1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

«Նոր գիրք»-17/21. Չորս նոր ուշագրավ գիրք

«Նոր գիրք»-17/21. Չորս նոր ուշագրավ գիրք

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը ներկայացնում է իր հեղինակային «Նոր գիրք» նախագիծը: Այն ամեն երկուշաբթի ընթերցողի դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գրքերը: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ նոր գրքերի մասին, ծանոթանալ դասական գործերին և արդի գրականության զարգացման միտումներին: Այս շաբաթ «Արմենպրես»-ն առանձնացրել է 2021 թվականին հրատարակված և հանրության դատին հանձնված տարբեր հրատարակչությունների չորս ուշագրավ գրքեր՝ տարբեր խորագրերի ներքո:


Հայ հեղինակ 
Վահե Ղուկասյան, «Գրողի տարածը» 

Գիրքն ընդգրկում է համանուն վիպակն ու երկու պատմվածք: Թեպետ Վահե Ղուկասյանը գրական աշխարհում ծանոթ անուն է, հատկանշական է հատկապես նրա խմբագրած ֆանտաստիկ գրականության նվիրված «Այլ քաղաք» պարբերականը, այնուամենայնիվ «Գրողի տարածը» նրա առաջին գիրքն է: Մերձգրական աշխարհում Վահեին ճանաչում են նաև որպես մոլի ընթերցող: «Վահեին որպես խելահեղ ընթերցող եմ հիշում. մարդ, որ կարդում էր աշխարհը: Իսկ հիմա նրա գրականության պահն է` բացարձակ ընթերցողից դեպի բացարձակ գրող»,- գրքի լույսընծայման կապակցությամբ գրել է Արամ Պաչյանը: Խմբագրումն ու առաջաբանը` Աշոտ Գաբրիելյանի: Գիրքը լույս է ընծայել «Դարակ»-ը:



Թարգմանական գրականություն 
Բրամ Սթոքեր, «Դրակուլա»

Իռլանդացի գրող Բրամ (Աբրահամ) Սթոքերի (1847-1912) «Դրակուլա» վեպին վիճակված էր դառնալու համաշխարհային գրականության ամենահռչակավոր գործերից մեկը: Վամպիրիզմի դիվային մոլեգնությամբ բռնված կոմս Դրակուլայի ահազդու ոդիսականը, որտեղ յուրովի են միահյուսվել սեքսի, արյան ու մահվան մոտիվները, տարատեսակ մեկնությունների և վերլուծությունների տեղիք է տվել, անհամար գրական ստեղծագործություններ, ֆիլմեր ու ներկայացումներ ծնել: Առաջին անգամ 1897-ին Լոնդոնում լույս տեսած այս բացառիկ գիրքը մինչև օրս էլ մնում է «վամպիրային առասպելի» գլխավոր աղբյուրը: Թարգմանությունն անգլերենից՝ Արևիկ Ղարիբյանի, համաթարգմանիչ և խմբագիր՝ Զավեն Բոյաջյան: Գիրքը լույս է ընծայել «Անտարես»-ը:



Մանկական գրականություն 
Արմեն Գրիգորյան, «Արիջա»

«Արիջա»-ն հեքիաթային, արկածային պատմություն է դպրոցահասակ երեխաների համար։ Այն պատմություն է սիրո, ընկերության ու պայքարի մասին։

Լասմանը՝ գլխավոր հերոսը, գնում է հեռավոր ճամփորդության, որտեղ պետք է կախարդական բաղադրատոմս գտնի: Նա անցնում է տարբեր փորձությունների միջով: Հեքիաթում կան կախարդներ, ջիներ, հրաշքներ և հետաքրքրաշարժ պատմություններ: Գրքի խմբագիրը Ամալյա Սողոմոնյանն է, իսկ նկարազարդումների հեղինակը՝ Մերի Սարմազյանը (հեղ.հրատ.): 

Փաստավավերագրական գրականություն 
Գարեգին Նժդեհ, «Չխրատվող ժողովուրդը» 

Խորհրդածությունների և հոդվածների այս գրքում Նժդեհը դիմում է հայ երիտասարդությանը՝ մղելով ինքնաճանաչողության: Նա անդրադառնում է մեր բնավորությանը, պատմական առաքելությանը, տարածաշրջանում մեր հնարավորություններին: Խոսելով ապագայի պատերազմներից՝ Նժդեհը խրախուսում է Հայաստանում ռազմարդյունաբերության հիմնումը: Նա գերակա է համարում մեր ժողովրդի հավաքական պայքարը, որովհետև այդպես «ավելի ուժեղ ենք, քան ժամանակավոր դժբախտությունը»:

Հեղինակն ընդգծում է հոգևոր հայրենիքի փայփայման կարևորությունը՝ որպես կորսված նյութական հայրենիքի վերադարձի միակ նախապայման: Նա վերլուծում է Սյունիքում մեր հաղթության մանրամասները, այլ պատերազմներում պարտությունների պատճառները: Փոխադրել, խմբագրել և ծանոթագրել են Արմեն Սարգսյանը և Քնարիկ Քյուրքչյանը: Գիրքը լույս է ընծայել «Վերնատուն»-ը: 


«Նոր գիրք»-ը ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]