1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

«Երևանյան բեսթսելեր». «Հետնատունը»՝ առաջին հորիզոնականում. թարգմանական, մայիս, 2021

«Երևանյան բեսթսելեր». «Հետնատունը»՝ առաջին հորիզոնականում. թարգմանական, 
մայիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է թարգմանական գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը: Տասնյակը ներկայացվում է մայիսի վաճառքների հիման վրա:

Աննը Ֆրանկի «Հետնատունը» առաջին հորիզոնականում է: Այս գիրքը Աննը Ֆրանկի կյանքն է 1942 թ. հունիսի 12-ից մինչև 1944 թ. օգոստոսի 1-ը: Օրագրի միջոցով մենք նորովի ենք ընկալում հոլոքոսթը «Հետնատան» պատերից ներս ապրող մարդու աչքերով: Աննըն զտարյուն հրեա էր: 13 տարեկանում գիտեր ֆրանսերեն, անգլերեն, գերմաներեն, հոլանդերեն: Երազում էր գրող դառնալ: Բնագրով կարդում էր համաշխարհային գրականությունը: Թե ինչ եղավ նրա հետ, կիմանաք, երբ ավարտին ընթերցեք Աննըի հոր՝ Օտտո Ֆրանկի օրագիրը: Թարգմանությունը` Աննա Մարիա Մատտաարի:

Էլենա Ֆերանտեի «Իմ հանճարեղ ընկերուհին» երկրորդ տեղում է: Գլխավոր հերոսներն են տաքարյուն Լիլան և գրքի հեղինակ Էլենան։ Նրանք դառնում են կին, մայր, առաջնորդ և այդ ամբողջ ընթացքում պահպանում են իրենց բարդ, երբեմն նաև հակասական ընկերությունը: Վեպը հյուսում է Լիլայի և Էլենայի պատմությունը՝ սկսած 10 տարեկանում նրանց բախտորոշ հանդիպումից մինչև դպրոց և պատանեկություն: «Իմ հանճարեղ ընկերուհին» վեպն ընկերության էությունը քննող հուզիչ խորհրդածում է, նաև պատմություն մի ամբողջ ազգի մասին: Այս երկու կանանց կյանքի պատմության միջոցով Ֆերանտեն պատմում է թաղամասի, քաղաքի և երկրի մասին, որոնք, ժամանակի ընթացքում վերափոխվելով, փոխում են նաև երկու գլխավոր հերոսուհիների փոխհարաբերությունները: Թարգմանիչ` Ջեննի Ֆիլյան:

Երրորդ հորիզոնականում է Նարինե Աբգարյանի «Զուլալի» գիրքը: Այս գիրքը ժամանակի ընթացքը չնկատող, ճախրելուց չվախեցող և անգամ ողբերգականի մեջ զվարճալին գտնող մարդկանց դառն ու ուրախ աշխարհի մասին է: Տարեցների ու երեխաների, չափահասների ու հավատը կորցրած, բայց չհուսահատված մարդկանց աշխարհի՝ մեկընդմիշտ մխրճված այն չափման մեջ, որտեղ երազանքները երբևէ անպայման իրականություն են դառնում: Թարգմանիչ՝ Նարինե Գիժլարյան:

Չորրորդ հորիզոնականում Ռեյ Բրեդբըրիի «Ֆարենհայթ 451»-ն է: Հրկիզող Գայ Մոնթագի տան հեռուստապատերով պարփակված իրականության գրկում ապրում է Միլդրեդը՝ նրա կինը: Ամերիկյան զվարճանքի հասարակությունը վաղուց այլևս չի հանդուրժում գրքեր՝ համարելով դրանք դժբախտության աղբյուր, իսկ գրքերի թաքստարանների տեղերը մատնում է հրկիզողներին: Շուտով, սակայն, գրքեր կգտնվեն նաև Մոնթագի տանը: Ֆիզիկական փախուստը նաև մտածելու սովորույթին վերադառնալու ճանապարհն է: Բնագրից թարգմանությունը՝ Լուսինե Հարոյանի:

Շառլ Ազնավուրի «Հայրս՝ այդ հսկան» հինգերորդ հորիզոնականում է: Ազնավուրը ներկայանում է հումորի եւ երեւակայության 16 զարդով, որոնք լեցուն են անակնկալներով, դրամայով ու երջանիկ լինելու փիլիսոփայությամբ։ 16 նովել եւ պատմվածք, որոնք տարիների ընթացքում գրել է մեծ շանսոնյեն եւ այժմ ներկայացնում է մեկ ժողովածուով։ Թարգմանիչ՝ Սամվել Գասպարյան:

Վեցերորդ հորիզոնականում Հերման Հեսսեի «Սիդհարթա» այլաբանական վեպն է, որն առաջին անգամ հրատարակվել է 1922 թվականին։ Այն պատմում է Գաութամա Բուդդայի ժամանակակից բրահման Սիդհարթայի հոգևոր ինքնաճանաչման ճանապարհի մասին։  Հեսսեի 9-րդ վեպն է, որը նա գրել է քնարական ոճով։ Գիրքն Ամերիկայում տպագրվել է 1951 թվականին և մեծ տարածում գտել 1960-ականներին։ Հեսսեն վեպը նվիրել է ֆրանսիացի դրամատուրգ, վիպագիր Ռոմեն Ռոլանին: Թարգմանիչն է Աշոտ Ալեքսանյանը:

Յոթերորդ տեղում է Ալեքս Մայքլիդիսի «Լռակյաց հիվանդը»: Ալիսիա Բերենսոնի կյանքը, թվում է, կատարյալ է: Հայտնի նկարչուհին ամուսնացած է նորաձևության ոլորտում հանրահայտ լուսանկարչի հետ, ապրում է Լոնդոնի հեղինակավոր թաղամասում: Մի օր, ուշ երեկոյան, ամուսինը՝ Գաբրիելը, վերադառնում է նկարահանումից, և Ալիսիան 5 անգամ կրակում է նրա դեմքին, ինչից հետո այլևս ոչ մի բառ չի արտասանում: Ալիսիան հրաժարվում է խոսել կամ որևէ կերպ բացատրել եղելությունը, ինչի պատճառով ընտանեկան ողբերգությունը վերածվում է մեծ առեղծվածի, որը բորբոքում է հանրության երևակայությունը։ Ալիսիան անմիջապես հայտնի է դառնում, իսկ նա՝ լռակյաց հիվանդը, գովազդային վահանակներից ու հանրության ուշադրությունից թաքնվում է հոգեբուժարանում: Թեո Ֆաբերը քրեական հոգեթերապևտ է. նա երկար է սպասել Ալիսիայի հետ աշխատելու հնարավորությանը: Որոշել է ստիպել, որ Ալիսիան խոսի և բացահայտի, թե ինչու է սպանել ամուսնուն: Թարգմանիչ` Աստղիկ Աթաբեկյան:

Ագաթա Քրիստիի «Անվերջանալի գիշեր» գիրքն ութերորդ հորիզոնականում է: Այս վեպն առաջին անգամ լույս է տեսել 1967 թվականին։ Վերնագրի ընտրության հարցում հեղինակին ոգեշնչել են անգլիացի բանաստեղծ Ուիլյամ Բլեյքի «Անմեղության երգեր» բանաստեղծության տողերը։ Քրիստին մի առիթով խոստովանել է, որ «Անվերջանալի գիշերն» իր ամենասիրելի ստեղծագործությունն է, և թեպետ իր վեպերը սովորաբար գրում է երեք-չորս ամսում, այս մեկն ավարտին է հասցրել վեց շաբաթվա ընթացքում։ Թարգմանությունը` Արփինե Վարդանյանի:

Իններորդ հորիզոնականում է թուրք ժամանակակից գրող Էլիֆ Շաֆաքի «Ստամբուլի բիճը» ստեղծագործությունը: «Ստամբուլի բիճը» վեպում հեղինակը վեր է հանում թուրք հասարակության բազմաթիվ ներքին խնդիրներ, որոնց թվում կարևորագույն տեղ է զբաղեցնում Հայոց մեծ եղեռնը` որպես թուրքի հոգեբանության չհաղթահարվող բարդույթ: Ինչպես բնորոշ է Թուրքիային, գրքի հրապարակումից հետո երկրում դատավարություն է սկսվում հեղինակի դեմ` հայտնի 301 հոդվածի համաձայն` թրքությունը վիրավորելու համար: Ողջ դատավարության ընթացքում Թուրքիայում վեպն արգելված է եղել, իսկ երբ հեղինակը շահել է դատը, դրանից հետո միայն այն վաճառքի հնարավորություն է ստացել: Թարգմանիչ՝ Արփի Աթաբեկյան:

Տասներորդ հորիզոնականում է Մարկ Արենի «Սուրբծննդյան հրեշտակը» վիպակը: Ամեն տարի Սուրբ Ծնունդին հրեշտակները երկնքից իջնում են երկիր՝ մարդկանց երազանքներն իրականացնելու: Բայց օգնել կարողանում են միայն նրանց, ում տեսնում են: Հրեշտակն օգնության է հասնում Քրիստինեին, նրանք սիրահարվում են իրար: Հրեշտակը կանգնում է երկընտրանքի առաջ. կա՛մ թողնել իր մեծ սերը և վերադառնալ երկինք, կա՛մ մնալ երկրի վրա և դառնալ սովորական մահկանացու... Թարգմանիչ՝ Հովհաննես Այվազյան:

«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը

Աստղանիշով նշված գրքերը ցանկ վերադարձածներն են:

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (011-53-74-13), «Դարան- Հայ գիրք» (56-80-38), «Զանգակ» (011-22-33-66), գրախանութների և գրատների ցանցերը:

Տեղ Փոփ. Գիրք Հրատ. Քանակ
1 *

Աննը Ֆրանկ

«Հետնատունը»

Վերնատուն 103
2 +2

Էլենա Ֆերանտե

«Իմ հանճարեղ ընկերուհին»

Newmag 58
3 *

Նարինե Աբգարյան

«Զուլալի»

Վերնատուն 38
4 *

Ռեյ Բրեդբըրի

«Ֆարենհայթ 451»

Զանգակ 37
5 նոր

Շառլ Ազնավուր

«Հայրս՝ այդ հսկան»

Newmag  31
6 *

Հերման Հեսսե

«Սիդհարթա»

Քյուրքչյան 26
7 -5

Ալեքս Մայքլիդիս

«Լռակյաց հիվանդը»

Newmag 22
8 նոր

Ագաթա Քրիստի

«Անվերջանալի գիշեր»

Էդիթ Պրինտ 22
9 *

Էլիֆ Շաֆաք

«Ստամբուլի բիճը»

Անտարես 21
10 *

Մարկ Արեն

«Սուրբծննդյան հրեշտակը»

Բուկինիստ 21

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]