Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Միջազգային հանրությունը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը. Ջոն Ինյարիտու

Միջազգային հանրությունը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը. Ջոն Ինյարիտու

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանիայի Կոնգրեսի պատգամավոր Ջոն Ինյարիտուն հուսով է, որ Իսպանիան պետության մակարդակով հնարավորինս շուտ կճանաչի Հայոց ցեղասպանությունը, նա կարևորում է միջազգային հանրության կողմից ճանաչումը՝ ցույց տալու Թուրքիային, որ իր դիրքորոշումն անընդունելի է՝ պատմական, բարոյական և իրավական առումներով: Ինյարիտուն նման տեսակետ հայտնեց  «Արմենպրես»-ի հարցերին ի պատասխան:

-Պարոն Ինյարիտու, Ձեր կարծիքով, Հայոց ցեղասպանությունից 106 տարի անց, ո՞րը պետք է լինի առաջադեմ մարդկության հիմնական խնդիրը `այդպիսի հանցագործությունների ճանաչման, դատապարտման և կանխարգելման տեսանկյունից:

-Իմ կարծիքով, Հայոց ցեղասպանության ճանաչումը մի քանի պետությունների համար առկախ խնդիր է: Դա խնդիր է՝ կապված հայ ժողովրդի պատմական արդարության հետ, բայց այն նաև պետք է լինի քայլ, որը կերաշխավորի, որ այդպիսի ծանր հանցագործությունները չկրկնվեն:

-Հնարավոր համարու՞մ եք, արդյոք, Թուրքիայի կողմից ճանաչումը `հաշվի առնելով այդ երկրի ագրեսիվ և ժխտողական քաղաքականությունը: Ի՞նչ կարող է ակնկալել հայ ժողովուրդը արդար հատուցման տեսանկյունից:

-Ես անկեղծորեն հավատում եմ, որ ներկայիս՝ Էրդողանի կառավարության դեպքում դա անհնար է, իսկ մյուսների համար էլ պարզ հարց չէ: Թուրքիան մեկ դար շարունակ հերքում է այս ցեղասպանությունը: Միջազգային հանրությունը պետք է ճանաչի դա, որպեսզի Թուրքիային ցույց տա, որ իր դիրքորոշումն անընդունելի է՝ պատմական, բարոյական և իրավական առումներով: 

-Պարոն Ինյարիտու, ի՞նչ եք կարծում, ճանաչումն ու Թուրքիայի ներողությունը բավարա՞ր են պատմական արդարությունը վերականգնելու համար:

-Կարծում եմ, դա կարող է լինել առաջին քայլը: Այն կօգնի բարելավել երկու ժողովուրդների ՝ Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունները, բայց դա լավ կլինի նաև թուրք ժողովրդի համար: Որպես օրինակ պետք է հետևել Գերմանիային` իր պատմական պատասխանատվությունը ճանաչելու առումով: Թուրքիան ավելի լավ երկիր կլիներ, եթե նրանք անեին նույնը, ինչ Գերմանիան:

-Ի՞նչ եք կարծում, ի՞նչն է խանգարում Իսպանիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Ի՞նչ տեսակետներ կան երկրում:

-Իսպանիայում Հայոց ցեղասպանությունը ճանաչվել է մի քանի խորհրդարանների կողմից, ինչպիսիք են Բասկերի երկրի խորհրդարանը կամ Կատալոնիայի խորհրդարանը, բայց սպասվում է, որ դա անեն Կոնգրեսը կամ Իսպանիայի կառավարությունը: Կարծում եմ՝ պարզ է, որ Թուրքիան մեծ ճնշում է գործադրում՝ ճանաչումից խուսափելու համար: Հուսով եմ, որ Իսպանիան որպես պետություն դա կճանաչի հնարավորինս շուտ:

Օսմանյան կայսրության կողմից 1915թ. հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը 20-րդ դարասկզբի մեծագույն ոճրագործությունն է: Աշխարհասփյուռ հայությունը նշում է Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցը: Ցեղասպանությունը ճանաչել և դատապարտել է մոտ երեք տասնյակ պետություն, միջազգային կազմակերպություններ:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]