1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ադրբեջանի զինծառայողները գողացել են Վերին Շորժայի արոտավայրի հովվի կովը և հորթը. ՄԻՊ

Ադրբեջանի զինծառայողները գողացել են Վերին Շորժայի արոտավայրի հովվի կովը և 
հորթը. ՄԻՊ

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանական 9 զինծառայող հունիսի 16-ին առավոտյան ժամը 05:30-ի սահմաններում գողացել են Վերին Շորժայի արոտավայրի հովվի կովը և նոր ծնված հորթը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

«Մասնավորապես, այսօր ստացած ահազանգերի հիման վրա Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը պարզել է, որ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի բնակիչ՝ Վերին Շորժա գյուղի արոտավայրի սարատեղիի հովիվը այսօր առավոտյան ժամը 05:30-ի սահմաններում արթնացել է ադրբեջանական կրակոցից:

Արթնանալուն պես պարզել է, որ ադրբեջանական զինծառայողները կրակում են իր խոշոր եղջերավոր կենդանիների ուղղությամբ, որոնք այդ պահին գտնվել են բաց տարածքում` իր բնակության վայրի անմիջական հարևանությամբ:

Արագ գնացել է դեպի կենդանիները և պարզել է, որ 1 կովը և նոր ծնված հորթը չկան: Քիչ անց նկատել է, որ ադրբեջանական թվով 9 զինված ծառայող կովը և հորթը քշում են դեպի իրենց դիրքեր։ Մյուս հովիվների հետ միասին փորձել են ետ բերել կենդանիներին, որոնք այդ պահին սկսել են վազել դեպի հովիվների կողմը:

Սակայն ադրբեջանական զինծառայողները սկսել են կրակել կենդանիների ուղղությամբ և վնասելով կովի ոտքը` թույլ չեն տվել, որ հասնեն հովիվներին: Կրակոցներ են արձակվել նաև հովիվների ուղղությամբ:

Այնուհետև, հովիվները դիտարկել են, թե ինչպես են արդեն գողությունից 4 ժամ անց` ժամը 09:30-ի սահմաններում ադրբեջանական զինծառայողներն իրենց դիրքերում մորթում կովը»,- նշում է ՄԻՊ-ը:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հատուկ արձանագրում է, որ այս գողությունը տեղի է ունեցել ՀՀ ինքնիշխան տարածքում, և ադրբեջանական զինծառակողներն իջել են այն դիրքերից, որոնք ապօրինի տեղակայված են ՀՀ ինքիշխան տարածքում: Դեպքի նշված բոլոր հանգամանքները Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին հաստատել են մյուս բոլոր հովիվները, դրանք ստուգվել են:

«Այս արոտավայրերում սեզոնային՝ գարնան, ամռան և աշնան ամիսներին բնակվում են մի քանի տասնյակ քաղաքացիական բնակիչներ և արոտավայրում արածեցնում իրենց մանր ու խոշոր եղջերավոր կենդանիները (այս վայրերն ընդունված է անվանել սարատեղիներ): Այստեղ մարդիկ բնակվում են նաև ընտանիքներով, իսկ արոտավայրերում կենդանիներ արածեցնելու նրանց իրավունքը հաստատված է օրինական փաստաթղթերով` համայնքի հետ կնքված պայմանագրերով:

Այսինքն` ադրբեջանական զինծառայողները կատարում են բացահայտ հանցավոր արարքներ` ՀՀ քաղաքացիական բնակիչներին կյանքի և այլ կենսական իրավունքներից, անասնապահությամբ զբաղվելու և ընտանիքի եկամուտը վաստակելու հնարավորությունից զրկելու դիտավորությամբ: Ընդ որում, նրանք այդպես էլ չեն վերադարձրել ՀՀ քաղաքացիներից վերջերս գողացած կենդանիները (Գեղարքունիքի մարզի Կութ, Վերին Շորժա, Սյունիքի մարզի Արավուս, Խնածախ գյուղեր և այլն):

Հանցագործության այս դեպքը ևս մեկ անգամ հաստատում է, որ ՀՀ բնակչության իրավունքների պաշտպանությունը ադրբեջանական զինված ուժերի հանցավոր արարքներից բացարձակ հրատապությամբ պահանջում է անվտանգության գոտու առկայություն»,- ասված է հայտարարության մեջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]