1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Թուրքիան սկսում է նյարդայնացնել Մոսկվային. հունիսին Անկարան կսկսի «փորել» Մոնտրոյի կոնվենցիայի տակ

Թուրքիան սկսում է նյարդայնացնել Մոսկվային. հունիսին Անկարան կսկսի «փորել» 
Մոնտրոյի կոնվենցիայի տակ

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արդեն հունիսի վերջին Թուրքիան կսկսի արհեստական ջրանցքի շինարարությունը, որը կանցնի Բոսֆորի նեղուցին զուգահեռ՝ Սեւ ծովից Մարմարա: Այս մասին շաբաթ օրը հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Փորձագետները կարծում են, որ նոր ջրանցքը լրացուցիչ ռիսկեր կարող է ստեղծել Ռուսաստանի համար:

«Ստամբուլ» ջրանցքի մասին Էրդողանն առաջին անգամ խոսել է 2011 թ.: Այն մասին, որ երկիրը պատրաստ է շինարարությանը, նա մեկ անգամ չէ, որ հայտարարել է: Այս անգամ մեծ է հավանականությունը, որ շինարարությունը կսկսվի մոտ ապագայում: Ավելի վաղ Թուրքիայի շրջակա միջավայրի եւ քաղաքաշինության նախարար Մուրատ Քուրումը հայտարարել է, որ Անկարան հաստատել է շինարարության ծրագիրը: Բացի այդ, Թուրքիան ավելի ու ավելի է փորձում տեղավորվել ստեղծվող նոր գլոբալ տրանսպորտամատակարարման շղթաներում՝ Հարավարեւելյան Ասիայից դեպի Եվրոպա եւ, որպես ներդրում, ցանկանում է թարմացված տրանսպորտային զարկերակ ունենալ: Սակայն այդ նախագիծը նաեւ շատ հակառակորդներ ունի: Իր պատկերացումները կարող է ունենալ նաեւ Ռուսաստանը, չնայած Մոսկվան արդեն տեւական ժամանակ հայտարարություններ չի կատարում՝ կապված «երկրորդ Բոսֆոր» նախագծի հետ:

45 կմ երկարությամբ նոր ջրանցքը պետք է դառնա պահեստային զարկերակ՝ աջակցելու 30 կմ երկարությամբ նեղուցին, որն անցնում է հենց Ստամբուլի մեջտեղով: Գոյություն ունեցող նեղուցի տարողունակությունը կազմում է օրական 120 նավ, իսկ անցման համար սպասման միջին ժամանակը 14,5 ժամ է: Խիտ գրաֆիկը բարդանում է քաղաքում զբոսաշրջային եւ այլ փոքր նավակների տեղաշարժի պատճառով, հաճախ վթարներ են արձանագրվում: Ըստ պլանի՝ ամենամեծ նավերը, հատկապես՝ վտանգավոր բեռներ ունեցողները, պետք է անցնեն «Ստամբուլով», որտեղով օրական կարող է անցնել ավելի քան 180 նավ:

Անցումը նոր ջրանցքով բավական թանկ կարժենա: Հիմա նավերը Բոսֆորով անցնելու համար վճարում են մոտ 1000 դոլար: Եթե դրանով տարեկան մոտ 50000 նավ անցնի, թուրքական իշխանությունների եկամուտը կկազմի մոտ 50 մլն դոլար: Սակայն նոր ջրանցքով անցման համար, ինչպես հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի նախարարը, իշխանությունները հույս ունեն տարեկան վաստակել մոտ 1 մլրդ դոլար: Իսկ շինարարության արժեքն այս պահին գնահատվում է մոտ 10 մլրդ դոլար:

Բնապահպանները պնդում են, որ «Ստամբուլի» շինարարությունը կհանգեցնի խմելու ջրի որակյալ ակունքների կորստին, բացի այդ, նրանք վախենում են, որ Մարմարա ծովի աղայնության մակարդակն զգալիորեն կփոխվի: Իսկ քաղաքագետներն ու զինվորականները զգուշացնում են, որ նոր ջրանցքը կարող է ապակայունացնել Թուրքիայի աշխարհաքաղաքական դրությունը: Ծրագրին, մասնավորապես, դիմակայում է Ստամբուլի քաղաքապետ Էրքեմ Իմամօղլուն, որին համարում են Էրդողանի հավանական մրցակից 2023 թ. նախագահական ընտրություններում:

2019 թ. դեկտեմբերին Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ ջրանցքի միջոցով ծովային հաղորդակցությունը չի հայտնվի Մոնտրոյի կոնվենցիայի գործողության շրջանակներում: Այդ կոնվենցիան, որն ընդունվել է 1936 թ., պահպանել է Բոսֆորով  եւ Դարդանելով (Միջերկրականից Սեւ ծով) ազատ անցումը միայն առեւտրային նավերի համար, բայց ոչ սեւծովյան երկրների ռազմական նավերի համար մտցվել են սահմանափակումներ՝ կապված չափերի ու այդ գոտում մնալու տեւողության հետ: Եթե Թուրքիան «Ստամբուլը» Մոնտրոյից ազատ հայտարարի, Ռուսաստանի ռազմական հետաքրքրությունները կարող է ապահովել Դարդանելը, եթե, իհարկե, Թուրքիայի խելքին չփչի այնտեղ նույնպես նոր ջրանցք փորել:

Ապրիլի սկզբին Թուրքիայի ռազմածովային ավելի քան հարյուր պաշտոնաթող սպաներ հայտարարություն տարածեցին՝ մտահոգություն հայտնելով, որ ջրանցքի կառուցման շրջանակներում Մոնտրոյի կոնվենցիան, որը երկար տարիներ երկրի կայունության հիմք է ծառայել, բաց է քննարկման համար: Մայիսի վերջին 84 ծովակալներ կանչվեցին Անկարայի գլխավոր դատախազություն՝ քրեական գործով ցուցմունք տալու համար: «Սեւ եւ Մարմարա ծովերի միջեւ, ի դեմս «Ստամբուլ» ջրանցքի, լրացուցիչ ջրանցքի առկայությունը կամ բացակայությունը չի փոխի Մոնտրոյի կոնվենցիայի միջազգային իրավական ռեժիմը»,- 2019 թ. վերջին հայտարարել է Թուրքիայում ՌԴ դեսպան Ալեքսեյ Երխովը: Այդ ժամանակից ի վեր Ռուսաստանի Դաշնությունից պաշտոնական հայտարարություններ չեն եղել շինարարության վերաբերյալ, Կրեմլի ներկայացուցիչներն արտահայտվել են այն իմաստով, որ անհրաժեշտ է սպասել, մինչեւ Թուրքիայի ծրագրերն ավելի որոշակի կդառնան:

Անցած շաբաթ Էրդողանը հայտարարել է, որ հսկայական այդ նախագիծը հակառակորդներ կունենա: Միեւնույն ժամանակ, նա պնդում է, որ ջրանցքի շինարարությունը կբարձրացնի Թուրքիայի նշանակությունը: Նա ավելացրել է, որ ջրանցքի աջ ու ձախ ափերին կկառուցվի երկու քաղաք: «Դուք ջրանցքի վրա 6 կամուրջ կտեսնեք: Արհեստական նոր ջրանցքի ափերին կկառուցվի երկու քաղաք,  եւ դրանք կզարդարեն Ստամբուլի տեսքը»,- ընդգծել է Էրդողանը:

Այս շինարարությունն ունի երեք ասպեկտ՝ քաղաքական, ռազմական եւ տնտեսական: Այս մասին «Նեզավիսիմայա գազետային» ասել է ՌԴ գիտությունների ազգային ակադեմիայի արեւելագիտության ինստիտուտի Մերձավոր եւ Միջին Արեւելքի ուսումնասիրության կենտրոնի գիտական աշխատակից Ամուր Հաջիեւը: «ՆԱՏՕ-ի երկրները, առաջին հերթին՝ Միացյալ Նահանգները եւ Մեծ Բրիտանիան, անկասկած, շահագրգռված են դեպի Սեւ ծով ռազմանավերի այլընտրանքային անցուղու ստեղծման մեջ, անցուղի, որը չի կարգավորվում Մոնտրոյի կոնվենցիայով,  եւ դա նյարդայնացնում է ՌԴ-ին: Թուրքիայի համար համապատասխանաբար նոր ջրանցքը լրացուցիչ հաղթաթուղթ է Ռուսաստանի հետ բանակցություններում: Ինչ վերաբերում է տնտեսությանը, ապա Ռուսաստանը «թուրքական» նեղուցում ապրանքների հիմնական փոխադրողներից մեկն է, եւ նա հետաքրքրված չէ իրավիճակի այնպիսի զարգացմամբ, երբ Բոսֆորով տանկերների անցումը կսահմանափակեն, որպեսզի գործարկեն նոր ջրանցքը: Դատելով մի շարք թուրքական վերլուծություններից՝ բազմամիլիոնանոց մայրաքաղաքի կենտրոնով մեր նավթատար տանկերների ու այլ բեռներով նավերի անցումն ապագայում կարող են օգտագործել որպես առիթ՝ հայտարարելու անվտանգային սպառնալիքի մասին: Դժվար չի լինի առիթ գտնել: Այսպիսով՝ հնարավոր կլինի «ներգրավել նոր հաճախորդների», քանզի բիզնեսը սահմանափակումների պայմաններում ստիպված կլինի օգտվել տրանսպորտային նոր զարկերակից»,- նշել է փորձագետը:

Հաջիեւի կարծիքով՝ այս անգամ մեծ է հավանականությունը, որ Թուրքիայի ղեկավարության բառերը կվերածվեն գործի, եւ շինարարությունը կսկսվի հնչեցված ժամկետներում:

«Սուեզի ջրանցքի արգելափակման հետ կապված վերջին իրավիճակը ցույց տվեց, որ Ռուսաստանի տարածքը շատ ակտիվորեն ներգրավված էր Հարավարեւելյան Ասիայից Եվրոպա, այդ թվում՝ Թուրքիայի տարածքով բեռների առաքման այլընտրանքային ուղիների մեջ: Երկու երթուղի ձգվում է դեպի Սեւ ծով. առաջինով Հեռավոր Արեւելքի միջոցով բեռները հասնում են Նովոռոսիյսկ նավահանգիստ, երկրորդով Կենտրոնական Ասիայի հանրապետությունների, մերձկասպյան տարածաշրջանի, Վոլգա-Դոնի ջրանցքի միջոցով՝ կրկին Սեւ ծով: Թուրքիան հասկանում է, որ առանց ՌԴ ներքին տրանսպորտային զարկերակների օգտագործման իր համար դժվար կլինի իրականացնել սեփական ամբիցիաները՝ որպես մատակարարման համաշխարհային շղթայում տարածաշրջանային տարանցիկ երկրներից մեկը: Այդ պատճառով Անկարան առաջարկում է նոր ջրանցքը դիտարկել ոչ թե որպես երթեւեկությունը սահմանափակելու, այլեւ, ընդհակառակը, այն հետագայում ավելացնելու միջոց»,- ասել է փորձագետը:

«Ռուսաստանի Դաշնությունը եւ Թուրքիան, որքան գիտեմ, այժմ ակտիվ բանակցություններ են վարում տրանսպորտային եւ մատակարարման ապահովման շղթաների, մասնավորապես՝ Թուրքիայից Հայաստանի միջոցով դեպի Ադրբեջան եւ այնուհետեւ դեպի Ռուսաստան երթուղիների վերականգնման շուրջ: Իրենց հերթին՝ միջազգային տրանսպորտային ընկերությունները շարունակում են փորձարկել ՌԴ տարածքով փոխադրման ուղղությունները: Իսկ թե այս բոլորն ինչպես կօգտագործվեն հետագայում, դեռ պարզ չէ, ուստի Ռուսաստանն ընդմիջում է վերցրել «Ստամբուլ» ջրանցքի շինարարության թեմայի հարցում: Եվ նույնիսկ եթե Թուրքիան սկսի հիմքի փոսը փորել, Ռուսաստանի համար ուշ չի լինի հայտարարությունն անել»,- եզրափակել է Հաջիեւը:

 

Պատրաստեց Իշխան ՔԻՇՄԻՐՅԱՆԸ


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]