1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Ավետարանչականի «Խորեն և Շուշանիկ Ավետիսյան դպրոց»․Հայրենիքի արժանի քաղաքացիների բացառիկ դարբնոց

Ավետարանչականի «Խորեն և Շուշանիկ Ավետիսյան դպրոց»․Հայրենիքի արժանի 
քաղաքացիների բացառիկ դարբնոց

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ/ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻ ԼՈՒՐԵՐ: Օրերս այցելեցի «Հայ կրթություն» հիմնադրամի «Խորեն և Շուշանիկ Ավետիսյան դպրոց և համայնքային կենտրոն» հաստատությունը, որը գտնվում է Երևանի Հարավարևմտյան թաղամասում:

Ինչպես սույն տողերի հեղինակի հետ զրույցում ասաց Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության(ԱՀԱԸ)Հայաստանի ներկայացուցիչ Հարութ Ներսեսսյանը, «Հայ Ավետարանչական ընկերակցությունը և Հայաստանյայց Ավետարանական եկեղեցին, կրթությունը համարելով որպես լավագույն նվեր երեխային, 1999թ բացեցին Խորեն և Շուշանիկ Ավետիսյանների անվան կրթահամալիրը»։

Ինչպես պատմեց պրն. Ներսեսսյանը,  2014-2015 ուսումնական տարում կրթօջախը տեղափոխվեց նույն համայնքի  նորակառույց մի համալիր։

Յոթ մասնաշենքից բաղկացած այդ կրթօջախը վերանվանվեց և կոչվեց «Հայ կրթություն» կրթական հիմնադրամի «Խորեն և Շուշանիկ Ավետիսյան դպրոց և համայնքային կենտրոն»։

…Ովքե՞ր են Խորեն և Շուշանիկ Ավետիսյանները։

Խորեն Ավետիսյանը ծնվել է 1894 թ. Խարբերդի նահանգի Վեհրի Մեզրեհ գյուղում, շինարարի ընտանիքում: Ստանալով տարրական կրթություն տեղի կենտրոնական դպրոցում, 1909-ին գաղթել է ԱՄՆ, որտեղ աշխատել է որպես ջուլհակ Ռոդ Այլնդ նահանգի Փոթուքեթ քաղաքում:

Շուշանիկ Ինգիլիզյանը ծնվել է 1904 թ. նույնպես Խարբերդի նահանգում, գյուղ Կոմք:

Նա իր տարրական կրթությունը ստացել է տեղի Գերմանական Ավետարանական ընկերության դպրոցում, և 1927-ին նույնպես գաղթել ԱՄՆ, ուր նույն տարում ամուսնացել է Խորեն Ավետիսյանի հետ։

Հատկանշական է, որ ամուսիններին միավորում էին  ընդհանուր արժեքներ ու հետաքրքրություններ։ Ռոդ  Այլնդում նրանք երկար տարիներ Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության, Հայ ընդհանուր բարեգործական միության և Հայ եկեղեցու անդամներ էին և գլխավոր սատարողներից։

Հարկ է նշել, որ նա իր ժամանակի զգալի մասը տրամադրել է հայ­ համայնքի անդամներին տարբեր ձևերով օգնելուն։

Նրանք ունեցան չորս զավակ՝ Փարամազ, Զվարթ, էդվարդ և Պողոս (Փոլ)։

Ավա՛ղ, 1952-ին Խորեն Ավետիսյանն անժամանակ հեռացավ կյանքից, թողնելով տիկնոջը 12-20 տարեկան զավակների հետ։

․․․Շուշանիկ Ավետիսյանն առաջին անգամ եկավ Հայաստան 1967-ին, և հետագա տարիներին ևս 12 անգամ այցելեց Հայրենիքը, և մշտապես իր զավակների կամ թոռների օգնությամբ իր հետ այստեղ էր բերում բազմաթիվ ճամպրուկներ լի հագուստով, այլ կենցաղային պարագաներով՝ իր հայրենակիցներին բաժանելու համար․․․

Եվ․․․

«Խորեն և Շուշանիկ Ավետիսեան դպրոց և համայնքային կենտրոն»-ի հոյակապ կառույցի ավարտումը հարգանքի տուրք է մեր ծնողների հիշ­ատակին։ Այն նաև համահունչ է կրթության ուժին, ինչպես նաև կարիքավորներին որակյալ կրթությամբ աջակցելու նրանց հավատամ­քին։ Նրանք մեծապես արժեվորում էին կրթությունը․․․ Ի հեճուկս իրենց խիստ սուղ նյութական պայմանների^^^^?/, նրանք միշտ պատրաստակամ էին իրենց ժամանակը զոհաբերելու ի նպաստ այլոց՝ անկախ հանգամանքներից՝ տրա­մադրելով նրանց մարդուս կյանքի թանկագույն պարգևը՝ ժամանակը։

Համոզվա՛ծ ենք, որ այս դպրոցի աշակերտները ո՛չ միայն դրսևորելու են նույնպիսի հատկանիշներ, այլև ձգտելու են ավելիին, հարատև փոփո­խություն բերելով թե՛ իրենց, և թե՛ այլոց կյանքում»։

 

Փարամազ, Զվարթ, Էդվարդ և Փոլ Ավետիսյաններ

 

«Խորեն և Շուշանիկ Ավետիսյան դպրոց»-ի ստեղցման մտահղացումր կապված է Խորեն և Շուշանիկ Ավետիսյանների, նրանց որդու՝  էդվարդ Ավետիսյանի, նրա կնոջ՝ Փամելա Սվետիսյանի, Ամերիկայի Հայ Ավետարան­չական ընկերակցության 1987-2000 թթ. գործադիր տնօրեն երջանկահիշատակ վերապատվելի դոկտոր Մովսես Ճանպազյանի անունների հետ։

Դպրոցը կյանքի ուղեգիր ստացավ այս նվիրյալ անձանց տեսիլքի և հա­մառ ջանքերի շնորհիվ։

Առանձնապես հարկ է նշել նաև ԱՀԱԸ 1994-2011 թթ. Հայաստանի ներկայացուցիչ վերապատվելի դոկտոր Ռընե Լևոնյանի անունը, ով ՀՀ պետական տարբեր ատյաններում կարողացավ հիմնավորել դպրոցի ստեղծման կարևորությունը և Երևանի Հարավարևմտյան թա­ղամասում ճեռք բերել կրթահամալիրի նախկին շենքը, որտեղ հիմնված կր­թօջախում արդեն քսան տարուց ավել շարունակ կրթություն են ստանում հարյուրավոր երեխաներ։

Վերջապե՛ս, 1999 թվականի սեպտեմբերի 20-ին հանդիսավոր պայմաններում բացվեց «Խորեն և Շուշանիկ Ավետիսյան» դպրոցը, որի նպատակն է կրթել և դաստիարակել հայազգի այսօրվա և վաղվա սերունդներին։

Դպրոցում սովորող երեխաները ստանում են բազմակողմանի կրթություն, հայեցի և քրիստոնեական լավագույն դաստիարակություն, վայելում ուսուցիչ­ների և դաստիարակների հարգանքն ու սերը։ Տեղեկացանք նաև,որ դպրոցը ամենատարբեր առիթներով արժանացել է ՀՀ կրթության և գիտության նախարարության պատվոգրերի, ՀՀ-ում ՌԴ դեսպանության շնորհակալականնա­մակների, պատվոգրերի և խրախու­սական տարբեր շնորհակալագրերի։

Իսկ 2004 թվականին ՀՀ կրթության և գիտության նախարարությունը աշակերտների կրթության և դաստիարակության գործում ունեցած մեծ վաստակի, երկա­րամյա մանկավարժական գործունեու­թյան և  Ուսուցչի  օրվա կապակցութամբ՝ որպես լավագայն տնօրենի նախարարության Ոսկե հուշամեդալով պարգևատրվեց Երևանի «Խորեն և Շուշանիկ Ավետիսյան» դպրոցիտնօրեն մ․գ․թ․Մելանյա Գեղամյանին։

Հետաքրական է դպրոցի ստեղծման գաղափարի նախապատ-

մությունը․․․

Ինչպես դպրոցի մասին պատմող գրքույկի համար իր գրառման մեջ նշում է կրթահամալիրի բարերար Էդվարդ Ավետիսյանը, Հայրենիքում ժամանակակից կրթօջախկառուցելու գաղափարը կապված է իրենց մայրիկի՝ տիկին Շուշանիկի ծննդյան 90-ամյակի հետ։

Պրն. Ավետիսյանի խոսքերով․․․

«Սայրս, իրավա՛մբ, որևէ հանդիսություն չէ՛ր ուզում, սակայն քանի որ ընտանիքս վճռեւ էր նրա հոբելյանը տոնել, ապա խնդրեց նշենք պարզ, առանց նվերնե­րի, ասելով. «Ինչ որ անհրաժեշտ է՝ ու­նեմ, իսկ վաղը, հնարավոր է, այյևս չլինեմ»։

Այդ ի՞նչ պիտի անեինք, որ գոհացներ թե՛ մայրիկին, թե՛ մեզ։

Քրոջս՝ Զվարթի, և եղբայրներիս՝ Փարամազի ու Փոլի հետ խորհեցինք և վերհիշեցինք նրա ապրած կյանքը՝ տեսնելու, թե ինչպիսի՞ հարգանք կարող էինք մատուցել, որպեսզի իրապես ու­րախություն պատճառեինք մեր մայ­րիկին։

Գիտեի՛նք, որ մեր ծնողները մշտապես խիստ արժևորելեն կրթությունը հայրս վաղ հասակից հոգևոր սաասավորության էր պատրաստվել, իսկ մայրս տակավին ջերմ հիշողություններ էր պահպանել Խարբերդի գերմանական միսիոներական որբանոցում իր ուսումնառությունից, որի սաների՝ իր դասընկերների հետ կա­պը պահպանել էր ողջ կյանքի ընթաց­քում։

Կարո՞ղ էինք մենք որակյալ կր­թությունը և հարատև բարեկամու­թյունը նույնպիսի պատեհություն դարձնել նրանց համար, ովքեր մեծ ակնկալիքներ չունեին կյանքում։

Եթե այո՛, ապա դա վստահաբար կգոհացներ մայրիկիս և մեզ։

Պաշտելի մորս՝ Շուշանիկի 90-ամյակը լուրջ տոնակատարություն եղավ՝ հարյուրից ավել հրավիրյալներով.․․

Ներկա էր նաև Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության ներկայացուցիչը, որի հետ պիտի քննարկեինք, թե ինչպես պիտի պատվեինք մայրիկիս և հիշատակեինք հորս՝ Խորենին։

Ահա այսպես ծնվեց «Խորեն և Շուշանիկ Ավետիսյան դպրոցի» գաղափարը․․․»

 

․․․Սույն տողերի հեղինակը դպրոցում տեսավսքանչելի կահավորված դասարաններ, լաբորատորիաներ, գրադարան, մարզադահլիճներ, նույնիսկ՝ սեփական ֆուտբոլային դաշտ՝ լիարժեք խոտածածքով, ծանոթացավ և զրուցեց բարձրակարգ ուսուցիչների, դաստիարակների, հոգեբանների հետ, սակայն, անկասկա՛ծ, ամենահիշվողը իրենք՝ երեխաներն էին, վառվռուն աչքերով, աշխույժ, կատակասեր, ինչպես հիմա մոդայիկ է ասել՝ ինտերակտիվ…

Մի խոսքով՝ գենոֆո՛նդ․․․

Զրուցեցինք վաստակաշատ մանկավարժ, մանկավարժական գիտությունների թեկնածու, դպրոցի տնօրեն Մելանյա Գեղամյանի հետ, ով շտապում էր Արցախ՝ Ամերիկայի Հայ Ավետարանչական միության տեղի մի քանի մանկապարտեզներ այցելելու: Հարկ է նշել, որ տիկին Գեղամյանը պարբերաբար՝ տարին երկու-երեք անգամ լինում է Արցախում, այնտեղի աշխատակիցների հետ վերապատրաստական աշխատանքներ անցկացնելու նպատակով՝ օգտակար լինելու մանկավարժության և հոգեբանության մեջ:

- Մեր դպրոցը ազգային դպրոց է: Այ հենց էստեղ մենք զբաղված ենք Ձեր նշած «գենոֆոնդի» ստեղծմամբ՝ դաստիարակելով, կրթելով աշակերտներին, մի խոսքով, եթե կարելի է այդպես ասել՝ մարդակերտմամբ:

Մեր կրթությունը բազմակողմանի է…

Այստեղ, կարծում եմ, տեղին է հիշել Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի խոսքերը. «Երնեկ նրան, ով մարդ կուգա, և մարդ կերթա այս աշխարհեն»․․․

Այս առումով մենք տանում ենք բազմաթիվ և բազմակողմանի աշխատանքներ երեխաների հետ:

Օրինա՛կ, մենք մշտապես կազմակերպում ենք հանդիպումներ անվանի  մարդկանց հետ, մեր վերջին հանդիպումը ժողովրդական նկարիչ Վալմարի (Վլադիմիր Մարգարյան – հեղ․) հետ էր՝ Գ. Սունդուկյանի անվան թատրոնում, իսկ մինչ այդ դպրոցի սաները հանդիպել էին լրագրող և վերլուծաբան Էրիկ Հակոբյանին:

Քանի որ մեր հարգարժան բարերար Էդվարդ Ավետիսյանը Հայաստանի ամերիկան համալսարանի (ՀԱՀ) հոգաբարձուների խորհրդի անդամ է, մենք բավականին սերտ կապեր ունենք ՀԱՀ-ի հետ, և դրա շնորհիվ մենք դպրոցում հանդիպում ունեցանք մեծ գիտնական, բարերար, հասարակական գործիչ, մեծատառով մարդ, ավա՛ղ, արդեն երջանկահիշատակ դոկտոր Վարդան Գրեգորյանի հետ:

Սրան կցանկանայի ավելացնել մեր դաս-պարապմունքները թանգարաններում, բանավեճի ակումբները, տարբեր օլիմպիադաներին մասնակցելը և արտադասարանային խմբակները՝ ֆուտբոլի, օտար լեզուների, նկարչության, ունենք նաև երգարվեստի դպրոց, գործիքային համույթ, և շատ կարևոր է՝ մայրենիի «Վերնատուն» ակումբ»:

Ըստ Մելանյա Գեղամյանի, այսօր դասարանապատկերը այնպիսինն են, որ երեխան պետք է կրթվի հայոց լեզվի, հայ մշակույթի, հայ ծրագրերի, հայ գրերի, հայոց պատմություն արժեքների հիման վրա:

«Մենք գնում ենք դեպի մեր արմատները, սակայն միաժամանակ աշխարհից հետ մնալ էլ չենք ուզում», ասում է հաստատության  տնօրենը։

Օրինակ, ֆրանսերեն լեզվի օլիմպիադայում բոլոր մրցանակային տեղերը զբաղեցրին այս դպրոցի սաները, իսկ անգլերենի՝ երկրորդ տեղը:

Կան ռոբոտաշինության, ինֆորմատիկայի խմբակներ, առկա է մաթեմատիկայի, օտար լեզուների խորացված ուսուցում:

Համագործակցում են ամենատարբեր ծրագրերի և ուսումնական հաստատությունների հետ:

Մելանյա Գեղամյանի խոսքերով, «ամենակարևորը այստեղ այն է, որ մեր գործունեության առանցքում կա սեր, սե՛ր ու էլի սե՛ր առ երեխան․․․

Եվ, իհարկե՛, սերն առ Հայրենիք:

Օրինա՛կ, անցած տարվա չարաբաստիկ պատերազմի օրերին մենք դպրոցում հավաքել ենք մեծաքանակ սնունդ, տաք գուլպաներ, դեղորայք, սիգարետզինվորների համար, գործել ենք քողարկիչ ցանցեր զրահատեխնիկայի համար…

Հայրենասիրական դաստիարակություն և կրթություն է առկա այս դպրոցում…»

Տիկին Մելանյայի վկայությամբ, դպրոցը յուրահատուկ ծրագրեր մշակեց Սիրիայի պատերազմից հետո Հայրենիք եկած երեխաներին կթահամալիրի դպրոցական ծրագրերի մեջ ճիշտ ձևով ընդգրկելու համար:

Դպրոցի տնօրենը շարունակում է․

-Նույնը եղավ 44-օրյա պատերազմից հետո: Այստեղ եկան բազմաթիվ արցախցի երեխաներ, որոնց ապահովեցինք ո՛չ միայն դասագրքերով և այլ կարևոր պարագաներով, այ՛լ վերաբերվեցինք նրանց ամենայն հոգատարությամբ՝ մեծ օգնություն ցուցաբերեցինք, նրանք օգնություն ստացան նաև մեր ընտանիքներից, ապահովեցինք կացարաններով։

ԱՀԱԸ և «Դասավանդիր  Հայաստան»-ի հետ միասին  կազմակերպեցինք lap-top-ների նվիրատվության՝ ամեն մեկին․․․

Մեր երեխաները յուրահատուկ են, որովհետև՝ առաջին հերթին՝ ՀԱՅ են, և պետք է հպարտ լինեն դրանով, քանզի հայի միտքը բացառիկ է, հայը աշխատասեր է, հայը ստեղծող է…

Եվ այստեղ պետք է ընդգծեմ հետևյալը․ինչպիսին կրթության որա՛կն է, այնպիսին էլ երկրի ապագա՛ն է։

Կրթահամալիրի տնօրենի խոսքի մեջ նորից ու նորից կարմիր թելի նման անցնում է հետևյալը․ իրենց բոլոր ջանքերն ուղղված են Հայրենիքի համար օրինակելի, հայրենասեր, գրագետ և կիրթ քաղաքացիների ձևավորմանը․․․

«Դպրոց բացելը նման է ծառ տնկելուն. այն կարիք ունի հոգատարության,  որպեսզի ամեն տարի լավ պտուղ տա», ասում է Մելանյա Գեղամյանը։

Իր խոսքերով, կրրթօջախն իր ավելի քան քսանամյա գործունեության ընթաց­քում կարողացել է ձևավորել որոշակի մնայուն արժեքներ, որոնց հավատա­րիմ է մնալու իր հետագա ողջ գործու­նեության րնթացքում։

«Խորեն և Շուշանիկ Ավետիսյան դպրոց»-ում ապահովվում է ուսուցման բարձր արդյունավետություն՝  կրթական զործընթացներումժամանակակից տեղեկատվական ե կրթադաստիարակչական տեխնոլոգիաների լայն կիրառմամբ։

․․․Դպրոցի հաջողության գլխավոր գրավականներից է դասարաններում աշակերտների փոքրաթիվ լինելը՝ մինչև 18 երեխա՝ կրտսեր, և մինչև 20՝ ավագ դասարաններում, և այս ձևով կարողանում են ամեն մի երեխային առանձին-առանձին առավելագույն ուշադրություն դարձնել:

Մ․Գեղամյան․

-Մենք անցկացնում ենք ծնողավարման դասընթացներ՝ պիլոտային ծրագրի ձևաչափով: Համագործակցում ենք ծնողի հետ, և 21-րդ դարի ծնողին օգնում ենք ճիշտ հարաբերվել երեխայի հետ, հասկանալ նրա հույզերը, տրամաբանությունը, և, հետևաբա՛ր, ճիշտ կրթել, դառնալ երեխային ընկեր, առաջնորդ և պատասխանատու:

․․․Հարկ է ավելացնել նաև, որ դպրոցը հարմարեցված է հենաշարժողական խնդիրներ ունեցող երեխաների համար՝ վերելակներում, պետքարաններում և շարժասանդուղքների վրա, ինչպես նաև ներառական խնդիրներ ունեցող աշակերտների համար:

Քիմիայի լաբորատորիան, օրինակ, հագեցած է նորագույն սարքավորումներով,  ամեն մեկին ամրացված է ծորակ, որպեսզի աշակերտները կարողանան իրենք փորձեր կատարել:

Նույնը կարելի է ասել ֆիզիկայի և կենսաբանության լաբորատորիաների մասին։

Կրթօջախի լաբորատորիաները աշակերտներին հնարավորություն են ընձեռում առնչվելու գիտության խորածավալ աշխարհի հետ, իսկ ամենակարևորը՝ նրանց մեջ ձգտում են առաջացնում գիտության հանդեպ։

Դպրոցի գրադարանում գտա մի գիրք, որը տարիներ շարունակ չէի կարողանում գտնել լուրջ հաստատությունների գրադարաններում․․․

Եղանք նաև շախմատի խմբակում: Երեխաները պարապում են նաև Հայաստանի շախմատի ակադեմիայում (հիմնադիր նախագահ՝ գրոսմայստեր Սմբատ  Լպուտյանհեղ.), մասնակցում մրցումների և նույնիսկ՝  կարգեր ստանում:

…Մի փոքր զարմացա, երբ դասարանում նկատեցի ասիական դիմագծերով երեխայի, ով խոսում էր․․․ հայերեն (!), անունն էլ՝ Անդրա-նիկհայրը հայ է, մայրը՝ չինացի, տեղափոխվել են Հայաստան:

Հուզիչ անակնկալ էր տեսնել Հրանտ Դինքի անվան լսարանը…

․․․Տեսնելով այս ամենը, ակամայից վերհիշեցի Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության (ԱՀԱԸ) գործադիր տնօրեն Զավեն Խանջյանիհետ (ով, իդեպ, հիմա գտնվում է Հայաստանում, և բառացիորեն օրերս իր տիկնոջ՝ Սոնայի հետ ստացավ հայկական անձնագիր – շնորհավոր ! – հեղ․)հեռավար հարցազրույցս անցկացված մի քանի ամիս առաջ, որի ընթացքում պրն Խանջյանը քանիցս նշեց, թե ինչպիսի կարևորություն են տալիս իրենք կրթության զարգացմանը, մանավանդ՝ Հայաստանում և Արցախում։ 

․․․Ի՞նչ է այս տպավորիչ կրթահամալիրի ապագան։

Այս հարցին լավագույնս պատասխանում է ինքը՝ ԲԱՐԵՐԱՐԸ․․․

Եվ այսպես, Էդվարդ Ավետիսյան,2014թ․

 

«Այդ ի՛՞նչ է սպասում մեր դպրոցի աշակերտներին։

 Արղյո՞ք կրթու­թյունն ավարտվում է ավագ դպրոցի վկայականով։ Բարեբախտաբար՝ ո՛չ, քանզի դպրոցի յուրաքանչյուր շրջա­նավարտ իր ցանկությամբ կարող է ուսումն անվճար շարունակել Հայաս­տանի ամերիկյան համալսարանում, եթե հաջողությամբ հանձնի ընդունե­լության քննությունները։ Իսկ ես, որ­պես ՀԱՀ հոգաբարձուների խորհրդի անդամ, հաճույքով սպասում եմ այն օրվան, երբ անձամբ ՀԱՀ ավարտական դիպլոմ կհանձնեմ Ավետիսյան դպրոցի նախ­կին շրջանավարտներին։

Խորեն և Շուշանիկ Ավետիսյանների հիշատակը թող միշտ ապրի՛ բոլորիս սրտում»․․․

 

Գուրգեն Խաժակյան,

ՀՀ վաստակավոր լրագրող

 

 

 

 

 

 

 

 

ԱՐՄԵՆՊՐԵՍ գործակալությունը պատասխանատվություն չի կրում այս բաժնում և ժապավենում տեղ գտած մամուլի հաղորդագրությունների բովանդակության համար։ Բաժնի նյութերի բովանդակության համար պատասխանատվությունը կրում է բացառապես մամուլի հաղորդագրության հեղինակը։ ԱՐՄԵՆՊՐԵՍԸ չի կարող համարվել պատասխանատու այս բաժնում հրապարակված հաղորդագրությունների հեղինակների կողմից ներկայացված տեղեկատվության անճշտությունների / սխալների համար։
ԱՐՄԵՆՊՐԵՍՆ իրեն իրավունք է վերապահում չհրապարակել այն հաղորդագրությունները, որոնք պարունակում եմ այլոց նկատմամբ վիրավորական արտահայտություններ, կամ մեղադրանքներ, կամ մտքեր, որոնք խախտում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ սահմանված այլոց իրավունքները։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]