Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   1 Հուլիս 2022

Զբոսաշրջիկները վերադառնում են. տուրիստական ընկերությունները ՀՀ-ում այդ ոլորտում առաջընթաց են նկատում

Զբոսաշրջիկները վերադառնում են. տուրիստական ընկերությունները ՀՀ-ում այդ 
ոլորտում առաջընթաց են նկատում

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Զբոսաշրջային ընկերությունները Արցախում տեղի ունեցած 44-օրյա պատերազմից հետո, ինչպես նաև դեռևս չնահանջող կորոնավիրուսային հիվանդության պայմաններում ՀՀ-ում այդ ոլորտում առաջընթաց են նկատում:

«Սմարթ թրավել Արմենիա» տուրիստական ընկերության ներկայացուցիչ Լուսինե Բարսեղյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ ոլորտը կամաց-կամաց ակտիվանում է:

«Այս ամենից հետո մենք փորձում ենք նորովի ներկայացնել Հայաստանը ու տարբեր, հետաքրքիր տուրերով գրավել նրանց ուշադրությունը դեպի մեր երկիր: Երկու մեծ խումբ ունենք, որոնք ամրագրումներ են արել արդեն: Նրանք ուղղություններն ընտրել են ամբողջ Հայաստանի տարածքով, հատկապես ոգևորված են Գորիս-Տաթև վանական համալիր-Խնձորեսկ ուղղությամբ: Խմբերը Ռուսաստանի Դաշնությունից են ժամանելու»,- նշեց Լուսինեն և հայտնեց, որ ներքին տուրիզմով հետաքրքրվողներն ավելի շատ նախընտրում են պասիվ հանգիստ:

«Սուզորդական ակումբ» ՀԿ-ի նախագահ Տիգրան Ազիզբեկյանը նշեց, որ մինչև պատերազմը Հայաստանում բավականին աճում էր դայվինգը, քանի որ այն բավականին հարմար վայր է այդ ուղղությունը զարգացնելու համար:

«Սևանա լիճը հետաքրքիր է, քանի որ բարձրագոտի սուզում է լինում՝ 2000 մետր, ցանկացած սուզորդի համար դա շատ հետարքիր է: Ափին շատ մոտ, հասանելի խորություններ կան սկսնակների համար, մասնագիտացված սուզումների համար նույնպես հարմարավետ է»,- նշեց Ազիզբեկյանը և հավելեց, որ Սևանում ալիքների ոչ այդքան մեծ լինելն ու լավ տեսանելիությունը նույնպես նպաստում են հետաքրքիր ժամանց ունենալուն:

Նրա խոսքով՝ արդեն տարբեր զբոսաշրջիկներ հետաքրքրվում են Հայաստանում դայվինգով և ամրագրումներ են անում: Նրանցից մեկը օրերս է Ռուսաստանի Դաշնությունից ժամանելու Հայաստան և արդեն իր ամրագրումն արել է: 

Գորիսի Եղեգնուտ հյուրանոցի ներկայացուցիչ Անուշ Մալինցյանը հայտնեց, որ չնայած կորոնավիրուսային հիվանդությանը, Արցախյան 44-օրյա պատերազմին ու Սյունիքի մարզում ստեղծված փոքր-ինչ լարված իրադրությանը, զբոսաշրջիկներն այնուամենայնիվ գնում են այնտեղ ու իրենց հանգիստը կազմակերպում: 

«Այս պահին մեզ մոտ հանգստացող զբոսաշրջիկներ կան, ինչպես նաև ամրագրումներ էլ ունենք առաջիկայում: Այդ ամենը մեզ շատ է ուրախացնում: Զբոսաշրջիկները մեզ մոտ գալիս են Ռուսաստանից, Ուկրաինայից, մի քանի օր առաջ Ֆրանսիայից էլ են ժամանել»,- ասաց Անուշը:

Լիլիթ Դեմուրյան 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]