամբ և ի՞նչ ենք ակնկալում այս գործընթացից:

-Ցիկլոտրոնը ծառայում է Հայաստանում միջուկային բժշկությանը: 2020 թ.-ին մեզ հաջողվել է իրականացնել նաև պրոտոնային փնջի դուրսբերում՝ փորձարկումներում օգտագործելու նպատակով: Ցավոք, մի քանի օր առաջ կյանքից հեռացավ փորձերի համար պրոտոնային արտաքին փնջի մշակմամբ զբաղվող բաժնի ղեկավար Ալբերտ Ավետիսյանը: Մեզ պետք են դետեկտորներ և թվային էլեկտրոնիկա: Մենք հիմա զբաղված ենք դրանց ձեռքբերմամբ: Պատերազմի հետևանքով աշխատանքը դանդաղեց: Մենք նախատեսում ենք օգտագործել պրոտոնային փունջը գերբարձր ճշգրտության սարքի ստուգման նպատակով, որը մշակվել է ԱԱԳԼ-ի Փորձարարական բաժնի կողմից: Բացի այդ, ռադիոակտիվ իզոտոպները կարող են օգտագործվել գլխուղեղի հետազոտություններում, կենսաքիմիայում ՝ արյան ուղեղի արգելքի ուսումնասիրության նպատակով: Այսօր սա աշխարհում կենսաքիմիայի ամենամեծ մարտահրավերներից մեկն է: Մենք սկսեցինք քննարկումներ Դեղագործական ինստիտուտի հետ` նոր դեղերի փորձարկումն ընդլայնելու վերաբերյալ, որոնք նրանք մշակում են պոզիտրոն էմիսիոն տոմոգրաֆիայի (PET) և իզոտոպների օգտագործմամբ: Ցավոք, կորոնոսավիրուսի ու պատերազմի հետևանքով  այս ուղղությամբ մեր աշխատանքը դանդաղեց: Մեզ հաջողվել է դրամաշնորհ ձեռքբերել ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հետ միջուկային ֆիզիկայի փորձերի ոլորտում և դրանք կիրագործենք 2021 թ.-ին:

-Այս տարվա Ձեր ծրագրերում երիտասարդ կարդրերին ներգրավելու ուղղությամբ ի՞նչ քաղաքականություն եք որդեգրել, ի՞նչ աշխատանքներ եք կատարելու:

-Այն ամենն, ինչ արվում է, և ինչի համար պայքարում ենք հանուն մեր երիտասարդների է և նրանց ապագայի, քանի որ նրանք են մեր ապագայի երաշխավորը, որը ստեղծվում է այսօր։
2019 թ-ին ընդունվել է աշխատանքի 23 երիտասարդ գիտատեխնիկական աշխատող, այդ թվում՝ 11 ուսանող, իսկ 2020 թ-ին՝ 24 երիտասարդ գիտատեխնիկական աշխատող, այդ թվում՝ 9 ուսանող: Մենք նրանց աջակցելու համար անում ենք ամեն ինչ:

ԱԱԳԼ- ում այսօր ունենք 70-ից ավելի երիտասարդ գիտնականներ, որոնցից 20-ը ուսանողներ են, ունենք 12 ասպիրանտ ու հայցորդ, և սա մեր երիտասարդներին ներգրավելու, նոր գիտնականներ պատրաստելու, սերնդափոխություն ապահովելու քաղաքականության արդյունքում է։ Ես որդեգրել եմ հետևյալ ռազմավարությունը. ջանք չխնայել երիտասարդներին արժանապատիվ և խոստումնալից աշխատավարձով ապահովելու ուղղությամբ։ ԱԱԳԼ-ն կամուրջ է դեպի խոշորագույն գիտական համագործակցություններ, գիտահետազոտական ինստիտուտներ, համալսարաններ՝ մեծ փորձ ու գիտելիք ձեռք բերելու հնարավորություններով։ Նախքան կորոնավիրուսային համավարակը, 2019 թվականին ԱԱԳԼ-ն կազմակերպել է 12 միջազգային գիտաժողով և դպրոց, 30 կոլոքվիում (հեղ.- կրթական համակարգում ուսուցողական պարապմունք). այս միջոցառումներին մասնակցել են միջազգային հայտնի և առաջատար գիտնականներ՝ մեր ուսանողներին և երիտասարդներին հնարավորություն ընձեռնելով քննարկումներ ծավալել և համագործակցման եզրեր գտնել։ Ես քայլեր եմ ձեռնարկում, որ ենթակառուցվածքները վերականգնվեն և արդիականացվեն, որպեսզի գիտական միջավայր ձևավորվի՝ երիտասարդների պայծառ ապագան այսօր կերտելու համար։ Մասնավորապես, մենք ընդգրկում ենք փորձնակների և՛ Հայաստանից, և՛ արտասահմանից, postdoc-երի (հեղ.-հետդոկտորական ուսումնասիրություններ) համար փորձում ենք ծրագրեր բացել և հույս ունենք այս տարի կունենանք մի քանիսը արտասահմանից: Ունենք բազմաթիվ փոխանակման ծրագրեր և հնարավորություններ երիտասարդների համար։ Այս ամենը ժամանակի հետ բազմապատկվելու է։ Մենք ինտենսիվ զբաղվելու ենք երիտասարդների կրթությամբ, զարգացմամբ և վերապատրաստմամբ:

-Եթե չեմ սխալվում սփյուռքահայ գիտնականներին ներգրավելու նպատակով նույնպես ծրագրեր եք նախատեսում: Մասնավորապես, քվանտային ոլորտում, հաշվի առնելով, որ ոլորտը հագեցած է սփյուռքահայ գիտնականներով:  

-Աշխարհի յուրաքանչյուր երկիր մեծ ռեսուրս է ներդնում քվանտային ֆիզիկայի, քվանտային հաշվարկի և քվանտային կիրառական ֆիզիկայի ուղղությամբ: Քվանտային ոլորտը նոր հեղափոխություն է գիտական և տեխնոլոգիական աշխարհում, և Հայաստանը պետք է այդ հեղափոխության մասը կազմի: Մենք այս ոլորտի զարգացման համար ունենք աջակցություն ինչպես Հայաստանի գիտության կոմիտեի, այնպես էլ սփյուռքի կողմից: Բոլորը պատրաստակամ են մեզ օգնելու: Այս համատեքստում ANSEF-ն (հեղ.- Հայկական ազգային գիտակրթական հիմնադրամ) առաջարկել է ֆինանսավորել ԱԱԳԼ-ի երկու հաստիք: Այս ուղղությամբ Մեծ Բրիտանիայից և ԱՄՆ-ից շատ գիտնականներ առաջարկել են նախագծեր: Ես շատ լավատես եմ ապագայի նկատմամբ: 

Աննա Գզիրյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]