Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հունաստանը կօգնի Սաուդյան Արաբիային. հակաթուրքական տրամադրությունների ուժը տարածաշրջանում

Հունաստանը կօգնի Սաուդյան Արաբիային. հակաթուրքական տրամադրությունների 
ուժը տարածաշրջանում

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունաստանը Սաուդյան Արաբիայի հետ պայմանագիր է կնքել թագավորությանը «Patriot» հակաօդային պաշտպանության համակարգ տրամադրելու մասին, որպեսզի վերջինս կարողանա իր էներգետիկ օբյեկտները պաշտպանել Եմենի տարածքից կատարվող հարձակումներից: Այս համաձայնագիրն Էր-Ռիյադի համար հնարավորություն է՝ հարմարվելու Միացյալ Նահանգների կողմից հայտարարված «հարաբերությունների վերահաշվարկմանը», որի շրջանակներում միապետությունը պետք է զրկվի ամերիկյան «Patriot»-ի մի քանի մարտկոցներից: Բացի դրանից, Աթենքի եւ Էր-Ռիյադի միջեւ կնքված համաձայնագրերը, հավանաբար, նպատակ ունեն տարածաշրջանային հակառակորդ Անկարային ցուցադրել հակաթուրքական տրամադրությունների ուժը տարածաշրջանում:

«Patriot» հակաօդային պաշտպանության համակարգի վերաբերյալ գործարքը կնքվել է Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասի եւ պաշտպանության նախարար Նիկոս Պանայոտոպուլոսի՝ Սաուդյան Արաբիա կատարած այցի ընթացքում: Հույն հյուրերին ընդունել է թագաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալմանը: Բանակցություններից հետո Դենդիասը համոզմունք է հայտնել, որ գործարքը Հունաստանին հնարավորություն է տալիս հասնել «մեծ առաջընթացի Պարսից ծոցի երկրների հետ համագործակցության մեջ», ինչպես նաեւ հնարավորություն՝ «ներդրում ունենալու էներգիայի արեւմտյան աղբյուրների անվտանգության ամրապնդման գործում»: «Ես կարծում եմ, որ Հունաստանի արտաքին քաղաքականությունը, որի հիմնական նպատակը Պարսից ծոցի երկրների հետ կապն է, եւս մեկ առաջընթաց քայլ է կատարել»,- նշել է արտգործնախարարը:

Սաուդյան Արաբիային «Patriot» մարտկոցների մատակարարման մասին հարցը Հունաստանում քննարկվում է 2019 թ. հոկտեմբերից: Աթենքում նշում են, որ թագավորությանը հատկացվող օգնությունը դրական ազդեցություն կունենա տարածաշրջանում էներգետիկ անվտանգության վրա, կամրապնդի Հունաստանի՝ որպես կայուն գործընկերոջ հեղինակությունը եւ նրան կմոտեցնի Սաուդյան Արաբիային: 2020 թ. փետրվարին Պանայոտոպուլոսը խորհրդարանին վստահեցրել է, որ արաբական միապետությանը «Patriot» հակաօդային պաշտպանության համակարգի տրամադրումը որեւէ կերպ չի ազդի Հունաստանի հակաօդային պաշտպանության վրա, քանի որ մարտկոցներից մեկը, որում անսարքություն էր առաջացել, վերանորոգվել է ու նույնիսկ հասցրել մարտական հերթապահություն կատարել: Բացի այդ, թագավորությանը տեխնիկայի փոխանցումն անվճար չի լինի. ինչպես նշել են Հունաստանի կառավարությունում, օգտագործման արժեքն ամբողջությամբ կվճարի Սաուդյան Արաբիան:

Հունաստանի հետ գործարքը թագավորությանը կօգնի հոգ տանել անվտանգության մասին: Մեկ ամիս առաջ հայտնի դարձավ, որ ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենի վարչակազմը Պենտագոնին հանձնարարել է սկսել ուժերի վերաբաշխումը Սաուդյան Արաբիայում: Այս պլանների շրջանակներում արաբական միապետությունում գտնվող ամերիկյան «Patriot» մի քանի մարտկոցների համար որոշվել է այլ կիրառում գտնել, նույնիսկ չնայած այն բանին, որ Միացյալ Նահանգները խոստովանել է իր մերձավորարեւելյան դաշնակցի անվտանգության ամրապնդման անհրաժեշտությունը՝ հարեւան Եմենից իրականացվող պարբերական հարձակումներից պաշտպանվելու համար: Ապստամբ հութիները, որոնք, ըստ տարածված կարծիքի, վայելում են Իրանի աջակցությունը, շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան Արաբիայի նավթարդյունաբերությանը:

Սակայն Էր-Ռիյադի եւ Աթենքի միջեւ ցանկացած շփում անխուսափելիորեն հակաթուրքական երանգ է ստանում վերլուծաբանների մեկնաբանություններում: Առավել եւս, որ վերջին ամիսներին Սաուդյան Արաբիան զգալիորեն մեծացրել է տնտեսական ճնշումը Ռեջեփ Թայիփ Էրդողանի ղեկավարած երկրի վրա: Անկարան վերջերս բողոք է ներկայացրել Առեւտրի համաշխարհային կազմակերպություն, որ սաուդյան միապետությունն առանց պատերազմ հայտարարելու արգելափակել է թուրքական ապրանքների ներկրումը: Արաբական հանդեսները նշում են, որ Թուրքիան այդ կազմակերպության միջոցով կարող էր հասնել կորուստների փոխհատուցման, բայց դրա համար պետք է կարողանա ապացուցել, որ սաուդյան մարտավարությունն անհիմն է: Էր-Ռիյադը հրաժարվում է ընդունել առեւտրի արգելքների գոյությունը:

Այս երկրների միջեւ առեւտրային պատերազմը ծավալվում է 2020 թ. հոկտեմբերից: Սաուդյան ընկերություններին խստորեն խորհուրդ է տրվել առեւտուր չանել Թուրքիայի ընկերությունների հետ եւ հրաժարվել նրանց ապրանքներից` գտնելով այլընտրանք: Տեղեկությունների համաձայն, որոնք հրապարակել է Թուրք արտահանողների ասամբլեան, արտահանումը Սաուդյան Արաբիա փետրվարին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ նվազել է 92 տոկոսով (290 մլն դոլարից հասնելով 21 մլն-ի): Թուրքիայի կառավարական «Daily Sabah» հանդեսն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ արդեն մարտին արտահանման ցուցանիշները գրեթե զրոյական են եղել:

Մարտին Էրդողանը հաղորդել է, որ Էր-Ռիյադը դիմել է Անկարային թուրքական մարտական անօդաչու թռչող սարքեր ձեռք բերելու համար, որոնք հնարավոր կլիներ օգտագործել Եմենում:

«Patriot» մարտկոցները կարող են բարելավել Սաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության հնարավորությունները: Հաշվի առնելով այն, որ Հունաստանը ՆԱՏՕ-ի հիմնադիր պետություն է, կարելի է ասել, որ այս համագործակցությունը Էր-Ռիյադին նաեւ արեւմտյան կարողություններ կտա՝ ստանդարտացնելու իր պաշտպանական հնարավորությունները: Բացի այդ, Թուրքիայից պաշտպանվածությունն էլ երբեք չի կարող ավելորդ լինել:

 

Պատրաստեց Իշխան ՔԻՇՄԻՐՅԱՆԸ


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]