Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Եղեռնատես գրողը. նա անցավ նաեւ ստալինյան դժոխքով

Եղեռնատես գրողը. նա անցավ նաեւ ստալինյան դժոխքով

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: «…Ալազանը մոտենում է ինձ, ձեռքս սեղմում, հավանության խոսքեր ասում… Աստված իմ, ի՜նչ երջանկություն էր դա… Իմ` արդեն բավական երկար գրական ճանապարհին ես հավանության շատ խոսքեր ու արտահայտություններ եմ լսել ու տեսել, սակայն երեւի ոչ մի անգամ այդպիսի հրճվանքի եւ երանության պահեր չեմ ունեցել, ինչպես այդ օրը: Ընկերուհիներիս հետ փողոցներով անցնելիս երազում էի, որ հանդիպի Ալազանը, բարեւի ինձ, եւ ընկերուհիներս տեսնեն, որ ես ծանոթ եմ նրան, որ նա ինձ գիտե, ճանաչում է… Վահրամ Ալազանը պատկանում է այն գրողների թվին, որոնք չեն մոռացվում եւ որպես մարդ, եւ որպես ստեղծագործող, ապրում են բոլորի հետ…»:

Սիլվա ԿԱՊՈՒՏԻԿՅԱՆ

Հայոց մշակույթի եւ գրականության մեջ սակավաթիվ չեն երեւելի այն գործիչները, որոնք կամ նրանց նախնիները արմատներ են թողել դրախտային Վասպուրական աշխարհում եւ եղեռնական արհավիրքներից մազապուրծ, սփռվել օտար հանգրվաններում կամ վերածնված Հայաստանում: Այդ տարաբախտներից մեկն է բանաստեղծ, արձակագիր, գրական-հասարակական գործիչ Վահրամ Ալազանը (Վահրամ Գաբուզյան)՝ ծնված 1903 թ., նաիրյան բնօրրան Վան քաղաքում: Ապագա գրողն անձամբ է տեսել ու զգացել 1915 թ. եղեռնական սարսափները, մահն ու ավերը, որոնք սփռեցին Արեւմտյան Հայաստանով մեկ դարի ոճրագործները՝ թուրք պետության արյունոտ վճռով…

Ընտանիքով Երեւանում հաստատված Ալազանի գործունեությունն սկսվում է գրաշար բանվորի աշխատանքով՝ «Ուրարտու» տպարանում: Առաջին բանաստեղծությունները սկսում են տպագրվել Վ. Գաբուզյան ստորագրությամբ, այնուհետեւ մամուլում լույս են տեսնում նրա պոեմները, պատմվածքներն ու ակնարկները՝ արդեն Ալազան ստորագրությամբ: 1922 թ. հրատարակվում է անդրանիկ գիրքը՝ «Տարիների խաղը» խորագրով: Եվ սկսվում է գրական-հասարակական ակտիվ կյանքը: Դառնում է «Ավանգարդ» թերթի ստեղծման նախաձեռնողներից մեկը, իսկ 1923-36 թթ., որպես նախագահ, ղեկավարում է Հայաստանի պրոլետգրողների ասոցիացիան: Այս ընթացքում գրողը նաեւ Հայաստանի եւ Անդրֆեդերացիայի կենտգործկոմների անդամ էր, Հայաստանի գրողների միության վարչության քարտուղարը (1933-1936 թթ.), «Գրական թերթի» խմբագիրը: 1935-ին Ալազանին բախտ է վիճակվում մասնակցելու Փարիզում տեղի ունեցած մշակույթի պաշտպանության միջազգային առաջին կոնգրեսին: Այս իրողություններով հանդերձ` 1936-ին նրա անունն էլ է գրանցվում «սեւ ցուցակում»՝ որպես տրոցկիստ, որպես մարդակեր Բերիայի դեմ մահափորձ կազմակերպող խմբի անդամ: Նման անհիմն մեղադրանքներով գրողը դատապարտվում է 10 տարվա ազատազրկման: Նա այս պատժաչափն անցկացնում է կայսրության գրեթե բոլոր բանտերում: 1946 թ. վերադառնում է հայրենիք, սակայն որպես նախկին քաղբանտարկյալի, թույլ չեն տալիս ապրել մայրաքաղաքում եւ այս անգամ աքսորում են… Աշտարակ: Այստեղ, անկախ իր կարգավիճակից ու նողկալի պայմաններից, կարողանում է հիմնել Պերճ Պռոշյանի տուն-թանգարանը: Սակայն չի ուշանում բռնությունների նոր ալիքը՝ 1949 թ.: Նույն ստոր մեղադրանքներով բանաստեղծ-արձակագիրն աքսորվում է… Սիբիր, այս անգամ՝ ցմահ: Ստալինի մահանալուց մեկ տարի անց, լիովին արդարացվելով, կրկին վերադառնում է հայրենիք, սակայն բանտերում եւ աքսորներում կրած անմարդկային տառապանքներն անհետեւանք չեն անցնում. 10 տարի՝ մինչեւ մահ (1966 թ. մայիսի 17) գամված է մնում անկողնուն: Ծանր հիվանդության տարիներին կարողանում է իր մեջ ուժ գտնել եւ իր ապրած տառապալից ուղին թելադրել թղթին ու հանձնել պատմությանը: Շուրջ 30 տարի անց՝ 1990 թ. լույս է տեսնում թելադրվածը՝ «Տառապանքի ուղիներում» գրքի տեսքով: Այս հուշագրությունում Ալազանը ներկայացնում է ստալինյան ժամանակաշրջանի դաժան իրողությունները, բանտային ռեժիմի անմարդկային մթնոլորտը:

Ինչպես պատմել է տառապյալ գրողը հետագայում՝ Կրասնոյարսկում աքսորված ժամանակ, երբ լուր է ստացվում «ժողովուրդների իմաստուն առաջնորդ» Իոսիֆ Ստալինի մահվան մասին (1953 թ. մարտի 5), ինքն այդ առիթով գրում է մի քառյակ-էքսպրոմտ, որն այն ժամանակներում անհնարին էր տպագրել, այն առաջին անգամ կարդացվել է 1961 թ. միայն, այն էլ Հայաստանի գրողների միության՝ անհատի պաշտամունքի դատափետմանը նվիրված կուսակցական ժողովում: Եվ կարդացողն էլ ինքը՝ հեղինակն է եղել: Ծանոթանանք այդ էքսպրոմտին.

ՍՏԱԼԻՆԻՆ

Քո «մարդասեր» խոսքերից լոկ արյուն էր կաթում,

«Հայր», «ուսուցիչ», «առաջնորդ»-դեղնադեմ դահիճ,

Թաթդ խորը մխրճած արյան մակարդում՝

Գայլը եղավ քեզ դայակ, իսկ բորենին՝ ուսուցիչ…

Բազմաժանր է Վահրամ Ալազան մտավորականի գրիչը՝ պոեզիա, արձակ, հուշագրություն: Նա իր բանաստեղծական ժողովածուներում՝ «Մաքառումներ», «Բանաստեղծի սիրտը», «Հորիզոններ», առաջնորդվել է չարենցյան «ժամանակիդ շունչը դարձիր» սկզբունքով: Այդպես է առաջնորդվել, եւ ժամանակին ըստ արժանվույն է հնչել նրա անունը: Իսկ «Վաթսուներորդ հորիզոն» վեպն այսօր էլ ընկալվում է որպես հայ արձակի առաջնակարգ նմուշներից:

Հիշենք տառապյալ մտավորականին…

Հակոբ ՍՐԱՊՅԱՆ


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]