Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   29 Հունիս 2022

Կառավարությունը կմշակի պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը 60 %-ից նվազեցնող միջոցառումների ծրագիր

Կառավարությունը կմշակի պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը 60 %-ից նվազեցնող 
միջոցառումների ծրագիր

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարության պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը 2020-ին հատել է հարկաբյուջետային կանոններով սահմանված 60 տոկոս սահմանային շեմը,  կառավարությունը հանձնառու է մշակել և հրապարակել առաջիկա 5 տարիներին պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը 60 տոկոսից նվազեցնելու միջոցառումների ծրագիր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2020 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումներում:

Գրիգորյանը հիշեցրեց, որ 2020-ին համավարակը և Արցախյան պատերազմը նոր մարտահրավերներ ու խնդիրներ էին առաջացրել կառավարության ծրագրով հայտարարված նպատակերը նախանշված ծավալով և ժամկետում իրագործելու համար: 2020-ը դիտարկվել է որպես բացառիկ, ինչը թույլ է տվել բյուջետային փոփոխություններով ճկուն արձագանքել ցնցումներին: Համավարակով և Արցախյան պատերազմով պայմանավորված՝ պետական բյուջեում ավելացել են նաև առողջապահական և ռազմական ծախսերը:

«Արդյունքում հաշվետու տարվա ընթացքում հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականությունների ինստիտուցիոնալ մոտեցումների կիրառմամբ, հավասարակշռված վերանայումների և արդյունավետ կոորդինացման շնորհիվ, ինչպես նաև հարկ վճարողների և պետական պարտքի ներքին շուկայում  ներդրողների դրական վարքագիծը և արտաքին աշխարհի օժանդակությունը թույլ են տվել Հայաստանում ապահովել կայուն մակրոմիջավայր: Մակրոտնտեսական կայունության ապահովման, ինչպես նաև տնտեսական անկման պայմաններում պահանջված հակաճգնաժամային միջոցառումների ֆինանսավորման աղբյուր հանդիսացավ նաև պետական պարտքի կանխատեսվածից ավել ներգրավումը: Այս զարգացումների արդյունքում կառավարության պարտքի բեռը ՀՆԱ-ի նկատմամբ գրանցել է զարգացող երկրների պարտքի բեռին համադրել աճ և հատել հարկաբյուջետային կանոններով սահմանված 60 տոկոս սահմանային շեմը, որի պայմաններում կառավարությունը հանձնառու է մշակել և հրապարակել առաջիկ 5 տարիներին պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը 60 տոկոսից նվազեցնելու միջոցառումների ծրագիր»,-ասաց Գրիգորյանը:

Նրա խոսքով` 2020-ի ամբողջ ընթացքը բացահայտել է, որ, չնայած համաշխարհային և տարածաշրջանային խորքային ցնցումներին երկրում ձևավորված պետական ինստիտուտների կայացած լինելուն, բոլոր թերություններով հանդերձ, հնարավորություն է ընձեռել իրականացնել շրջահայաց մակրոտնտեսական քաղաքականություն և համարժեք հակաճգնաժամային միջոցառումներ՝ պահպանելով դրամավարկային և հարկաբյուջետային կայուն միջավայր:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]