Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Բրաբիոն ծաղիկ որոնողը… Եվ նա փառավորեց բոցաշունչ հայդուկներին

Բրաբիոն ծաղիկ որոնողը… Եվ նա փառավորեց բոցաշունչ հայդուկներին

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Դաշտենցը մեզ է ժառանգում հայրենի եզերքի կենդանի քարտեզը. բնակատեղիները՝ միմյանց հարեւանությամբ, կապվող ճանապարհներով ու կածաններով, լեռներն ու լեռնաշարուկները՝ իրենց բերդերով, եկեղեցիներով ու մատուռներով, անվանակիր աղբյուրներով, անվանակիր ու նշանավոր քարերով, բուսական ու կենդանական աշխարհով, կիրճերն ու ձորերը՝ իրենց գետերով, անվանակիր քարանձավներով, անվանակիր ընկուզենիներով, հարթավայրերը՝ շրջակա լեռներով եւ գետերը՝ իրենց անվանակիր կամուրջներով… Եվ այս ամենը՝ բաբախուն, հունցված սիրո ու կարոտի շնչով…

Բայց բոլորից առաջ եւ ամենից առավել Դաշտենցը մեզ է ժառանգում հայ ֆիդայիների հզոր կամքը, հրեղեն շունչը, մեծ ոգին, չարի դեմ ծառացած նրանց առասպելական կերպարը…»:

Մուշեղ ԳԱԼՇՈՅԱՆ

 

Նրա մուտքը գրական աշխարհ նախանշվելու էր պոեզիայով: Եվ այդ մուտքը չէր վրիպելու հանճարեղ Չարենցի՝ տաղանդներ որսացող հայացքից. պահպանվել են նաիրյան բանաստեղծի երկու գրությունը, որոնցից մեկը հասցեագրված է «Հայպետհրատի» այն ժամանակվա տնօրեն Էդվարդ Չոփուրյանին, մյուսը՝ հայտնի ձեւավորող-նկարիչ Տաճատ Խաչվանքյանին: Դրանցում խոսքը Դաշտենցի անդրանիկ՝ «Երգերի գիրքը» որակյալ տպագրելու մասին է: Այն լույս է տեսնում 1932 թ.: Երկու տարի անց հրատարակվում է «Գարնանային երգեր» խորագրով ժողովածուն, այնուհետեւ՝ «Բոցը» եւ «Տիգրան Մեծ» չափածո ողբերգությունը: «Բոցի» հրատարակումն իր շուրջ այնքան աղմուկ է հարուցում, որ հեղինակն ստիպված հեռանում է Մոսկվա եւ խարիսխ նետում օտար լեզուների ինստիտուտի անգլերեն լեզվի բաժնում: Այդ ուսումնառությունը հետագայում հսկայական դերակատարություն էր ունենալու Դաշտենց-թարգմանչի կյանքում:

Խաչիկ Դաշտենցը ծնվել է 1910 թ. մայիսի 25-ին Արեւմտյան Հայաստանի Բիթլիսի նահանգի Դաշտադեմ գյուղում, հովվի ընտանիքում: Ծննդավայրի անունն էլ հետագայում դարձրել է գրական կեղծանուն:

Գաղթականի փշոտ ճանապարհը Սասնա լեռներից ապագա գրողին հասցրել է Գյումրի, նետել որբանոցից որբանոց: Նախնական կրթությունն ստացել է Գյումրու ամերիկյան մանկատանը, ուսուցչություն է արել Հոռոմ եւ Սառնաղբյուր գյուղերի կրթօջախներում: Ավարտել է պետհամալսարանի լեզվագրական ֆակուլտետը, որպես բաժնի վարիչ աշխատել «Ավանգարդ» թերթի խմբագրությունում: Դասախոսել է հարազատ բուհում, Բրյուսովի անվան օտար լեզուների եւ պոլիտեխնիկական ինստիտուտներում, իսկ ԳԱ արվեստի ինստիտուտում եղել է ավագ գիտաշխատող:

Սակայն բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ, բանասեր, գիտական աշխատող Խաչիկ Դաշտենցի անունը հարազատ էր դառնալու արեւմտահայության ողբերգությունը եւ սասունցիների նորոգ կյանքն արտացոլող «Խոդեդան» վեպով՝ հրատարակված 1950 թ.: Ժողովրդական ասմունք եւ պատմական հիշատակներ, ազգագրություն եւ հեքիաթներ, կենցաղ եւ գեղջկական պատումային ձեւեր՝ իր ժողովրդագիտության այս պաշարները, որ գրողը կաթիլ առ կաթիլ ժողովել էր վաղ մանկությունից մինչեւ այրական հասակը, գործի դրեց բանահյուսական-էպոսային արձակի մեծ խնդիրը լուծելու համար: Առաջին վեպով նա ասես նախանշել էր գլուխգործոցային իր հաջորդ՝ «Ռանչպարների կանչի» լույսաշխարհ գալու անխուսափելիությունը: Մեր դասական գրականության մեջ նախադեպը չունեցող մի վիպասք, որը պատմում է թուրքական յաթաղանի դեմ մարտնչող, հայոց լեռներում երջանկության ծաղիկ որոնող հայ հայդուկների անձնազոհ պայքարի մասին:

Խաչիկ Դաշտենցը գրել է նաեւ պոեմներ՝ «Ֆայտոն Ալեք», «Ծուռ Խութեցին», «Լեռան ծաղիկներ» խորագրով բանաստեղծությունների եւ պոեմների ժողովածուն, կատարել բանասիրական աշխատություններ՝ «Բայրոնը եւ հայերը», «Ըղձյալ այգաբացի երգիչը»՝ Չարենցի մասին:

Անուրանալի է նրա թարգմանական վաստակը. անգլերենից շքեղ հայերենի է վերածել բարդագույն Շեքսպիրի «Սխալների կոմեդիան», «Անսանձ կնոջ սանձահարումը», «Տասներկուերորդ գիշեր», «Վինձորի զվարճասեր կանայք», «Ռիչարդ Երրորդ», «Հուլիոս Կեսար», «Լիր արքա», «Ռոմեո եւ Ջուլիետ» ողբերգություններն ու պատմական քրոնիկներ, Հ. Լոնգֆելլոյի «Հայավաթի երգը», «Ռոբին Հուդ», Ռ. Բրաունինգի «Համելինի նախշուն սրնգահարը», Վ. Սարոյանի «Իմ սիրտը լեռներում է», «Խաղողի այգին» դրամաները, անգլերենի դասագիրք է կազմել հայկական դպրոցների համար:

Ի դեպ, Շեքսպիրին թարգմանելու խնդրում «խառն է» վարպետի՝ Ավետիք Իսահակյանի մատը. Դաշտենցից առաջ, նրա խորհրդով էր մեծ անգլիացու գրական համամարդկային ժառանգությունը հայացնելու քայլին դիմել մեծավաստակ թարգմանիչ Հովհաննես Խան-Մասեհյանը:

Հայ ժողովրդի հոգում հավերժի կյանքով են ապրելու երջանկության բրաբիոն ծաղիկ որոնող ասպետները: Նրանց հետ ապրելու է նաեւ Խաչիկ Դաշտենց վիպասացը՝ հայրենապաշտություն պատգամող իր քաջազուն հերոսների՝ ռազմիկ-ռանչպարների պաշտելի օրինակով…

 

Հակոբ ՍՐԱՊՅԱՆ


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]